«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:
-Սրբազա՛ն, Հայ առաքելական եկեղեցու խաչքավորները սովորաբար ի՞նչ սկզբունքով են ընտրվում:
-Եկեղեցում խաչքավորները Հովհաննես Մկրտչի դերում են հանդես գալիս: Որպես ոսկե կանոն եւ սկզբունք գոյություն չունի: Մարդը, որը եկեղեցուն գնահատել գիտի, եկեղեցու գիտակցությունն ունի այդ առաքելության մեջ, թե իր տեղն ու դերը որն է, հենց նրանց միջից էլ կարող են ընտրվել խաչքավորները:
-Տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաներ են եղել խաչքավոր, ինչո՞ւ եկեղեցում որեւէ ընդդիմադիր գործիչ երբեք խաչքավոր չի դառնում:
-Որ նայեք տարբեր եկեղեցիներում, կգտնեք ամեն սոցիալական խավի ներկայացուցչի, բոլոր տեսակի:
-Հիմա կոնկրետ մեր եկեղեցում կա՞:
-Ես երբեք չեմ հարցնում, թե որ եկեղեցում հոգեւոր հովիվը ում է նախընտրում, որ դառնա տվյալ տարվա խաչքավորը: Իրենք ազատ են: Էդպես կենտրոնացված համակարգված չէ: Տվյալ հավատքի հոգեւոր հովիվը իր ծխական խորհրդի հետ պետք է որոշի, թե ով կարղ է լինել Սուրբ Ծննդյան խաչի քավորը: Արարատյան թեմում 34 եկեղեցիներ կան, ուրեմն այդ քանակով էլ խաչքավոր կա:
-Օրինակ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը Սուրբ Ծննդյան պատարագի օրը խաչքավոր եղավ, ըստ Ձեզ` դա ավելի շատ գովազդային արշա՞վ է, թե՞ հավատ առ Աստված:
-Գովազդային արշավ չէ դա: Վիգեն Սարգսյանը հավատացյալ հայ քրիստոնյա է: Եվ ազգ-եկեղեցի, եկեղեցի-բանակ հասկացողությունները մեզ համար առաջնային նշանակութուն ունեն մեր առաքելության մեջ: Դա պետք է տեսնել էդ շրջագծի մեջ:
-Սրբազա՛ն, պաշտոնյաներն այդ խաչը բռնելով` ինչի՞ են ձգտում: Մենք նկատեցինք, որ ՀՀ ԱԺ Էդուարդ Շարմազանովն էլ իր հայրենի Ախթալայում էր խաչքավոր եղել:
-Մի էսպիսի հարց. որեւէ ընդդիմադիր գործիչ կա՞, որ ցանկություն է ունեցել այն եկեղեցին, որտեղ ինքը հաճախում է, այցելում է որպես պարզ հավատացյալ, կապ ունենա տվյալ համայնքի, ծխական խորհրդի եւ հոգեոր հովվի հետ եւ չդառնա խաչքավոր: Կարծում եմ` հնարավոր չէ, որ չդառնա: Ես կարծում եմ` պաշտոնյա լինելու հանգամանքը կարեւոր չէ, պատասխանատվություն վերցնելու հանգամանքն է կարեւոր: Պատասխանատո՞ւ է նա, արդյոք, հոգեւոր քաղցր լուծը իր վրա վերցնի:
-Հայտնի է, որ պաշտոնյաները, օրինակ` քաղաքական գործիչները, հաճախ են ստում: Աստվածաշնչական պատվիրաններ խախտողին ինչպե՞ս է եկեղեցին վստահում խաչը:
-Կարող եմ մի ձեւով պատասխանել. աշխարհում չկա մի ազգ, որ Աստծուն հավասար լինի, դրա համար էլ մարդկանց համար կա ապաշխարության խորհուրդը: Եթե էսօր վերցնենք կատարյալ մարդ, ինչպես մեր տեր Հիսուս Քրիստոսն էր, գոյություն չունի, բայց դրա ձգտումը օրինակի տեսքով տվել է հենց ինքը` Հիսուսը` աստվածամարդ դառնալով: Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալներ անելը, թերացումներ ունենալը, բայց ձգտում չցուցաբերելը դա արդեն խոսում է, որ մարդն ընկած է, չի ուզում վեր կենա:
-Շատ քննադատվեց Վիգեն Սարգսյանը…:
-Շատ իզուր:
-Ի՞նչ պետք է անի նա, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու հավատավորների մոտ վստահություն ձեռք բերի:
-Ես չեմ կարծում, որ Վիգեն Սարգսյանը հավատավորների մոտ վստահություն չունի: Ձեր ասածը թյուրըմբռնում է: Նման կարծիք մեր հավատացյալները չունեն, որքանով ես գիտեմ: Վիգեն Սարգսյանը զբաղեցնում է մի կարեւորագույն պաշտոն, որը կապված է հայոց բանակի հետ: Մեր զավակներն են ծառայում սահմանի վրա: Եվ մենք նրանց աջակից ու զորակից ենք: Եվ Վիգեն Սարգսյանը նրանց համար պատասխանատու է ի պաշտոնե: Ինչո՞ւ նրա նկատմամբ թերահավատություն լինի, եւ ոչ թե վստահություն: Ես կարծում եմ` վստահություն կա, եւ Վիգեն Սարգսյանը լրիվ արդարացնում է իր պաշտոնավարության մեջ հավատացյալների ըմբռնումները:
-Անցած տարվա վերջին օրը ՀՀ նախագահի կողմից Դուք պարգեւատրվեցիք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Ձեզ բացատրվե՞լ է, թե հատկապես որ ծառայության դիմաց եք ստացել մեդալը:
-Նման բաները ինձ չեն բացատրում: Նման բաները որոշում են, հո ինձ չեն բացատրելու:
-Կարծեք թե հոգեւորականներից միայն Դուք եք պարբերաբար ՀՀ իշխանության կողմից գնահատականի արժանանում: Ո՞րն է գաղտնիքը:
-Գաղտնիք չկա: Նայեք անցած ժամանակների պարգեւատրումները, կտեսնեք, որ ես չկամ: Ինչո՞ւ եք էդպես առանձնացնում ինձ: Այդ պարգեւը, որ տրվել է, վերաբերում է բոլոր եկեղեցականներին եւ նրանց գործունեությանը:
-Ձեր շուրջ պարբերաբար պտտվող քրեական պատմությունները որեւէ կերպ առնչվո՞ւմ են այն գնահատականին, որը ստացաք ՀՀ նախագահի նստավայրում:
-Հեքիաթների մասին չեմ ուզում խոսել: Դրանք հեքիաթներ են: Մի՛ խոսեք էդ մասին: Ինչո՞ւ եք ուզում կապել չեղածը եղածի հետ: Մի՛ արեք նման բաներ, եթե ուզում եք լուրջ լինել: Իսկ եթե պետք է բամբասանքով զբաղվեք, անիմաստ զրույց եք անում:
-Մի բան էլ հարցնեմ․․․
-Էլ մի՛ հարցրեք, ինձ այդ անհեթեթությունների մասին նույնպես չպետք է հարցնեիք: Եթե լուրջ մարդու հետ եք խոսում, ուրեմն լուրջ թեմաների մասին եք խոսում: Իսկ եթե Դուք բամբասանքներին տեղի եք տալիս, ես էդտեղ չկամ: Ես բամբասող թեմաների մասին չեմ ուզում խոսել: Իրական պետք է լինի, իրական:
-Համատարած թանկացումներ են, անպատժելիության մթնոլորտ. ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հայկական իրականության մասին:
-Անպատժելիության մասին չեմ կարող համաձայնել, որ այդպես է: Անպատժելիության մթնոլորտ չեմ տեսնում: Լավ էլ մարդիկ պատժվում են, իսկ թանկացումների մասին ես պարզապես չեմ հասկանում այդ թեմայից:
Զրուցեց Քնար Մանուկյանը