Բայց այն ոստիկանը, որը կչարաշահի օրենքը, պետք է պատժվի. Շուշան Դոյդոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում հունվարի 17-ին առաջին ընթերցմամբ 57 կողմ, 31 դեմ ձայնով ընդունվեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագիծը ենթադրում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Օրենքի ընդունումն արժանացավ բուռն քննարկումների:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը, ընդունված օրենքը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համարեց շատ դրական: Նրա խոսքով. «Մինչեւ հիմա այդ բոլոր հարաբերությունները կարգավորվում էին ենթաօրենսդրական ակտով, ինչը խնդիր է: Բարձրացվում են հարցեր, անհանգստություններ, որոնք ես նույնպես կիսում եմ: Հատկապես հետապնդումների առիթ դառնալու հարցը, որի վտանգը միշտ էլ կա: Դրա համար պետությունը ստեղծել է գործակալություն, որը պետք է կարողանա վերահսկել, որ նման խախտումներ չլինեն, լինելու դեպքում էլ անմիջապես արձանագրվեն, եւ վարչական վարույթի շրջանակներում փորձեն հարցին լուծում տալ: Բայց այն ոստիկանը, որը կչարաշահի օրենքը, կօգտագործի ձեռք բերված անձնական տվյալները ոչ թե հանցագործությունները կանխելու, այլ ապօրինի գործողություններ իրականացնելու նպատակով, պետք է պատժվի»,-եզրափակեց անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Շ.Դոյդոյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից նույնպես փորձեցինք պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք օրենքի նախագիծը քննարկելուց հաշվի չեն առել, որ ներխուժում են մարդկանց անձնական տարածքներ: Ի պատասխան` մեզ ասացին. «Բոլոր հարցերին ոստիկանության պետի տեղակալը եւ համապատասխան հանձնաժողովի նախագահը մեկնաբանություններ տվեցին: Օրենքը քննարկման փուլում է, Ազգային ժողովում դեռ անցել է ընդամենը առաջին ընթերցում»:

Վարդուհի Զաքարյան




Լրահոս