ԳՆԴԱԿԸ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նոր նախագահի ընտրությունների շուրջ զարգացումները կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ երկրի նախագահին հաջորդ տարվա ապրիլին ընտրելու է հայրենի խորհրդարանը: Եւ ԱԺ-ում առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկի օգտին քվեարկեն պատգամավորների 3/4-ը, կամ նույնն է, թե 79 օրենսդիր:
Բայց ուշագրավն այն է, որ իշխող կոալիցիոն խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 65 պատգամավոր, եւ իրենց թեկնածուին անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու եւս 14 պատգամավորի քվե:
Ինչպես հայտնի է` «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31: «Ելք» խմբակցությունը երեկ մեր հրապարակումից հետո հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, եւ որ այդ խնդրի շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ առաջիկայում բանակցություններ կսկսեն: Բայց եթե անգամ այս երկու ուժերը համաձայնության գան, այդ դեպքում նաեւ նրանց թեկնածուն առաջին փուլով չի ընտրվի, քանի որ նրանք էլ ունեն անհրաժեշտ 79-ի փոխարեն 40 մանդատ: Եւ համաձայն նոր Սահմանադրության 125 հոդվածի` այդ դեպքում անցկացվելու է նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ թեկնածուին ընտրելու համար պետք է պատգամավորների 3/5-րդը կողմ քվեարկի, այսինքն՝ 63 հոգի: Այս դեպքում արդեն ՀՀԿ-ՀՅԴ ձայները միանգամայն բավարար են լինելու՝ 2-րդ փուլով նախագահ ընտրելու համար:
Այնպես որ, մեր երկրում ՀՀ սիմվոլիկ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով, թե երկու, մեծ հաշվով կախված կլինի «Ծառուկյան» խմբակցության պահվածքից:

 

 

 

Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում: Այս տարի 80 մլն դրամ ծախսել էր «Էրեբունի Երեւան» տոնակատարությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տեղեկացրել են, որ «Համով-հոտով Երեւան», «Երեւան ՏԱՐԱԶ ֆեստ», Երեւանի գարեջրի եւ «Ձմերուկի» փառատոների կազմակերպման եւ անցկացման նպատակով քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 մլն ՀՀ դրամ (մոտ 43 հազար դոլար), իսկ 2017թ.՝ 16 մլն ՀՀ դրամ (մոտ 33 հազար դրամ): Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը որպես գործընկեր աջակցել է եւս 10 փառատոնի: Սակայն քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան` չեն մանրամասնել՝ դրանց որքան գումար է հատկացվել տեղական բյուջեից: Մեկ փաստ էլ՝ բացի համայնքային բյուջեից` նման միջոցառումների համար ահռելի գումարներ դուրս են գրվում նաեւ «Երեւան» հիմնադրամից, որը քաղաքապետարանի «սեւ գանձարկղն է», եւ որի եկամուտներն ու ծախսերը պահպանվում են ՀՀ պետական կամ ռազմական գաղտնիքի պես:

 

 

 

ՀՀԿ-ականներն այս օրերին միաբերան պնդում են, թե 2018թ. ապրիլից ՀՀ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի Սերժ Սարգսյանը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանը: Հնաբնակ ՀՀԿ-ականներից ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը հարցին՝ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին եք տեսնում, ասել է. «Ես մնում եմ իմ համոզմանը, որ Սերժ Սարգսյանը հազվագյուտ քաղաքական գործիչ է, որն անցել է խրամատով, անցել է ճանապարհ եւ էվոլյուցիոն ձեւով կարողացել է քայլեր կատարելով` հասնել նախագահի պաշտոնին: …Եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին, ապա չեմ կարծում, որ այդտեղ քննարկելու հարց կա… : Կարեն Կարապետյանի հետ այդ թեմաներով երբեւէ չեմ խոսել, չգիտեմ իր կարողությունները, բայց ինձ թվում է, որ այսօրվա վիճակով Սերժ Սարգսյանը բարձր է կանգնած»: Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանն էլ ասել է, թե Կարեն Կարապետյանը չունի այնպիսի հենարան, ինչպիսին ունի Սերժ Սարգսյանը: Եւ սա այն դեպքում, երբ Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է:

 

 

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կանոնակարգի խախտումներով է կադրային նշանակումներ կատարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա այդպես է վարվել Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ժամանակ: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար դեկտեմբերի 5-ին անցկացվել է մրցույթ, եւ առաջադրված երկու թեկնածուները՝ դպրոցի տնօրեն Գինուշ Զատիկյանն ու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանը, ճանաչվել են հաղթող: Այնուհետեւ սահմանված կարգի համաձայն` երկու թեկնածուների մեջ նախարարն ինքը պետք է որոշում կայացնի: Արտեմ Ասատրյանն էլ նախապատվությունը տվել է Գ. Զատիկյանին՝ նշանակելով սահմանված կարգի խախտմամբ. նա որոշումն ընդունել է դեկտեմբերի 13-ին՝ մրցույթից 8 օր անց: Մինչդեռ նախարարի` 16.02.2006թ. N21-Ն հրամանին կից հավելվածի 35-րդ կետի համաձայն` նախարարը հաղթող ճանաչված թեկնածուներից որեւէ մեկին պետք է նշանակեր եռօրյա ժամկետում: Մեկ փաստ էլ` Զատիկյանին սատարում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

 

 

 

ԱՆՈՐՈՇ ԹՈՂԵՑ
Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցում այդպես էլ չհնչեց ամենակարեւոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք նա պատրաստվում է 2018թ. ապրիլից զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը` դառնալով երկրի փաստացի ղեկավարը, թե՞ ոչ: Ու որքան էլ նա փորձում էր համոզել, թե դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ, միեւնույն է` հասարակական-քաղաքական օրակարգում ամենաքննարկվող հարցը հենց դա է, ավելին՝ ՀՀԿ-ականներն իրենք են ակտիվորեն փորձում հասարակությանը նախապատրաստել «Սերժ Սարգասյանին այլընտրանք չկա» գաղափարին:
Մինչդեռ երեկ Ս. Սարգսյանը կրկնեց բազմիցս արտահայտած տեսակետը, թե դեռ այդ հարցում որոշում չունի: «Նախ՝ պիտի ասեմ, որ, իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ որ կգա, կհայտարարեմ: Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչեւ այլ գործոններ»: Հետո մի քանի նուրբ գովեստի խոսք հնչեցրեց գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հասցեին, որը հայտարարել է, թե պատրաստ է 2018թ. ապրիլից հետո էլ շարունակել կառավարության ղեկավարի լիազորությունները: «Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, եւ ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը` որպես վարչապետ, որպես մարդ, մեզ համար ընդունելի եւ օգտակար անձնավորություն է»։ Բացի այդ` Ս. Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը հոգնած չէ. «Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները, իմ աշխատողունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։ Ես ինձ նորմալ եմ զգում… Վերջ ի վերջո որեւէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին եւ դառնալ ՀՀ նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ եւ իրոք պատրաստ եմ մինչեւ վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել եւ ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ»։ Ու վերջապես հարցին՝ կշարունակեք մնալ քաղաքականության մեջ, նա ասել է` տեսնենք։
Այլ կերպ ասած` Ս. Սարգսյանն այդպես էլ հստակ պատասխան չի տվել, այլ ընդհակառակը՝ ըստ էության խճճել է խաղաքարտերը՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով հետագա իշխանավարման հարցը: Սա, թերեւս, իր սովորությունն է, եւ տպավորություն է, թե նա այսպես սպասում է զարգացումներին, նաեւ իշխանության ներսում հնարավոր դրսեւորումներին, որպեսզի բացահայտի իր թիմի դավադիրներին:
Հ.Գ. Վերջում ուղղակի. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մեծ ասուլիս էր հրավիրել 1640 լրագրողների մասնակցությամբ, որը տեւել է 3 ժամ 45 րոպե, պատասխանել է 65 հարցի:




Լրահոս