Վարչապետը բանակցում է, նախագահը՝ ստորագրում. խորհրդարանական համակարգի հետաքրքիր կետերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է 2018 թվականի ապրիլի 9-ին, եւ հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորություններն, ու կառավարությունը հրաժարական կներկայացնի: Անցում կատարելով խորհրդարանական համակարգի` երկրի ղեկավար է դառնալու վարչապետը, իսկ նախագահին ավելի քիչ լիազորություններ են տրվելու է. այն ավելի շատ խորհրդանշական պաշտոն է լինելու:

Նախագահին եւ վարչապետին տրվելիք լիազորությունների շրջանակում կարեւոր է հասկանալ, թե, ի վերջո, ով է լինելու արտաքին քաղաքականության պատասխանատուն, եւ հատկապես ով է բանակցություններ վարելու Ղարաբաղի հարցով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ ըստ Սահմանադրության` արտաքին քաղաքականությունն իրականացնելու է երկրի վարչապետը:

Մասնավորապես Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Իսկ նախորդ Սահմանադրությունում ամրագրված հոդվածի համաձայն` կառավարությունն իրականացնում էր ներքին քաղաքականություն, նախագահը՝ արտաքին: Այժմ այդ բոլոր լիազորությունները տրված են երկրի վարչապետին:

Եվ չնայած նախագահին տրված փոքր լիազորություններին, ՀՀ նոր Սահմանադրության 132-րդ հոդվածում հետաքրքիր կետ է ամրագրված: Մասնավորապես այդ հոդվածի առաջին կետում նշված է. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»: Ստացվում է՝ երկրի վարչապետը բոլոր հարցերով բանակցություններ է վարում, ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածություններ գործում, սակայն այդ պայմանագրերը կնքում է երկրի նախագահը:

Այսինքն՝ ՀՀ վարչապետը կարող է ընդհուպ արցախյան ազատագրված հողերը հանձնելու որոշում կայացնել, սակայն այդ պայմանագիրը պետք է կնքի ՀՀ նախագահը: Այստեղ թերեւս տեղին է հիշել Սերժ Սարգսյանի կողմից դեռեւս 2015 թվականի դեկտեմբերին արված արտահայտությունը, երբ խոսելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին` նշել էր. «Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա անտրամաբանական է»: Այժմ նույնն իրավիճակն է ստացվում, սակայն հակառակ կողմերով: Եվ քանի որ Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, ստացվում է՝ նա որոշումներ կկայացնի, ստորագրողը կլինի երկրի նախագահը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս