Արդեն երկու օր է ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Երեկ նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը նշել էր, թե նախարարն աշխատանքի մեջ է եւ շարունակում է աշխատել: Չնայած նախարարն այսօր ներկա էր նաեւ կառավարության նիստին, սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Վասակ Թարփոշյանը հաստատեց նախարարի` հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը`այլ մանրամասներ չհայտնելով:
-Վասա՛կ, ի վերջո նախարարը հրաժարականի դիմում ներկայացրել է, թե ոչ:
-Այո, ներկայացրել է:
-Ե՞րբ է ներկայացրել: Դուք երեկ նշեցիք, թե նա աշխատում է, այսօր էլ ներկա է կառավարության նիստին:
-Դա չեմ կարող ասել: Նա հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն շարունակում է աշխատել:
-Ո՞ւմ է ներկայացրել դիմումը` վարչապետի՞ն, թե՞ նախագահին:
-Դա էլ չեմ կարող ասել: Այլ մանրամասների տեղյակ չեմ, միայն տեղյակ եմ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառների մասին եւս ոչինչ չեմ կարող ասել: