Մենք հավանում ենք Մխիթարյանի խաղը, իսկ աշխատավարձը խնդիր չէ. Վենգերը մեկնաբանել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիպել է լրագրողների հետ և անդրադարձել թիմի տրանսֆերային նորություններին:

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է լոնդոնցիների կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հավանական փոխանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Ֆրանսիացի մասնագետը ոչինչ չի բացառել.

«Սանչեսի տրանսֆերի վերաբերյալ շատ բան է գրվել մամուլում ու ես այնքան էլ շատ բան չունեմ ավելացնելու: Նրա տեղափոխությունը կարող է ինչպես կայանալ, այնպես էլ` չկայանալ: Եթե նրա տրանսֆերը չկայանա, իհարկե կարող է մասնակցել շաբաթ` «Քրիսթալ Փելասի» հետ կայանալիք խաղին: Երկար տարիներ է` աշխատում եմ տրանսֆերային շուկայում: Հավանական է, որ տեղի կունենա, բայց ցանկացած պահ, միջադեպ կարող է ամեն ինչ խափանել: Այստեղ ոչինչ երաշխավորված չէ:

Նույնը կարող եմ ասել նաև Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Տրանսֆերը կարող է կայանալ, կարող է չկայանալ: Իհարկե, ես նրան շատ եմ հավանում: Երբ նա «Դորտմունդում» էր հանդես գալիս, շատ ենք խաղացել նրա դեմ: Նա գիտի ,թե մենք ինչպես ենք ֆուտբոլ խաղում, սիրում է նաև մեր ակումբը:

Տեսեք, լինելու է ֆուտբոլիստների փոխանակում: Մեկը կփոխարինի մյուսին: Մենք հավանում ենք Մխիթարյանի խաղը, իսկ աշխատավարձը խնդիր չէ»,- ասել է Վենգերը:

Ավելի վաղ հիշեցնենք, տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մխիթարյանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերն «Արսենալի» հետ: Համաձայն դրա, հայ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի և շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ կստանա` գումարած բոնուսները: Այս կերպ, Մխիթարյանը կդառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:




Լրահոս