Ո՞ւմ է փորձում վերահսկել ոստիկանությունը. համատարած ժուչոկներ՝ ՀՀ քաղաքացիների գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում հունվարի 17-ին առաջին ընթերցմամբ 57 կողմ, 31 դեմ ձայնով ընդունվեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագիծը ենթադրում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Օրենքի ընդունումն արժանացավ բուռն քննարկումների:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ, ով անհասկանալի համարեց նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը՝ այն էլ այսպես հապճեպ. «Հաշվի առնելով մեր ոստիկանության գործելաոճը` ես չեմ բացառում, որ օրենքի` նման տեսքով ընդունման պարագայում մենք խնդիր ենք ունենալու կամայական մոտեցման հետ: Ժողովրդավարական պետությանն այնքան էլ հարիր չէ այն, որ մենք արդեն փորձում ենք գրեթե ամեն սանտիմետրը տեսանկարահանել: Այստեղ անխուսափելիորեն անձնական կյանքի միջամտություն լինելու է, բայց եթե օպերատիվ-հետախուզական գործունեության պարագայում միջոցառումն իրականացնելու համար դատարանի թույլտվություն է պետք, ապա այս պարագայում առանց դատարանի թույլտվության կարող են տեսանկարահանել գրեթե ամեն ինչ, ցանկացած անձի եւ հետագայում դա օգտագործել կամ ոչ»:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը մեկնաբանում է այն որպես հանցագործությունները կանխելու փորձ, փաստաբան Վարոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իրականում ոստիկանության համար հանցագործությունները կանխելու եւ բացահայտելու օրենքով սահմանված շատ ավելի գործուն լծակներ կան, եւ արհեստավարժ մոտեցման պարագայում հենց դրանց կիրառմամբ հանցագործությունները պետք է կանխվեն եւ բացահայտվեն: Ցավոք սրտի վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը հանցագործությունները բացահայտելիս գործում է միայն տեսախցիկների, հեռախոսային խոսակցությունների վերծանումների շրջանակում»:

Վարդուհի Զաքարյան




Լրահոս