ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում այս շաբաթ քաղաքական իրավիճակը չափազանց կարեւոր հանգրվանի հասավ՝ ցույց տալով նախագահ Դոնալդ Թրամփի անկման առաջին ազդակները։ Ալաբամա նահանգի սենատորի ընտրություններում հանրապետական թեկնածու Ռոյ Մուրը պարտություն կրեց՝ ԱՄՆ Սենատում իր տեղը զիջելով դեմոկրատին։ Եթե Թրամփը եւ նրա հանրապետական կուսակցությունը նույն ոգով շարունակեն, ոչ միայն կկորցնեն Կոնգրեսում ունեցած մեծամասնությունը, այլեւ 2020թ. անխուսափելիորեն դեմոկրատներին կհաձնեն նաեւ Սպիտակ տան բանալիները։

Ալաբաման ԱՄՆ այն նահանգներից է, որտեղ Հանրապետական կուսակցությունը հաղթելու խնդիր չպետք է ունենար։ 1992թ. ի վեր այստեղ որեւէ դեմոկրատ հաղթանակ չէր տարել։ Հանրապետականների պարտությունը առաջին հերթին անձամբ Մուրինն է, որը հայտնվել էր խայտառակ սկանդալների հորձանուտում՝ մեղադրվելով անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ։ Թեեւ ԱՄՆ սենատորը հետեւողականորեն հերքում էր իրեն հասցեագրված մեղադրանքները, դրանք զգալի հետք թողեցին ընտրարշավի ու ընտրողների տրամադրությունների վրա։ Դրա հետ մեկտեղ այս պարտությունը ԱՄՆ հանրապետականներինն է, քանզի 25 տարի տիրապետող լինելով նահանգում՝ նրանք չկարողացան անխոցելի թեկնածու առաջադրել ու արձագանքել ընտրողների իրական տրամադրություններին։
Սակայն այս ընտրական գործընթացն ու դրա ձախողումը հարկ է նաեւ դիտարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության համատեքստում։ Ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հրապարակավ աջակցում էր Մուրին։ Թրամփը չէր հավատում Մուրին ուղղված մեղադրանքների իսկությանը՝ պնդելով, որ դրանք կեղծ են եւ լրագրողների հորինվածքը։ Նախագահը անգամ չբավարարվեց իր նստավայրից հղված սատարման կոչերով եւ անձամբ մասնակցեց Մուրի նախընտրական հանրահավաքներին։ Ինչպես մեկ ամիս առաջ վարվել էր նախկին նախագահ Բարաք Օբաման՝ օգնելով Վիրջինիայի ու Նյու Ջերսիի նահանգապետերի դեմոկրատ թեկնածուներին, նույն կերպ եւ գործեց Թրամփը։ Նա իջավ վաշինգտոնյան իր բարձունքից՝ գալով Ալաբամա եւ աջակցության ելույթ ունենալով Մուրի հանրահավաքին։ Անձամբ մասնակցելով քարոզչական միջոցառմանը՝ Թրամփը խաղասեղանին դրեց նաեւ իր վարկանիշը։ Բայց ահա Թրամփը ստացավ իր ընտրությունից հետո առաջին լրջագույն հարվածը։ Եթե մինչ այս կայացած մի շարք տեղական ընտրություններում հանրապետականների ջախջախումը կարող էր օրինաչափ համարվել՝ հաշվի առնելով տեղերում դեմոկրատների կազմակերպական ուժեղ ներկայությունը, ապա Ալաբամայի դեպքում այդ բոլոր արդարացումները լիովին անտեղի են ու անարժանահավատ։ Սա, փաստացիորեն, գնահատական էր Թրամփի նախագահության մեկամյակին ու վարած քաղաքականությանը։ Դրանից, փաստորեն, հիասթափված են անգամ սկզբունքային հանրապետական ընտրողները, որոնց համար մերժելի է Թրամփի ու նրա կողմնակիցների ստեղծած մթնոլորտը։
Պատկերացնելու համար Թրամփի ու հանրապետականների հիասթափության աստիճանը՝ հարկ է հիշել, որ 2016թ. նախագահական ընտրության արդյունքներով Թրամփը ստացել էր Ալաբամայի ընտրողների շուրջ 62 տոկոսի աջակցությունը, իսկ այժմ Մուրը՝ 48։ Սա էական նահանջ է, որը կարող է շղթայական ազդեցություն ունենալ նաեւ մյուս նահանգներում, որոնց մեծամասնությունը «հավատավոր» հանրապետականներ չեն։ Ալաբամայի սենատական տեղը կորցնելով՝ հանրապետականների մեծամասնությունը որոշակիորեն երերաց ԱՄՆ Սենատում։ Այժմ արդեն հանրապետական-դեմոկրատ հարաբերակցությունը 51-49 է լինելու, ինչն էլ ավելի կբարդացնի նախագահի ու նրա կուսակցության գործերը ԱՄՆ օրենսդիր մարմնի երկրորդ պալատում։ Բայց եւ հետաքրքիր է, որ պարտությունը, շոկային լինելով հանդերձ, կարծես թե չի սթափեցրել թեկնածու Մուրին, որը հայտարարել է արդյունքները բողոքարկելու մտադրության մասին։ Թեկնածուների միջեւ այժմ տարբերությունը 1.5 տոկոս է, եւ գրեթե բացառվում է, որ վերահաշվարկը էականորեն փոխի այդ հարաբերակցությունը։ Ի հեճուկս թեկնածուի՝ նախագահ Թրամփը եւ ԱՄՆ հանրապետական կուսակցության ղեկավարությունը արդեն իսկ ընդունել են պարտությունը՝ շնորհավորելով դեմոկրատ Դագ Ջոնսին։ Ակնարկելով, որ մրցապայքարն այնքան էլ ազնիվ չի անցել՝ Թրամփը, այդուհանդերձ, ստիպված է եղել արձանագրել, որ դա տպավորիչ հաղթանակ էր։ Անազնիվ արշավի ներքո Թրամփը թերեւս նկատի ուներ մի շարք հայտնի հանրապետականների հրաժարվելը Մուրին աջակցելուց, ինչպես նաեւ ֆինանսական ահռելի ռեսուրսները, որ քարոզարշավում ներդրել էին դեմոկրատները։
Թրամփի ձախողումներն ու ձեռնասունությունը ԱՄՆ տեղական իշխանությունների ձեւավորման ընտրություններում հակադարձ համեմատական են Հայաստանում Սերժ Սարգսյանի ամենաթողությանն ու ամենակարողությանը։ Վերջինս բացարձակ վերահսկողություն ունի ոչ միայն իշխանության բարձրագույն, այլեւ ստորին օղակների նկատմամբ։ Այս պնդման հիմնական փաստարկը տվեց ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանը՝ ՏԻՄ ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթով։ Սարգսյանը անուղղակիորեն հաստատեց, որ Հայաստանի համայնքապետերի մի մասը անմիջականորեն ներգրավված է ընտրական գործընթացներին եւ դրա համար ծառայեցնում է իր վարչական ռեսուրսը։ Ավելին՝ պարզվում է, որ այդ ծառայությունների դիմաց նրանք արժանանում են քրեական օրենսգրքով չկարգավորվող միջնորդությունների ու ներումների։ Այս ամենի հանդեպ, իհարկե, ՀՀ իրավապահները քար լռություն կպահպանեն՝ չհամարձակվելով մտքներով իսկ անցկացնել հետաքննություն սկսել Սարգսյանի հայտարարությունների հիմքով։ Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը վերածվել է երրորդ աշխարհի մի երկրի, որտեղ ի պաշտոնե պետության առաջին դեմքը անձնական հայեցողությամբ ներումներ է շռայլում աջուձախ եւ այդ մասին հպարտորեն հայտարարում է ի լուր աշխարհի։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԾՐԱԳՐԻ ՀԱՎԱԿՆՈՏՆ Է ԼԱՎԸ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է հակակոռուպցիոն ռազմավարական նոր ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին եւ հանձնարարել. «Հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ` նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի եւ արդյունքների գնահատման մեխանիզմներ»:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր Հայաստանում ընդունվել է 2015 թվականին, եւ այս ուղղությամբ ընթանում են համապատասխան աշխատանքներ: Ըստ այդմ, վարչապետը հանձնարարել է սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման եւ միջոցառումների կատարման աշխատանքները, 30-օրյա ժամկետում ներկայացնել արդարադատության նախարարությանը։
Թե ինչո՞վ է հակակոռուպցիոն ռազմավարական նոր ծրագիրը տարբերվելու նախորդից, դժվար է ասել: Համենայն դեպս, այս ոլորտում հեծանիվ հորինելու կարիք չկա: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար հարկավոր է քաղաքական կամք: Այլապես, համաձայնեք, նախորդ տարիներին կոռուպիցայի դեմ պայքարի մասին այնքան շատ է խոսվել, որ հակակոռուպցիա բառն արդեն ծաղրի պես մի բան է դարձել: Նախորդ բոլոր վարչապետներն իրենց հակակոռուպցիոն խորհուրդներն են ձեւավորել, օրենսդրական տարբեր նախաձեռնություններ են ընդունվել, բայց, միեւնույն է, կոռուպցիան զարգանում է ու զարգանում: Ամեն անգամ, երբ Հայաստանի ղեկավարությունը կոռուպցիայի դեմ անողոք պայքար ծավալելու մասին հերթական հայտարարությունն է անում, դրանից որոշ ժամանակ անց Երեւանի տարբեր մասերում պաշտոնյաների նոր առանձնատներ են կառուցվում:
Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսել էր համայնքի ղեկավարների չարաշահումների մասին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը համայնքային մակարդակում կոռուպցիայի մասին է խոսում, Կարեն Կարապետյանը համապետական՝ մակարդակով հակակոռուպցիոն պայքար սկսելու մասին է հայտարարում:
Մի խոսքով, Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը մեկը մյուսից հավակնոտ ելույթներ են ունենում: Մնում է միայն, որ նրանց ելույթների գոնե չնչին մասը իրականություն դառնա: Իսկ հավակնոտ խոսելու եւ ոչինչ չանելու գործում կարիք չկա, որ նրանք մրցեն: Առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԽՈՍՏՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱՏԱՐԵՑ
Ամեն տարի Տավուշի մարզի գյուղատնտեսությունը կարկտահարությունից մեծ վնասներ է կրում, ոչնչանում են տասնյակ հեկտարների ցանքեր, վնասվում է պտղատու եւ խաղողի այգիների բերքը:
2015թ. պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ Նոյեմբերյանի տարածաշրջանում եւ Դեբեդի հովտում տեղադրվեցին հակակարկտային 10 կայան: Նախկինում նույն տարածքում գործում էր հակակարկտային 3 կայան: Սակայն հակակարկտային 13 կայանները, միեւնույն է, կարկտահարությունից չեն պաշտպանում նույնիսկ Դեբեդի հովտի այգիներն ու ցանքատարածությունները, էլ ուր մնաց հարակից տարածքները: Կայանների աշխատանքը փաստացի արդյունավետ չէ, եւ դրանք հուսալի պաշտպանություն չեն ապահովում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գոտում, Իջեւանի, Բերդի, Դիլիջանի տարածաշրջաններում հակակարկտային ոչ մի կայան չկա, այդ տարածքների այգիներն ու ցանքատարածություններն ամբողջությամբ անպաշտպան են: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզխորհրդի դեռեւս 2017թ. հուլիսի 27-ի նիստում հայտնել էր, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հայտ է ներկայացվել Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում հակակարկտային սարքավորումներ տեղադրելու համար: Նրա խոսքերով՝ որպես պիլոտային ծրագիր` Լոռիում փորձարկվում են հակակարկտային հրթիռային համակարգեր, որոնց արդյունավետությունը ստուգելուց հետո Տավուշի մարզին կարող են հատկացվել նման համակարգեր: Մարզպետն այդ օրը նաեւ հայտարարեց, թե ամեն դեպքում կարկուտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը համարվում են հակակարկտային ցանցերը: Ամիսներն անցան եւ գյուղացիական տնտեսություններին կարկուտից պաշտպանելու ուղղությամբ այդպես էլ ոչ մի կոնկրետ քայլ չարվեց:
Մի խոսքով` հնչեցված խոստումներն իրագործելու հարցում հետեւողական չլինելն ու հանրությանն, ըստ էության, խաբելը ՀՀ իշխանության վերնախավի մոտ դառնում է սովորություն:
Ինչեւէ, նման իրավիճակում Տավուշի մարզի գյուղացիական տնտեսություններին, ինչպես միշտ, մնում է հուսալ միայն, որ բնությունն իրենց հանդեպ բարեհաճ կգտնվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս