Ընդամենը մի քանի օրից Ամանոր է, եւ նորաձեւության ոլորտի գիտակները շտապում են խորհուրդներ տալ` ինչ հագնել Նոր տարվա գիշերը, ինչպես զարդարել տոնածառն ու սեղանը: Տոնն առավել գունեղ եւ ներդաշնակ դարձնելու համար ավելորդ չէ լսել մասնագետների կարծիքը: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ:
-Արա՛մ, սկսենք այս օրերին ամենաշատը հնչող հարցից` ի՞նչ հագնել Ամանորի գիշերը:
-Առհասարակ, մեր ժամանակներում ամենակարեւոր բանը ինքնատիպ եւ տարբերվող լինելն է: Ամեն բան այնքան միանման է դարձել… Խորհուրդ կտամ Նոր տարվա գիշերը առանձնահատուկ, տարբերվող լինել, անել այնպես, որ Դուք կրեք հագուստը, ոչ թե հագուստը` Ձեզ:
-Իսկ գունային առումով որոշակի նախապատվություններ կա՞ն:
-Մեր օրերում ամեն գույն նորաձեւ է: Իհարկե, կան թրենդային գույներ` կարմիրը, կանաչը, մանուշակագույնը, որոնք դիզայներներն ավելի հաճախ են օգտագործում իրենց հավաքածուներում: Բայց ես կողմ չեմ այն բանին, որ Նոր տարվա գիշերը հագնում են միայն այդ տարվա խորհրդանիշին առնչվող գույնի, ձեւի զգեստներ, օրինակ` դեղին շան տարում` դեղին, օձի տարում` օձի պրինտով զգեստ եւ այլն: Այդ ամենն այնքան էլ կապ չունի նորաձեւության հետ: Պետք է հագնվել տվյալ միջավայրին համապատասխան: Եթե երեկույթի եք մասնակցելու, կրեք էլեգանտ զգեստ, եթե տանն եք անցկացնելու Ամանորը, ուրախ, գունեղ, թեմատիկ բլուզներ եւ այլն:
-Երբեմն նկատելի է տոնական զգեստների հետ երկարաճիթ կոշիկների համադրությունը: Սա, թերեւս, սխալ մոտեցում է, այո՞:
-Միանշանակ, զգեստի հետ հարկավոր է կրել բարձրակրունկ, դասական կոշիկներ` անկախ եղանակային պայմաններից, իսկ եթե տոնը տանն եք նշելու, բնականաբար, նախապատվությունը տրվում է ավելի թեթեւ մոդելներին:
-Գիտենք, որ տոնածառը Ձեր թուլությունն է, եթե ոչինչ էլ չանեք, այն պետք է առանձնահատուկ լինի: Ինչպե՞ս ստանալ չկրկնվող, յուրահատուկ տոնածառ:
-Այո՛, այդ աքսեսուարը սեղանից շատ եմ կարեւորում: Հատկապես վերջին տարիներին կարող եմ սեղանին քիչ բան դնել, բայց տոնածառը պետք է ինքնատիպ, աչք շոյող լինի: Տոնածառը զարդարելիս խորհուրդ եմ տալիս ինչ-որ թեմատիկ ուղղություն, գունային գամմա ընտրել: Չեմ սիրում, երբ մաքսիմալիզմ են ցուցաբերում եւ այնքան են ընկնում զարդարանքի հետեւից, որ ծառը խաղալիքների, բմբուլների ու ծաղիկների տակից պարզապես չի երեւում:
-Տոնածառի զարդարման ժամանակ որքանո՞վ է կարեւոր սիմետրիային հետեւելը:
-Կոմպոզիցիոն առումով տոնածառի տեսքը պետք է չխախտվի: Ինչպես հագուստի սխալ ընտրության դեպքում մարդը կարող է դեգրադացվել, նույն կերպ էլ սխալ խաղալիքների ընտրության դեպքում` տոնածառը: Պետք է հաշվի առնել, որ տոնածառն ունի հստակ ֆորմա` ներքեւում լայն է, վերեւում արդեն աստիճանաբար նեղանում է, ուստի զարդերը ներքեւում պետք է լինեն խոշոր, իսկ վերեւում աստիճանաբար փոքրանան:
-Կարծես թե ակտուալ են միագույն տոնածառերը:
-Դե, դա մոտեցման հարց է, ամեն դեպքում, հարկավոր է ունենալ ակցենտավորված անկյուն: Տարածված է կապույտի ու արծաթագույնի, կարմիրի ու ոսկեգույնի համադրությունը: Իհարկե, կան այլ տարբերակներ եւս, որոնք կարելի է կիրառել, բայց դրանք ամենահեշտ նշածս տարբերակները` գույներն են, ուստի մարդիկ ռիսկ չեն անում էքսպերիմենտներ անել, ավելորդ ջանք ու եռանդ ծախսել:
-Որոշ դիզայներներ խորհուրդ են տալիս տոներին ակտիվորեն կիրառել նաեւ սեւը: Դուք ի՞նչ կասեք:
-Սեւն, առհասարակ, ինձ համար այն գույնն է, որը միշտ նորաձեւ է եւ իր մեջ կրում է մնացած բոլոր գույները: Այն համադրվում է ցանկացած այլ գույնի հետ, եւ դրանով ամեն ինչ ասված է: Այդ իսկ պատճառով սեւին վատ չեմ վերաբերվում, հաճախ կիրառում եմ այն իմ մոդելավորած զգեստներում եւ այլն: Բայց սեւն էլ պետք է մատուցել գրագետ եւ ճիշտ:
-Դուք դեպի հայկական արմատները գնացող դիզայներ եք, հետաքրքիր է` տոնածառի զարդարման հարցում նման մոտեցում չե՞ք ցուցաբերում:
-Մինչ օրս նման փորձ չեմ ունեցել: Եթե մի օր կարողանամ միքսել ավանդականն ու ժամանակակիցը, հետաքրքիր լուծում կստանամ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՄԱՀԱԶԴ
Երեկ 58 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հրազդանի «Սասուն» ջոկատի ազատամարտիկ Արշավիր Սուրենի Բոզինյանը:
Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` ժամը 13:00-ին, Կենտրոն թաղամասի 33/3 բնակարանից:
Հիշեցնենք, որ Արշավիր Բոզինյանը 1992թ.-ի մարտի 12-ին Կիչան, Սրխավենդ գյուղերի ազատագրման ժամանակ գլխից ծանր վիրավորվել էր եւ մինչեւ այսօր տեղաշարժվում էր սայլակով: Հրազդանի «Սասուն» ջոկատը ցավակացում է իր մարտական ընկերոջ հարազատներին վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Փառք ու պատիվ քե՛զ, Արշավի՛ր, «Սասուն» ջոկատի ազատամարտիկները փառապանծում եւ խոնարհվում են քո շիրիմի առաջ, Արշո՛, Արցախի ազատագրման գործում քո մեծ ներդրման համար»:
«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը նույնպես իր ցավակցությունն է հայտնում ազատամարտիկի հարազատներին ու մարտական ընկերներին:
2500-2700 ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐ
Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի` Հայաստանում հոկտեմբերի կեսից սկսվել է սուր շնչառական վիրուսների եւ գրիպի սեզոնը, եւ այսօրվա դրությամբ երկրում ամեն շաբաթ գրանցվում է այս հիվանդությունների մոտ 2500-2700 դեպք:
Նրա խոսքով` բժշկի դիմող մարդկանց շրջանում հիմնականում հայտնաբերվում են ադենովիրուսներ, ռինովիրուսներ եւ մրսածության այլ հարուցիչներ: Գրիպի վիրուսներից այս սեզոնին տարածված են B եւ A H1 տեսակները, սակայն այսօրվա դրությամբ դրանք բավականին հազվադեպ են հանդիպում. գրիպի B տեսակի վիրուս են գտել առայժմ միայն 10 հիվանդի մոտ, իսկ A H1 վիրուս` 4-ի մոտ: Մասնագետի խոսքով` գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացածությունն այսօր բավականին ցածր է` 5 անգամ քիչ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Սակայն սա զգոնությունը կորցնելու առիթ չէ. չվարակվելու եւ չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում հիվանդ մարդկանց հետ շփվելիս զգուշություն պահպանել, եղանակին համապատասխան հագնվել, փակ տարածքները հաճախ օդափոխել եւ ձեռքերը լվանալ, իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, տանից դուրս գալ չարժի:
100 ՀԱԶԱՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴԱՐԱԿՆԵՐՈՒՄ
Ինչպես հայտնի է` այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան 70-ամյակն ու Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50-ամյակը: Հոբելյանների կապակցությամբ կկազմակերպվի համերգ: Համերգին հատկացվել է 15 մլն դրամ: Այն կկայանա դեկտեմբերի 18-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ելույթներով հանդես կգան Էմմա Պետրոսյանը, Էրիկը, Արթուր Իսպիրյանը, Մաշա Մնջոյանը: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ։ Ի դեպ, նա առաջիկա համերգի շրջանակում կատարելու է Մարտին Վարդազարյանի հեղինակած երգը Երեւանի մասին։
Երգահանն աշխատում է Հանրային ռադիոյի արխիվում եւ փաստում է, որ այնտեղ առկա է 100 հազար ձայնագրություն, դրանք, ցավոք, այսօր չեն հնչում, այնինչ` այդ գործերին հարկավոր է նոր շունչ հաղորդել. «Նվագախումբը հսկայական աշխատանք է կատարել, միայն Մելիք Մավիսակալյանը կատարել է 1200-ից ավել գործիքավորում՝ չհաշված իր գրած երգերը։ Նա լեգենդ է, որին այսօր ոչ ոք չի հիշում։ Նա պետք է արժանապատիվ ապրի։ Պարտադիր է, որ այդ երգերը հնչեն, միշտ քննադատել եմ նրանց, ովքեր հնարավորություն են ունեցել այդ գործերը հնչեցնելու, սակայն չեն արել դա»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Արթուր Իսպիրյանը նաեւ հիշեցրեց, որ դեռեւս 1993 թվականին Ազգային ռադիոյի ձայնագրման ստուդիայում հրդեհ էր բռնկվել (Այդպես էլ չպարզվեց՝ դիտավորյալ, թե պատահաբար, համենայն դեպս, ոչ ոք չպատժվեց-Ա.Ի.), ինչի հետեւանքով արխիվը դադարել էր համալրվել. «Այրվեց ստուդիան, գործիքները, դրանից հետո այնտեղ ձայնագրություններ չարվեցին, կամ արվեցին՝ ցածր որակով։ Ուրախալին այն է, որ ստուդիան այժմ նորից վերանորոգվում է»,-եզրափակեց նա։
Հավելենք, որ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպվել է 1972 թվականին, Երեւանում հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային նվագախմբի հիման վրա, որն իր հերթին ստեղծել էր գործիքային հնգյակի վերակազմավորումից, որպես հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ