«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ՀՈԴՎԱԾ 107
1. Կողմերը պետք է ամրապնդեն եւ խրախուսեն միջսահմանային համագործակցության զարգացումը՝ սույն Համաձայնագրով նախատեսված այլ ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, բնապահպանությունը, հաղորդակցության ցանցերը, մշակույթը, կրթությունը, զբոսաշրջությունը եւ առողջապահությունը։
2. Կողմերն անդրազգային եւ միջտարածաշրջանային ծրագրերի միջոցով պետք է ակտիվացնեն իրենց շրջանների միջեւ համագործակցությունը՝ խրախուսելով Հայաստանի Հանրապետության շրջանների մասնակցությունը Եվրոպական տարածաշրջանային կառույցներում եւ կազմակերպություններում եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման միջոցով խթանելով դրանց տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացումը։
3. 2-րդ պարբերության մեջ նշված միջոցառումները պետք է տեղի ունենան ստորեւ նշվածների համատեքստում՝
ա) Եվրոպայի տարածաշրջանների հետ տարածքային համագործակցությունը շարունակելը (այդ թվում՝ անդրազգային եւ միջսահմանային համագործակցության ծրագրերի միջոցով),
բ) Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ Եվրոպական միության մարմինների, այդ թվում՝ Տարածաշրջանների կոմիտեի հետ համագործակցությունը, եւ Եվրոպայի տարածաշրջանային տարբեր նախագծերին ու նախաձեռնություններին մասնակցությունը, եւ
գ) համագործակցությունը, մասնավորապես, Սոցիալական եւ տնտեսական հարցերով եվրոպական կոմիտեի (ՍՏՀԵԿ) եւ Եվրոպական տիեզերական պլանավորման դիտարկումների ցանցի (the European Spatial Planning Observation Network] (ESPON) հետ։
ՀՈԴՎԱԾ 108
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ԳԼՈՒԽ 23
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 109
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ բնական եւ տեխնածին աղետների դեմ պայքարի գործընթացում։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության եւ փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաեւ Կողմերի միջեւ գոյություն ունեցող փոխկախվածությունը եւ այդ ոլորտում իրականացվող բազմակողմ միջոցառումները։
ՀՈԴՎԱԾ 110
Համագործակցությունը պետք է ուղղված լինի բնական եւ տեխնածին աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու եւ արձագանքելու գործընթացների բարելավմանը։
ՀՈԴՎԱԾ 111
Կողմերը, մասնավորապես, երկկողմ հարաբերությունների հիման վրա եւ (կամ) բազմակողմ ծրագրերի շրջանակներում պետք է փոխանակեն տեղեկությունններն ու փորձառությունը եւ իրականացնեն համատեղ միջոցառումներ։ Համագործակցությունը կարող է ընթանալ, մասնավորապես, քաղաքացիական պաշտպանության ոլորտում Կողմերի միջեւ կնքված հատուկ համաձայնագրերի եւ (կամ) ձեռք բերված վարչական պայմանավորվածությունների իրականացման միջոցով։ Կողմերը սույն Համաձայնագրով նախատեսված կամ ծրագրված միջոցառումների համար կարող են համատեղ սահմանել հատուկ ուղեցույցներ եւ (կամ) աշխատանքային պլաններ։
ՀՈԴՎԱԾ 112
Համագործակցությունը կարող է ընդգրկել հետեւյալ նպատակները՝
ա) կոնտակտային մանրամասների փոխանակում եւ կանոնավոր կերպով դրանց թարմացում՝ երկխոսության շարունակականությունն ապահովելու եւ 24-ժամյա ռեժիմով միմյանց հետ կապ հաստատելու նպատակով,
բ) խոշոր արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ աջակցության խթանում՝ անհրաժեշտության եւ բավարար ռեսուրսների առկայության դեպքում,
գ) Եվրոպական միության կամ Հայաստանի Հանրապետության վրա ազդեցություն ունեցող մեծամասշտաբ արտակարգ իրավիճակների վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով նախազգուշացումների եւ թարմացված տեղեկությունների, այդ թվում՝ աջակցության վերաբերյալ պահանջների եւ առաջարկների փոխանակում,
դ) արտակարգ իրավիճակների դեպքում Կողմերի կողմից այն երրորդ երկրներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, որտեղ գործում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը,
ե) հյուրընկալող երկրի աջակցության շուրջ համագործակցություն՝ աջակցություն խնդրելու կամ տրամադրելու դեպքում,
զ) աղետները կանխարգելելու, դրանց նախապատրաստվելու եւ արձագանքելու ոլորտում լավագույն գործելակերպի եւ ուղեցույցների փոխանակում,
է) աղետների ռիսկի նվազեցման շուրջ համագործակցություն, որը, մասնավորապես, հասցեագրում է, ինստիտուցիոնալ կապերն ու պաշտպանությունը, տեղեկատվությունը, կրթությունն ու հաղորդակցությունը, եւ լավագույն գործելակերպը՝ միտված տարերային աղետների ազդեցությունը կանխարգելելուն կամ մեղմելուն,
ը) աղետների կառավարմանն առնչվող վտանգի ու ռիսկի գնահատման եւ աղետների վերաբերյալ գիտելիքների բազայի կատարելագործման շուրջ համագործակցություն,
Շարունակելի…
ՊԱՅՔԱՐ` «ՊԱՆԴԱ» ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հրուշակեղենի, կոնֆետների ներկրող «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը հայտնվել է ծանր կացության մեջ: Ընկերության հիմնադիր Անդրանիկ Դավթյանը «Ժողովուրդ, օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակի պատճառը հայկական «Գրանդ Քենդի» ընկերությունն է:
Բանն այն է, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը հոկտեմբերի 25-ին դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ հայտնել, որ հանդիսանում է «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանների իրավատերը: Բացի այս` «Գրանդ Քենդի»-ն ՏՄՊՊՀ-ին հայտնել է նաեւ, որ ՀՀ տարբեր քաղաքների վաճառասրահներում հայտնաբերվել են իրենց ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման նշաններով ներմուծված ապրանքներ, ինչը կարող է հանդիսանալ անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Պարզվում է` «Պանդա»-ների պատկերով կոնֆետներ ՀՀ ներկրել է նաեւ «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ընկերությունը, որը հանդիսանում է ռուսական «Շոկոլենդ»-ի պաշտոնական ներկայացուցիչը եւ երկար տարիներ ներկրում է «Chocopanda» անվանումով կոնֆետներ: Ընկերության հիմնադիր Անդրանիկ Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ իրենք եւս դիմել են ՏՄՊՊՀ հոկտեմբերի 27-ին եւ պահանջել ուսումնասիրություն կատարել շուկայում: ««Գրանդ Քենդի»-ն պահանջում է ՏՄՊՊՀ-ից, որ մեզ արգելեն այդ կոնֆետները վաճառել: Իսկ ռուսական «Շոկոլենդ» գործարանից մեզ հայտնեցին, որ այդ ապրանքը իրենք արտադրում են 2014 թվականից, եւ դա «Գրանդ Քենդիի» գյուտը չէ: Նաեւ ուղարկել են հաշիվ-ապրանքագրերը, իրենց հետազոտությունը եւ այլ փաստաթղթեր, որոնք ապացուցում են դա»,- ներկայացրեց ներկրողը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը մտավոր սեփականության գործակալությունում «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանը գրանցել է 2016 եւ 2017 թվականներին: Ըստ Անդրանիկ Դավթյանի` սա ընդամենը մտավոր սեփականության գործակալության անփութության հետեւանք է, որովհետեւ երբ «Գրանդ Քենդին» դիմել է «Պանդա»-ի ապրանքանիշը հեղինակային գրանցելու պահանջով, գործակալությունից ոչ ոք չի ուսումնասիրել, չի հետազոտել: Ըստ Անդրանիկ Դավթյանի` «Պանդա»-ի տեսքով կոնֆետները ամբողջ աշխարհում հայտնի են եւ իրացվում են դեռեւս 2010 թվականից` Չինաստանում, Ռուսաստանում եւ Ճապոնիայում։ Տեղեկացնենք, որ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է, եւ առաջիկայում հայտնի կդառնա, թե ինչ որոշում կկայացվի:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ «Գրանդ Քենդի»-ից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՀԱՂԹԵՑ
2018թ. մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում տեղի կունենան համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է դեռեւս այս տարվա նոյեմբերի 16-ին: Բանն այն է, որ դեռեւս 2017թ. օգոստոսի 18-ին Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լեւոն Սարիբեկյանի եւ Սեւակ Գասպարյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին: Իսկ որպես հիմնավորում նշվել էր այն հանգամանքը, որ Ազատամուտի նշված հինգ անդամները մեկ տարվա ընթացքում անհարգելի բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելիից: Արդյունքում Ազատամուտ համայնքի ինը հոգանոց ավագանու գործող անդամների թիվը դարձել է չորս: Հետեւաբար այն չէր կարող նիստեր գումարել եւ բնականոն գործունեություն ծավալել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազատամուտի ավագանու` նշված 5 անդամները ընտրվել են անցած տարվա սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով: Նրանք ընտրվելուց հետո հակասության մեջ են մտել ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանի հետ: Վերջինս Ազատամուտ համայնքի ղեկավարն է 2008թ.-ից: Հակասության պատճառը եղել է այն, որ նորընտիր ավագանու անդամները պահանջել են իրենց տրամադրել իրենց համայնքի` 2016թ. ծախսերի, 2017թ. բյուջեի վերաբերյալ տվյալներ, նաեւ համայնքապետարանի նախկին եւ ներկա աշխատակիցների ցանկը:
Ամենայն հավանականությամբ ավագանու անդամները իրենց իրավունքների եւ պատկերացումների մասին լավ տեղեկացված չեն եղել: Հակառակ դեպքում հինգ անդամները ավագանում լինելով մեծամասնություն` կարող էին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անել:
ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ԵՎ ՄԻԱՅՆ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործերի մի զգալի մասը հայաստանյան բանկերի, վարկային կազմակերպությունների, հեռահաղորդակցության ընկերությունների ներկայացրած գումարի բռնագանձման հայցերն են: Դեկտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում` դատավոր Սիմա Իսկանդարյանի նախագահությամբ, քննվել է վեց հայցադիմում, որոնցով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դատարանից խնդրել էր պատասխանողներից բռնագանձել խմելու ջրի դիմաց կուտակված պարտքերը: Ջրի վարձերը սովորաբար մեկ-երկու հազար դրամ են կազմում: Սակայն սոցիալապես անապահով վիճակում գտնվող բնակիչները չեն կարողանում ամսական մուծումները կատարել, իսկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն էլ իրավունք չունի նրանց ջուրն անջատել, որպեսզի պարտքի չափը չմեծանա: Արդյունքում գումարը մեծանում է, եւ, ի վերջո, մարդիկ հայտնվում են դատարանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ