ՄՏՔԻ ԹՌԻՉՔ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԿՈՐՈՒՍՏ՝ 2017-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցների շարքը հայտնիների հետ: Մենք անդրադառնում ենք 2017 թվականի ընթացքում նրանց ունեցած ձեռքբերումներին, կորուստներին, խոսում ենք այս տարվա հուսադրող եւ հիասթափեցնող կողմերից: Այսպիսով՝ մեր զրուցակիցը դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է: Նա խոստովանում է, որ 2017-ին իր մոտ աշխարհընկալման փոփոխություն է տեղի ունեցել: Դերասանուհին հասցրել է ունենալ նաեւ հետաքրքիր ճամփորդություններ:

-Լուիզա, ո՞րն եք համարում այս տարվա Ձեր լավագույն ձեռքբերումը:
-Մտքի թռիչքը, որ ունեցա, նոր գաղափարները: Առհասարակ, կապված աշխարհընկալմանս հետ մտքի փոփոխություն տեղի ունեցավ: 2017-ն այս առումով տարբերվեց մնացած տարիներից: Հայացքների փոփոխություն, ունեցածի վերարժեւորում եղավ:
-Մարդկանց ճանաչելու առումով այս տարի հետաքրքիր բացահայտումներ արեցի՞ք:
-Այն փոփոխությունները, որ եղան, երեւի թե դրա հետ էլ էին կապված: Ամեն դեպքում, այնպես չէր, որ ինչ-որ բաներ ինձ համար անսպասելի էին, մեկ էլ հանկարծ սպասելի դարձան:
-Այս տարի ստեղծագործական առումով ի՞նչ ձեռքբերումներ եղան, որո՞նք են այդ առումով վառ կետերը:
-Ես ամեն օր ինձ համար ապահովում եմ այդ վառ կետերը, դրա համար ինչ-որ հատուկ բան առանձնացնել չեմ կարող: Եթե իմ ամեն օրվա մեջ չունենամ այդպիսի մի լույս, ապրելս անիմաստ կհամարեմ, իսկ ես փորձում եմ այդպես չապրել:
-Ո՞րն է եղել 2017-ի նյութական ձեռքբերումը, որն ուրախացրել է Ձեզ:
-Մեր տան վերանորոգումը, որն, ի դեպ, ընթացքի մեջ է, դեռ չենք տեղափոխվել այնտեղ: Դա իսկապես ուրախություն է բերում, քանի որ աուրա է փոխվում, թարմություն է մտնում կենցաղ:
-Իսկ ֆինանսական առումով տարին բարեբե՞ր էր, թե՞ ոչ այնքան:
-Ինչքան բարեբեր էր, այնքան էլ «բարետար էր» (ծիծաղում է):
-Այս տարվա կորուստը ո՞րն եք համարում:
-Ոչ միայն այս տարվա, այլեւ ամեն տարվա մեծագույն կորուստը ժամանակի կորուստն է: Մենք անխնա մսխում ենք մեր ժամանակը՝ առանց այդ մասին գիտակցելու:
-Բայց Ձեր ոլորտից շատերը դժգոհում են հակառակից, ասում են, որ ոչ մի րոպե ազատ ժամանակ չեն ունենում: Ձեր գրաֆիկն էլ, կարծես, բավական խիտ է:
-Կարեւոր չէ, ես ժամանակը ռացիոնալ օգտագործելու մասին եմ խոսում, այն էներգիայի, որը պարբերաբար վատնում ենք:
-Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար 2017-ը հաջո՞ղ տարի էր:
-Միշտ էլ երբ տրվում ես մի բանի, մեկ այլ բան տուժում է: Ամեն դեպքում, ես փորձում եմ բալանսը պահել, աշխատում եմ ամեն բան հասցնել, որպեսզի, այսպես ասած, կշեռքի ոչ մի նժարը չծանրանա:
-Այս տարվա ամենահետաքրքիր, հիշարժան ճամփորդությունները որո՞նք են եղել:
-Շատ շրջագայություններ են եղել, բոլորն էլ տպավորիչ ու լավը: Տարեսկզբին, օրինակ, հյուրախաղերով եղանք Միացյալ Նահանգներում, որը նոր լիցքեր հաղորդեց մեզ, իսկ վերջերս էլ ներկայացումներով մեկնել էինք Իրան, որտեղ հանդիպեցինք մի շարք դժվարությունների, բայց միեւնույն ժամանակ էմոցիոնալ պահեր ապրեցինք:
-2017-ի լավագույն համագործակցությունները որո՞նք եք համարում:
-Այս տարի եղան շատ լավ նախագծեր՝ թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ: Նկարահանվեցի «Ամուսնացածների լիգա» սիթքոմում, որի շուրջ շատ հետաքրքիր թիմ էր հավաքվել, եղավ համագործակցություն դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Վահիկ Փիրհամզեի հետ, ինչի համար եւս շատ ուրախ եմ:
-2018-ից Ձեր ամենամեծ ակնկալիքը ո՞րն է, ինչի՞ հետ է այն կապված:
-Կրկին ժամանակի: Շատ եմ ուզում` ժամանակը ճիշտ համակարգելու հնարավորություն տրվի, եթե դա լինի, գործնական կյանքում կունենամ ավելի լավ արդյունքներ:
-Ձմեռ պապիկից ի՞նչ եք խնդրում:
-Որ գալիք տարում հրաշքները, հաճելի անակնկալները շատ լինեն:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՈՉ ԹԵ ԽՈԶԻ ԲԴՈՎ, ԱՅԼ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
«Երբ ամանորյա սեղաններին բուդը գերակշռող է դառնում, դա նշանակում է, որ տոնը շատ է նյութականացվել, այնինչ` այս տոնը, ըստ իս, պարունակում է մեծ հոգեւոր խորհուրդ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Հայկական Նոր տարի» համերգ-ներկայացմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ 19-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հայկը հիշեցրեց՝ երբ բուդը նոր էր «մոդա ընկնում», շատերը դա համարում էին ավելորդ շռայլություն, սակայն կամաց-կամաց այն դարձավ սովորական, իսկ հետո՝ պարտադիր. «Նոր տարին, իհարկե, նաեւ քեֆ-ուրախություն անելու համար է, բայց չէ՞ որ այն իր մեջ կախարդական հեքիաթ է պարունակում: Դու նայում ես քո անցած ճանապարհին, ամփոփում ես տարին, գնահատականներ ես տալիս, փորձում ես նոր էջ բացել քո կյանքում: Եթե ընկերոջդ վիրավորել ես, ներողություն ես խնդրում, եթե մայրիկիդ քիչ ես գրկել, Ամանորի գիշերը դրա համար լավ առիթ է: Ինձ համար դա է Նոր տարին»:
Հայկը տեղեկացրեց, որ ներկայացման շրջանակում հնչելու են հումորներ՝ ամենատարբեր թեմաների շուրջ: Իհարկե, թեմաների գերակշռող մասը վերաբերելու են Ամանորին, բայց կլինեն անդրադարձներ նաեւ կին-տղամարդ հարաբերություններին, կհնչեն կատակ երգեր. «Այս անգամ աշխատել եմ քաղաքական թեմաներով քիչ կատակել, որովհետեւ, ըստ իս, Ամանորին մարդիկ ցանկանում են կտրվել առօրյա հոգսերից, մեր իրականությունից, որն առանց այդ էլ բավական քաղաքականացված է, ուզենք դա, թե ոչ»:
Նշենք, որ համերգի ընթացքում Հայկը դուետներով հանդես է գալու երգչուհիներ Սոնա Ռուբենյանի, Մաշա Մնջոյանի հետ, նրանց միանալու են նաեւ երգահան Միքայել Ոսկանյանը, Նաիրա Գյուրջինյանի սաները:
Իսկ հարցին, թե որտեղ է պատրաստվում դիմավորել Ամանորը, Հայկը պատասխանեց. «Նոր տարին անցկացնելու եմ Երեւանում: Այս տարի որոշել եմ տանը մնալ, թե չէ արդեն վեց տարի շարունակ Ամանորը դիմավորել էի դրսում: 2017-ին շատ աշխատեցի, ճիշտ կլինի՝ տոները ընտանիքիս, սիրածս մարդկանց հետ նշեմ, թեեւ ասեմ, որ ունեմ արտերկրում միջոցառումներ վարելու առաջարկներ: Առհասարակ, Նոր տարին տուն վերադառնալու, ինքդ քեզ դառնալու լավ առիթ է ընձեռում»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿՄ Վարդենիսի տարածքային բաժանմունքը` ի դեմս բաժանմունքի նախագահ Զ. Ավետիսյանի, իր եւ ողջ տարածքային բաժանմունքի անդամների անունից խորին շնորհակալություն է հայտնում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը:
Ողջ տարիների ընթացքում Ձեր կողմից ցուցաբերած աջակցությունը կարեւոր դեր ունեցավ մեզ համար: Ուզում եմ մեծ երախտագիտությամբ խոսել Ձեր կատարած ազգանվեր բոլոր գործերի մասին:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը միշտ եւ ամեն հարցում եղել է Վարդենիսի ԵԿՄ տարածքային բաժնի կողքին, պատրաստակամ` օգնելու եւ աջակցելու: Նրա կողմից տրամադրված տրանսպորտային միջոցներով Վարդենիսի ԵԿՄ-ն ներկայացել եւ մասնակցել է Երեւանում եւ այլ մարզերում կազմակերպված բոլոր միջոցառուներին:
Ընկերությունը մեծ ֆինանսական եւ նյութական օգնություն է ցուցաբերել ապրիլյան քառօրյա պատերազամի ընթացքում սահման մեկնելու եւ սահմանապահ զինծառայողներին: Ունի նաեւ մեծ ներդրում պատանի եւ երիտասարդ երկրապահների ակումբների կայացման եւ զարգացման հարցում:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը մշտապես կանգնած է եղել Հայրենական մեծ պատերազմի վետերանների եւ Արցախյան գոյամարտի զոհված ազատամարտիկների ընտանիքների կողքին, Մայիսի 9-ի մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման օրվան եւ ամանորյա միջոցառումների ժամանակ նրանց ցուցաբերած մեծ ֆինանսական օգնությանը:
Ելնելով վերագրյալից` ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել Սոթքի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին իրենց ցուցաբերած աջակցության համար:
Մենք մեծ ցանկություն եւ հույս ունենք, որ մեր համագործակցությունը կունենա շարունակական բնույթ:

 

 

ՊԱՐՏՎԵԼ Է
Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում անցկացվող շախմատի պատանեկան օլիմպիադայում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը խաղացել է Հնդկաստանի թիմի հետ: Հաղթանակ է տարել միայն Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը խաղացել է ոչ ոքի, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Դավիթ Միրզոյանը պարտվել են: Արդյունքում 1.5/2.5 հաշվով մեր թիմը պարտվել է:




Լրահոս