«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ փորձել է արդարացնել բենզինի շուկայում այս օրերին տեղի ունեցած գնաճը` որպես օրինակ նշելով, թե հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե հավասար գներով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ այսօր Վրաստանում ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 2 լարիով, որը հայկական դրամի վերածելու դեպքում կկազմի 380 դրամ: Իսկ մեզ մոտ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 440 դրամով. այսինքն՝ 60 դրամով ավելի:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահի խոսքերին, ասել է. «Վրաստան մտնելիս ճանապահին կնկատեք, որ 4-5 ընկերության բենզալցակայան կա, եւ ամեն մեկը իր գնով տարբեր է: Այսինքն` այնտեղ գինը ձեւավորվում է մրցակցության արդյունքում: Իսկ մեզ մոտ այդպիսի բան չկա: Մեզ մոտ առաջին նախապայմանն է, որ մենք ունենք միակ ներկրող` «Ռոսնեֆտ» եւ վերջ: Բացի այդ` մանրածախ շուկայում վերավաճառում են երկու-երեք կազմակերպություն, որոնք էլ որեւէ հնարավորություն չունեն գների մեծ տարբերություն դնելու»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: