Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մանուկյանը իր օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանին: Բացի այդ, Ա. Մանուկյանը, համաձայնվելով Վ. Ախոյանի առաջարկին, խոստացել է վերջինիս միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իբր իրավասու պաշտոնատար անձին՝ իրեն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու դիմաց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքների պատճառով:
Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հրազդան» ՔԿՀ օպերատիվ խմբի ղեկավար Վ. Ախոյանը խարդախության համար 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` նույն հիմնարկում պատիժ կրող Ալեն Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքեր ստեղծելու` մասնավորապես, չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու համար դատապարտյալից, նրա կնոջից ու մորից պահանջել է խոշոր չափերով՝ 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջիններս համաձայնվել են:
12.09.2015թ.-ին Ա. Մանուկյանի կինն անձամբ Վ. Ախոյանին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց` վերջինիս միջնորդությամբ, Ա. Մանուկյանը ներգրավվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում:
Բացի այդ, Վ. Ախոյանը Ա. Մանուկյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կեղծ խոստումներ տալով` առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վերջինիս ու նրա մորը դրդել է իր միջոցով 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր հետ անհրաժեշտ կապեր ունեցող պաշտոնատար անձին: Կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո դատապարտյալի մայրը 01.10.2015թ.-ին Վ. Ախոյանին է փոխանցել նրա պահանջած 50.000 ԱՄՆ դոլար գումարից 700 ԱՄՆ դոլարը, որը, սակայն, ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը որևէ պաշտոնատար անձի չի տվել, այլ խաբեությամբ հափշտակել է այն:
Ա. Մանուկյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքների պատճառով, քանի որ Վ. Ախոյանը մտադրություն չի ունեցել կաշառքի առարկան փոխանցել որևէ պաշտոնատար անձի, այլ դիտավորություն է ունեցել հափշտակել այն:
Այսպիսով, Վ. Ախոյանին խոշոր չափերով կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար Ա. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ա. Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վահե Ախոյանին ևս մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վ. Ախոյանի վերաբերյալ քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատարան: