ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ իրավապահներին այդպես էլ չի հաջողվում Հայաստան տեղափոխել Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող երկու անձանց, որոնք Վրաստանում կալանավորվել են:

Բանն այն է, որ քրեական հեղինակության ընկեր Գագիկ Մոսինյանին սպանողներին Հայաստանի իրավապահներին հանձնելու գործընթացը անընդհատ ձգձգվում է: Կալանավորվածներին արտահանձնելու համար անհրաժեշտ է Վրաստանի ղեկավարության համաձայնությունը, բայց ՀՀ իրավապահները դեռեւս չեն կարողանում դրական արդյունքի հասնել:
Ինչպես հայտնի է` 2017 թվականի սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» տեսակի ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Գագիկ Մոսինյանի եւ նրա ընկերոջ՝ 39-ամյա Վահագն Աբգարյանի ուղղությամբ: Արդյունքում Գագիկ Մոսինյանը տեղում սպանվել էր, իսկ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սպանությունը կատարելու կասկածանքով հետախուզում հայտարարվեց Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի եւ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ: Կարճ ժամանակ անց Ռաֆիկ Խաչատրյանին ՀՀ իրավապահները հայտնաբերեցին Կոտայքի մարզում: Այնուհետեւ` հոկտեմբերի 29-ին, Վրաստանում հայտնաբերվեցին Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, ու ՀՀ իրավապահների կողմից հայտարարված հետախուզման հիմքով կալանավորվեցին:
Նոյեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերեւույթ կատարելու համար հետախուզվող երկու անձանց Վրաստանից Հայաստան տեղափոխելու եւ ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի դատախազություն»:
Վերը նշված միջնորդությունից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի` Հայաստան տեղափոխելու միջնորդության պատասխանը Վրաստանի գլխավոր դատախազությունից այդպես էլ չի հաջողվում ստանալ:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ տվյալներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչու է ուշանում սպանության մեջ կասկածվողների Հայաստան տեղափոխելու գործընթացը: Պարզվում է՝ մինչեւ սպանության տեղի ունենալը Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը իրենց մտերիմների շրջապատում հայտնել են, որ Վրաստանի Հանրապետությունում իրենք շատ լավ կապեր ունեն եւ ցանկացած հարցով նրանց դիմելու դեպքում իրենք խնդիրներ չեն ունենա:
Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի մտերիմ շրջապատում շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀ իրավապահներին դժվար թե հաջողվի նրանց տեղափոխել Հայաստան, քանի որ Վրաստանում նրանց խնդրով հետաքրքրված են այդ երկրում հայտնի քաղաքական գործիչներ, որոնց հետ կալանավորված անձինք բավական մտերիմ կապերի մեջ են:
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի մտերիմները իրենց շրջապատում ասել են, թե դեպքից հետո նրանք պատահական չեն հատկապես Վրաստան փախել: Նրանք շատ լավ գիտակցել են, որ դեպքից հետո իրավապահները անմիջապես իրենց հետքի վրա են դուրս գալու: Ուստի ի սկզբանե նահանջի ուղիներ են ծրագրել եւ սպանությունից հետո մինչ Հայաստանի իրավապահները փորձում էին կրակոցների հեղինակներին պարզել, պոտենցիալ կասկածյալները հատել են հայ-վրացական սահմանը:
Ի դեպ, նշենք, որ այս օրերին ՀՀ իրավապահները ստանում են վերոնշյալ քրեական գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները: Ինչպես հայտնի է` դեպքից հետո նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաեւ սպանված Գագիկ Մոսինյանի, հյուրանոցի ուղղությամբ արձակված կրակոցների հետ կապված: Արդյունքում` նշանակված փորձաքննություններով հաստատվել է, որ հյուրանոցի ուղղությամբ եւ Գագիկ Մոսինյանի սպանության պատճառ դարձած կրակոցները նույն զենքերից են արձակվել:
Ինչեւէ, թե ինչպես կհարթվի ՀՀ իրավապահների եւ Վրաստանի իրավապահների միջեւ շուրջ 1,5 ամիս ստեղծված «անդունդը», ցույց կտա ժամանակը: Այս պահին պետք է արձանագրենք, որ քրեական գործի քննությունը «տեղում դոփում է», քանի որ չնայած Հայաստանի իրավապահներին հայտնի է, թե ովքեր են սպանության առերեւույթ կատարողները, որտեղ են նրանք, բայց միեւնույն է` չեն կարողանում նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՉ ԹԵ ՄԻՏՈՒՄ, ԱՅԼ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի Ազատության 20 հասցեում գտնվող «Արաբկիր» մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետը մեղադրվում է իր ընկերոջ` Արման Ղազարյանի խարդախությանը օժանդակելու եւ կեղծ ոսկեղենի գրավադրմամբ ընդհանուր 98 միլիոն 737 հազար դրամի վարկ ստանալուն նպաստելու մեջ:
Այս արարքի համար Նելլի Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առեւտրային ծառայողների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը: Այս մեղադրանքի համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչեւ չորս տարվա ազատազրկում:
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանն ի պատասխան` մեզ հետ կապ հաստատեց Նելլի Տոնոյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը, որի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
-Տիկի՛ն Ֆարմանյան, Նելլի Տոնոյանն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը:
-Նելլի Տոնոյանը մեղսագրվող արարքում իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, սակայն նրա կողմից մեղքը ընդունելը որեւէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Քանի որ Նելլի Տոնոյանը պնդում է, որ ինքը որեւէ դիտավորություն չի ունեցել իր լիազորությունները չարաշահելու եւ բանկին վնաս պատճառելու հարցում:
-Այդ դեպքում ինչպե՞ս է վերցրել իր ծանոթ Արման Ղազարյանի կողմից ներկայացված զարդերը եւ ոսկու անվան տակ գրավադրել:
-Ինքը վստահել է իր ծանոթ Արմեն Ղազարյանին, ուշադիր չի զննել նրա կողմից բերված ոսկեղենը, քանի որ չի մտածել, որ մտերիմ մարդը կեղծ ոսկիներ կբերի բանկ` գրավադրելու համար: Բացի այդ` բանկի ղեկավարությունը մշտապես պահանջել է գումարներ տրամադրել վարկի դիմաց: Այսինքն` պահանջ է ներկայացրել, որպեսզի որքան հնարավոր է` շատ գումար տրամադրեն վարկի դիմաց, շատ վարկեր հավաքեն: Հետեւաբար Նելլի Տոնոյանը տվյալ դեպքում մտածելով, որ ինքը պետք է շատ վարկ տրամադրի, ակտիվ աշխատի վարկեր տրամադրելու ուղղությամբ, չի մտածել, որ իր մտերիմ Արմեն Ղազարյանը խնդիրներ կստեղծի, ու ընդունել է այդ ոսկիները:
Կրկնում եմ` նախաքննության ընթացքում Նելլի Տոնոյանն իր մեղքը մասնակի է ընդունել, բայց նրա արտահայտած դիրքորոշումը կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Դեռեւս գործը դատաքննության փուլում է, որեւէ վկա չի հարցաքննվել, չեն կատարվել անհրաժեշտ դատավարական գործողությունները: Նելլի Տոնոյանի մեղքը չի հաստատվել, եւ ինչպես գիտեք` օրենքի պահանջն է. մարդու մեղքը հաստատված է համարվում օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո միայն:
Հ. Գ. Խնդրի առնչությամբ դիմեցինք նաեւ «ՎՏԲ-Հայաստան բանկ», որտեղից հորդորեցին հարցը ուղարկել գրավոր եւ խոստացան օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պատասխանել: Երբ ստանանք, կորոշենք այն տպագրելու նպատակահարմարության հարցը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Դեկտեմբերի 11-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Նախնական տվյալներով` պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ն. Ադիբեկյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է ծառայակցին սպանելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Նարեկ Ադիբեկյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր, ՌԴ-ում ծառայությունն ավարտելուց հետո Նարեկը վերադարձել էր Հայաստան, եւ նրան այստեղ զորակոչել էին բանակ: 45 օրից նա կավարտեր ծառայությունը:

 

 

 

ՀՐՄՇՏՈՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստում միջադեպ է տեղի ունեցել ամբաստանյալների պաշտպանների եւ դատավորի, ապա նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների եւ դատական կարգադրիչների միջեւ: Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարել է, որ «Սասնա ծռեր»-ին առաջադրված մեղադրանքներն ընդհանրական են, ինչի առնչությամբ մեղադրող-դատախազները պետք է պարզաբանում ներկայացնեն: Դատախազներից Արթուր Չախոյանը նոր էր սկսել կարծիք արտահայտել, երբ ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանն ընդհատել է նրան` ասելով, որ առարկում է դատավոր Արթուր Օհանյանի գործողությունների դեմ: Տեւական ժամանակ նիստերի դահլիճում դատավորի եւ փաստաբանների բղավոցներն ու փոխադարձ մեղադրանքները չեն դադարել: Ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը` Դեդը, առանց դատավորի թույլտվության ցանկացել է հեռանալ, ինչը կանխել են ոստիկանները: Արդյունքում Դեդը հրմշտոցի մեջ է հայտնվել:

 

 

ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` որոշում եմ.1. 2017թ. դեկտեմբեր ամսին անցկացնել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: 2. 2017թ. դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին: 3. ՀՀ կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: 4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

 

 

 

ՄՅՈՒՍ ՏԱՐՎԱՆԻՑ
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների եւ հիշատակների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության` դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:




Լրահոս