Կեղծ տրակտորիստներն ու վկայականները. ինչ չարաշահումներ են արել բուհերի ռեկտորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահների կողմից շարունակվում են հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորների կողմից պաշտոնական կեղծիքներ կատարելու մասով բացահայտումները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գաբրիել Ավետիսյանը:

Տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք ստանալը) եւ 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք կատարելը) հատկանիշներով: Մասնավորապես իրավապահները բացահայտել են, որ քոլեջի տնօրեն Ավետիսյանը 2013թ. ընթացքում թվով 53 քաղաքացիների կեղծ դիպլոմներ է տվել:

Մամիկոն Հովհաննիսյանը, Արման Հովհաննիսյանը, Պետրոս Ավետիսյանը, Մուշեղ Այվազյանը, Սամվել Միրզոյանը, Հաբեթ Մկրտիչյանը եւ էլի մի շարք անձինք տրակտորիստ-մեքենավարի դասընթացներին փաստացի չեն մասնակցել եւ քննություն չեն հանձնել: Սակայն նրանց փոխարեն ռեկտորը լրացրել է դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականներ, որտեղ ստորագրելով ուսումնական հաստատության ղեկավարի եւ քննական հանձնաժողովի նախագահի հատվածներում` դրանք հանձնել է հիշյալ քաղաքացիներին: Արդյունքում 53 անձինք այդ վկայականները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Արմավիրի մարզի գյուղտեխնիկայի պետական տեսուչ Պետրոս Մնացականյանին եւ հանձնելով համապատասխան քննություն` ստացել են տրակտորիստի վկայական:

Բայց միայն այս 53 քաղաքացիների կեղծ դիպլոմներով չի ավարտվում պատմությունը: 2015 թվականին իրավապահները բացահայտել են, որ թվով 34 քաղաքացիների` Միշա Եփրեմյանի, Հայկ Սիրունյանի, Ժորա Բալյանի եւ այլ անձանց տրակտորիստ-մեքենավարի դասընթացներին փաստացի չմասնակցելու եւ քննություն չհանձնելու պայմաններում դարձյալ ռեկտորը լրացրել է դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականներ, որտեղ ստորագրելով ուսումնական հաստատության ղեկավարի եւ քննական հանձնաժողովի նախագահի հատվածներում` դրանք հանձնել է հիշյալ քաղաքացիներին: Արդյունքում, այդ անձինք վկայականները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Արմավիրի մարզի գյուղտեխնիկայի պետական տեսուչ Պետրոս Մնացականյանին եւ հանձնելով համապատասխան քննություն` ստացել են տրակտորիստի վկայական:

Հավելենք, որ այս գործընթացը քոլեջի տնօրենն իրականացրել է կլորիկ գումարի դիմաց՝ «կեղծ» ուսանողներից պահանջելով եւ ստանալով գումարներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կեղծ փաստաթղթեր ստանալու համար ռեկտորին վճարվել է 15 հազար դրամից ինչեւ 80 հազար դրամ:

Քնար Մանուկյան




Լրահոս