ՎԵՐԱԴԱՐՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ. Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական թեմաներով ուշագրավ ուղերձներ կային, որոնք մեծ ուշադրության չարժանացան: Չարժանացան, որովհետեւ Ս. Սարգսյանի հայտարարությունը, թե «շոշափելի գնաճ չունենք», իրոք ցնցող էր այն դեպքում, երբ արդեն մի քանի ամիս է` առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են շարունակական, սրընթաց արագությամբ: Հասարակական-քաղաքական շրջանակները նաեւ լայնորեն սկսեցին վերլուծել Ս. Սարգսյանի հայտարարությունները՝ հետագա պաշտոնավարման մասին, երբ այդ հարցին հստակ պատասխան չտալով` նա շարունակում է անորոշության մեջ պահել թիմին:

Այս ամենից զատ` Ս. Սարգսյանը շատ ավելի կարեւոր հայտարարություն է արել՝ ուղղված իշխանական թիմին: Հարցին (իսկ այդ հարցը, ինքներդ եք հասկանում, պատահական չի հնչել), թե ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում հեռացած պաշտոնյաներին, կարծո՞ւմ եք, որ նրանք հեռացել են, եւ, այսպես ասած, նրանց ժամանակը անցե՞լ է, պետք չէ, որ վերադառնան, թե՞, այնուամենայնիվ, նորից կարող են վերադառնալ՝ երկրորդ կամ երրորդ անգամ շանս տալ, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Ես շատ խորը հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբեւէ ծառայել են ՀՀ-ին, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան: …Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետեւյալն է՝ այստեղ բոլոր դեպքերում անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես կարող եմ բերել օրինակներ ե՛ւ հավերժ գնացածի, ե՛ւ հետ վերադարձի… Այնպես որ, մոտեցումը եղել է եւ մնում է անհատական»։
Այս հարցուպատասխանն ամենեւին էլ պատահական չէ: Սրանով Ս. Սարգսյանը փորձում է հրապարակային ուղերձ հղել իշխանությունից հեռացած անձանց` ակնարկելով, որ նրանց գնալն անվերադարձ չէ, եւ հնարավոր է` նորից լինեն իշխանական վերնախավում, պարզապես յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերելու: Անհատական մոտեցումն էլ, հասկանում եք, կախված է այդ մարդու ցուցաբերած վարքից (հատկապես, երբ իշխանության մեջ չէ), արժանիքներից՝ որպես օրինակ բերելով Արմեն Գեւորգյանին, որը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց:
Ընդ որում, պարզ է, որ այս խոսքերն ուղղված էին առանցքային դեմքերին, ոչ թե մանր-մունր չինովնիկներին: Իսկ իշխանությունից հեռացած առանցքային դեմքերն այնքան էլ շատ չեն, ընդամենը մի քանի անուն. ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյան:
Իհարկե, կարելի է հիշատակել նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանին կամ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանին, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին կամ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության մի քանի առանցքային դեմքերի, որոնք ավելի շատ «հարց լուծող էին» խորհրդարանի պատերից դուրս՝ Մհեր Սեդրակյան, Վարդան Այվազյան եւ այլք:
Սակայն իշխանական բուրգի ամենավերին օղակում եղել են մի քանի հոգի, որոնք էլ առանցքային դերակատարություն են ունեցել իշխանության ներսում որոշումների կայացման ու իրագործման համար՝ Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը, Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Բեգլարյանը:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հենց նրանց նկատի ուներ, եւ նրանցից կոնկրետ ո՞ւմ կարող ենք որոշ ժամանակ անց տեսնել իշխանական վերնախավում, դժվար է միանշանակ պնդել: Բայց ենթադրություններ կարելի է անել:
Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը թողնելուց որոշ ժամանակ անց դուրս եկավ նաեւ ՀՀԿ-ից, չնայած այդ կուսակցության առաջին փոխնախագահն էր, տասնյակ տարիներ՝ ամենաառանցքային դեմքը: Նույնիսկ հիշում եք ՀՀԿ-ն լքելուց հետո Սերժ Սարգսյանի հետ գետերի, առվակների ու վտակների մասին հեռակա բանավեճը: Աբրահամյանը թեեւ հայտարարեց հետագայում էլ քաղաքականությամբ զբաղվելու պատրաստակամության մասին, բայց այդպես էլ մինչեւ հիմա նա հրապարակային գործողություն չի արել` բացառությամբ որդուն՝ Արգամին, «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր դարձնելուց: Նա չմիջամտեց Արտաշատի քաղաքապետի ընտրություններին, երբ պաշտոնը թափուր էր մնացել Արգամ Աբրահամյանի` պատգամավոր դառնալուց հետո: Թե ինչը նրան ետ պահեց կես ճանապարհից, պարզ չէ: Բայց փաստ է, որ Աբրահամյանից այլ քայլեր էին սպասվում, մանավանդ, երբ Ս. Սարգսյանի հետ նրա ուղղակի եւ անուղղակի հակասությունների ականատեսն ենք եղել բազմիցս:
Սեյրան Օհանյանը եւս իշխանությունից դուրս գալուց հետո առճակատվել է Սերժ Սարգսյանի հետ. նա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «ՕՐՕ» դաշինքն էր ղեկավարում, բնականաբար այդ ընթացքում հասցրեց մի լավ քննադատել իշխանությանը, անուղղակի պատասխանատվության սլաքներն ուղղելով Սերժ Սարգսյանի դեմ: Օհանյանի անունը շրջանառվում էր նաեւ Նորք-Մարաշում բացահայտված զինված խմբի դատավարության շրջանակներում: Սեյրան Օհանյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հակասությունները նաեւ անձնական-ընտանեկան մակարդակում են: Այդ մասին շատ է խոսվել: Բայց ԱԺ ընտրություններից հետո, երբ «ՕՐՕ» դաշինքը չհաղթահարեց անցողիկ շեմը, Սեյրան Օհանյանը դուրս եկավ քաղաքականությունից ու հիմա հրապարակային դաշտում չի երեւում:
Երկու գործչի պարագայում էլ կարելի է ասել` թեեւ Սերժ Սարգսյանի հետ անձնական խնդիրներ ունեն, բայց չի բացառվում` ինչ-որ ժամանակ անց հաշտվեն եւ կրկին հայտնվեն իշխանական վերնախավում, իհարկե, որոշակի գնի դիմաց: Ինչպես ասում են՝ ամեն ինչ գնվում է եւ ամեն ինչ վաճառվում:
Ամեն ինչ այլ է Գագիկ Խաչատրյանի կամ Գագիկ Բեգլարյանի պարագայում. նրանք իշխանությունից հեռանալուց հետո բացահայտ առճակատումների չեն գնացել, հրապարակային որեւէ թթու խոսք չեն հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին: Ավելին՝ Բեգլարյանը իր մարդկանց տեղավորել է տարբեր պաշտոններում՝ ԱԺ, դիվանագիտական ոլորտ: Այնպես որ, նրանց վերադարձը շատ ավելի հեշտ կարող է լինել, գոնե միջանձնային հարաբերությունների տեսանկյունից:
Թե ինչ հունով կընթանան զարգացումները, կերեւա առաջիկայում: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ առջեւում հետաքրքիր եւ անակնկալ իրադարձություններ են սպասվում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԽԱԲԵԼ Է
Պետական պաշտոնյաները հերթական անգամ չեն գիտակցում իրենց դիրքի կարեւորությունը եւ հանրությանը մոլորության մեջ գցելով` խաբում են: Նման պաշտոնյա է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի` 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Իսկ հետագայում կարգելվի նաեւ դրանց շահագործումը, վերահաշվառումը:
Հիշեցնենք, սակայն, նախարար Մարտիրոսյանը կարող էր ազնիվ գտնվել ու այս մասին տեղեկացնել մարդկանց այն ժամանակ, երբ այս թեմայի շուրջ աղմուկ բարձրացավ, ու հանրությունը խոսում էր, որ աջակողմյան ղեկով տեղաբախշմամբ ներմուծումը հնարավոր է առաջիկայում արգելվի: Նա մի քանի անգամ կրկնել էր իր նույն ձեւակերպումը` «առայժմ որոշում չկա»: Բայց իրականում այս հարցը որոշված է եղել վաղուց, պարզապես փորձել են հասարակությանը «կամաց-կամաց» մատուցել այդ թեման: Ու եթե իշխանություններն ազնիվ գտնվեին, ապա հանրությունը կիմանար, թե ինչպես արձագանքել, ու միգուցե չներկրեին աջակողմյան ղեկով մեքենաներ:

 

 

 

ԱԱԾ-Ն, ԹՄՐԱՆՅՈՒԹՆ ՈՒ ԿԻՆԸ
Մեր տեղեկություններով` Գորիսի ՔԿՀ-ում թմրանյութ մատակարարելու համար ձերբակալված կնոջը ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 30-ին ԱԱԾ-ն անակնկալ խուզարկություններ էր սկսել ՔԿՀ-ում այն բանից հետո, երբ թմրանյութի իրացման համար ձերբակալել էին մի կնոջ, որը պարբերաբար ՔԿՀ էր մատակարարել թմրանյութ: Ու հիմա, փաստորեն, թեեւ քննությունը դեռ ԱԱԾ-ում շարունակվում է, սակայն կնոջը ազատ են արձակել, իսկ ահա Գորիսում դեռեւս զարմանում են` ինչպես այդ դեպքից հետո ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը չազատվեց պաշտոնից: Ավելին` տեղեկություններ կան, որ այս օրերին Մաքունցը բավականին գործուն քայլեր է իրականացնում` որդուն իր տեղը նշանակելու համար, քանի որ նա փետրվարին թոշակի է գնալու:

 

 

 

ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը շարունակում է հետամուտ լինել, որպեսզի ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը պատասխանատվության ենթարկվի իրեն նախորդ տարվա դեկտեմբերին խփելու համար: 2016թ. դեկտեմբեի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ, որը ավելի ուշ կարճվել էր: Լրագրողը ՀՔԾի որոշումը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, բայց ապարդյուն: Լրագրողն այս որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ բավարարել էին հայցը՝ եզրակացնելով, որ ՀՔԾ-ն խախտել է լրագրողի իրավունքներն ու պատշաճ քննություն չի իրականացրել: Ու հիմա էլ այս որոշման դեմ ՀՀ վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել ՀՔԾ-ն:

 

 

ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ
Դեկտեմբերի վերջին Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Առաջիկա այցի մանրամասները քննարկվել են Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի` այսօր կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես նշված է Վրաստանի կառավարության աշխատակազմի կայքում` նախագահ Սարգսյանը Վրաստանի մայրաքաղաք կայցելի դեկտեմբերի 25-26-ը: Հայաստանի նախագահի այցի ծրագրի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ, փոխանցում է «Նովոստի Գռուզիա»-ն:

 

 

ՉԻ՞ ԽԱՆԳԱՐԻ
Ըստ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի` Հայաստանը պետք է հարգի այն կանոնները, որոնք հաստատվել են ԵՄ տարածքում։ Նա բնական է համարում այն, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիր, պետք է հարգի այն կանոնները, որոնք հաստատվել են ԵՄ տարածքում: Դեսպանն անդրադարձել է հայկական կոնյակի անունը ներքին եւ արտաքին շուկայում փոխելու պահանջին, քանի որ համաձայնագրի մի դրույթ վերաբերում է կոնյակի ու շամպայնի անունները նաեւ ներքին շուկայում փոխելուն, ու Հայաստանին դրա համար տրված է 25 տարի ժամանակ: Հարցին, թե բրենդից հրաժարվելը խոցելի չի՞ դարձնի Հայաստանին առեւտրային ոլորտում, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է. «Հենց համաձայնագիրը լուծում է ու կարգավորում այդ խնդիրները: Համաձայնագիրը ստորագրելուց հետո կողմերը պետք է հարգեն այն կանոնները, որոնք հաստատվել են ԵՄ տարածքում: Փաստաթուղթը նաեւ նախանշում է օգնության հնարավորություններ հայկական ձեռնարկություններին: Այս համաձայնագրով պայմանավորվում են միջանկյալ լուծումներ թե՛ ներքին, թե՛ Եվրամիության շուկայի, թե՛ ԵՏՄ անդամ երկրների շուկաների համար»:




Լրահոս