Այսօր նախատեսված է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ: ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ԳՄ նիստին նախատեսվում է քննարկվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածության հարցը։ Ամենայն հավանականության` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կուսակիցներին կներկայացնի իր նախընտրելի թեկնածուին:
Այնպես որ, իշխող կուսակցության անդամները շուտով կսկսեն գովաբանել «բարձր հեղինակություն վայելող, քաղաքականությամբ չզբաղվող, լեզուների իմացությամբ, անկուսակցական, Սփյուռքի հետ լայն կապեր ունեցող» ՀՀ 4-րդ նախագահին:
Հիշեցնենք` ՀՀ նոր սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով` առանց վերընտրության իրավունքի։
Նշենք, որ որպես Հայաստանի հաջորդ նախագահ խոսվում է նաեւ ՀՀ նախկին վարչապետ, այժմ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածության մասին: Ընդ որում, ասում են` մինչ այս շոշափված անունների մեջ Արմեն Սարգսյանի թեկնածությունն ամենահավանականն է, հատկապես նախօրեին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո:
Ի դեպ, ՀՀԿ-ականներն այս պահին Սերժ Սարգսյանի խնամու` Նինել Մինասյանի հոգեհանգստի արարողությանն են, որից հետո կներկայանան Մելիք Ադամյան: