
Քառօրյա համարվող նիստերն այս շաբաթ, կարելի է ասել, տեւեցին երկու օր: Նիստի օրակարգը պատգամավորները սպառեցին շատ արագ: Երեկ 16:30 պետք է տեղի ունենար կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, սակայն նիստի աշխատանքները պատգամավորներն ավարտել էին առավոտյան՝ քվեարկություններից հետո: Արդյունքում պատգամավորները չգիտեին` այդքան ժամ ինչ անել, ինչով զբաղվել մինչ հարցուպատասխանի ժամը:
Պատգամավորների մի մասը ընտրել էր շենքից մի քանի ժամով հեռանալու, ապա նախատեված ժամին հետ գալու տարբերակը: Սակայն մի մասն էլ որոշել էր մնալ խորհրդարանում, եւ ժամանակ էին «սպանում» ԱԺ ճաշարանում, գործընկերների հետ խորհրդարանի միջանցքում զբոսնելով կամ էլ աշխատասենյակում մնալով: Ի վերջո, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին խորհրդարանում էին միայն այն պատգամավորները, ովքեր այդ ժամին ավանդաբար դեռ խորհրդարանում են լինում: