Armenian text to speach

Հայաստանին սպառնո՞ւմ է Մոլդովայի օրինակը, երբ նոր նախագահը չվավերացնի կայացված որոշումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս ՀՀ իշխանությունները պնդում էին, թե խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում Հայաստանը զերծ կմնա քաղաքական ճգնաժամերից. այդ նպատակով նոր Սահմանադրության մեջ էապես նվազեցրին նախագահի լիազորությունները` պետական կառավարման գործառույթների զգալի մասը վերապահելով կառավարությանն ու ԱԺ-ին: Մինչդեռ իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում. եթե նոր նախագահը որոշի լիարժեք օգտվել իր` թեկուզ եւ քիչ լիազորություններից, Հայաստանում քաղաքական առճակատումները կլինեն անխուսափելի:

Եւ այսպես` նոր Սահմանադրությամբ` երկրի նախագահը համարվում է պետության գլուխը, նա հետեւելու է ՀՀ Սահմանադրության պահպանմանը, եւ նախագահի հիմնական լիազորությունների մեջ է մտնելու ԱԺ ընդունած օրենքները ստորագրելը, կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագրեր կնքելը, դեսպաններ նշանակելը, դիվանագիտական աստիճաններ շնորհելը: Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակելու եւ ազատելու է ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմին, նաեւ վարչապետի առաջարկությամբ զինվորական կոչումներ է շնորհելու: Նախագահն է ընդունելու կառավարության հրաժարականը, նաեւ վարչապետի առաջարկով փոփոխություններ կատարելու կառավարության կազմում:

Միաժամանակ Սահմանադրության 139-րդ հոդվածը նախագահին իրավունք է տալիս ներկայացված որոշումներին համաձայն չլինելու դեպքում առարկել. Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում նախագահը «կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:

Հենց այստեղ էլ կարող են քաղաքական ճգնաժամեր առաջանալ, եթե, իհարկե, նոր նախագահը որոշի ինքնուրույնություն ցուցաբերել եւ հարկ եղած դեպքերում իրավական գործընթաց սկսել` հակառակվելով խորհրդանական մեծամասնության որոշումներին, չվավերացնելով իրեն պարտադրված ակտերը: Հայաստանում, իհարկե, նման հեռանկարը քիչ հավանական է` հաշվի առնելով քաղաքական դաշտի նրբությունները. իշխող ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կփորձի առաջադրել վերահսկելի մեկին, որը լիարժեք կախված կլինի Սերժ Սարգսյանից եւ երբեւէ չի փորձի նման քայլեր անել: Ի վերջո, իշխանությունները գիտեն նաեւ նման «հուզումները» զսպելու ձեւերը` հրապարակ նետելով կոմպրոմատները: Բայց եւ բացառված չէ, որ նոր նախագահն ինչ-որ պահի որոշի ինքնուրույնություն ցուցաբերել` առճակատվելով խորհրդարանական մեծամասնության հետ: Առավել եւս, երբ նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը քիչ են. Սահմանադրության 141 հոդվածի համաձայն` «Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար»:

Ի դեպ, նկատենք, որ կառավարման մոտավորապես նման համակարգ է նաեւ Մոլդովայում, եւ Ամանորից հետո այնտեղ երկրի նախագահի եւ խորհրդարանի միջեւ լուրջ առճակատում է սկսվել: Նախագահ Իգոր Դոդոնը, որն, ի դեպ, նախորդ տարվա նոյեմբերին այցելել էր Հայաստան, երկու անգամ հրաժարվել է ստորագրել խորհրդարանի ընդունած «Ռուսական պրոպագանդայի դեմ պայքարի մասին» օրենքը: Բացի այդ` Դոդոնը երկու անգամ մերժել էր հաստատել կառավարության կազմում վարչապետի առաջարկած նախարարներին:
Արդյունքում, բանը հասել է նրան, որ Մոլդովայի սահմանադրական դատարանը կոալիցիոն պատգամավորների դիմումի հիման վրա ժամանակավորապես կասեցրել է երկրի նախագահի լիազորությունները: Ճիշտ է, ի տարբերություն Հայաստանի` Մոլդովայի նախագահն ընտրվում է ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից: Հետեւաբար այնտեղ կարող է նախագահի պաշտոնում հայտնվել խորհրդարանական մեծամասնության հետ կապ չունեցող անձ: Բայց Հայաստանում էլ չի բացառվում, որ նախագահը ցանկացած պահի որոշի ինքնուրույնություն ցուցաբերել` սանձազերծելով քաղաքական սկանդալներ:

Հ.Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանը մի խումբ մտավորականների հետ զրույցում  նշել է, թե իր պատկերացումներով ինչպիսին պետք է լինի ապագա նախագահը: Ըստ նրա` խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ, որ ամենակարեւորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել: Ի դեպ, քաղաքականությամբ երբեք զբաղված չլինելու հանգամանքը շեշտադրելը պատահական չէ. Սերժ Սարգսյանին պետք է քաղաքականապես անփորձ մեկը, որին հեշտ կլինի կառավարելը, ուղղորդելը, եւ որը չի համարձակվի ինքնուրույն դրսեւորումների: Այլապես անգամ սահմանադրական սահմանափակ լիազորություններով ինքնուրույն նախագահը կարող է գլխացավանք դառնալ իշխանության համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս