Ինչ վիճակում են «Նուբարաշեն»-ի բանտում պահվող Արայիկ Խանդոյանը և մյուսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո ստացել է սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Այդ խորհրդատվությունը տրամադրվել է նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից: Ս.Բարսեղյանը ներկայում գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:

Տեղի է ունեցել առանձնազրույց նաև Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում պարզվել է, որ այսօր Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է աջ ծնկան հոդի ռենտգենոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև զննվել է վնասվածքաբանի կողմից:

Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրան տրվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն՝ կապված քրեակատարողական հիմնարկ փաստաբանի մուտքին առնչվող օրենսդրական կարգավորումների հետ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:

Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։




Լրահոս