«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆ ՃԱՀԻՃԸ ՄՏՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «Երեք ընկեր», «Մոխրաման», «Հանի Մանի», «Սուպեր մամա-2» ֆիլմերից, «Ամուսնացածների լիգա» սիթքոմից հայտնի դերասան Յուրի Իգիթխանյանի հետ զրուցել է իր ներկայիս գործունեության, թատրոնից հեռանալու, Ամանորին ընդառաջ ծնված սպասելիքների եւ այլ թեմաների շուրջ։

-Յուրի, 2017-ին հասցրիք ներկայանալ երկու նախագծերում՝ սիթքոմում եւ ֆիլմում։ Ամեն դեպքում, կարծես թե առաջարկներ ընդունելու հարցում առավել զգուշավոր եք դարձել, այո՞։
-Առաջարկներ շատ ունեմ, ուղղակի ինքս սկսել եմ դրանց ավելի լուրջ վերաբերվել։ Օրինակ՝ խոտան սերիալներում նկարահանվելով՝ ֆինանսական հարցեր լուծելու խնդիր չունեմ։
-Նախկինում հանդես էիք գալիս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։ Չե՞ք կարոտել բեմը։ Կարծես թե հանդիսատեսը ցանկանում է տեսնել Ձեզ նոր կերպարներում։
-Ես չեմ էլ մտածում դրա մասին, բայց սուտ կլինի ասել, թե չեմ կարոտել բեմը, հանդիսատեսի հետ կենդանի շփումը։ Ամեն դեպքում, պետք է հասկանալ՝ հանուն ինչի վերադառնալ։ Չեմ ուզում նորից նույն ճահիճը մտնել, դեռ չեմ մտածում, թե կարելի է թատրոն վերադառնալ։ Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա լավ կլինի, եթե նա ինձ տեսնի ավելի հազվադեպ, բայց ինքնատիպ խաղով, քան միանման կերպարներում։
-Իսկ հիմա հիմնականում ինչո՞վ եք զբաղված։
-Կնոջս հետ զբաղվում ենք կորպորատիվ միջոցառումներ կազմակերպելով եւ վարելով, ինքը մանկական շոուներ է անում, ես՝ մեծահասակների։
-Քանի որ առջեւում Ամանորն է, կցանկանայի նաեւ տոնական հարցեր տալ։ Որտե՞ղ եք դիմավորելու Նոր տարին։
-Վերջին տարիներին Ամանորը դիմավորել եմ աշխատանքային միջավայրում՝ միկրոֆոնը ձեռքիս։ Ասում են՝ ինչպես տարին սկսում ես, այնպես էլ այն շարունակվում է՝ ակտիվ, աշխատանքային եւ պոզիտիվ տրամադրությամբ։ 2018-ը եւս դիմավորելու եմ այդ պայմաններում։
-Արդեն երկու բալիկ ունեք, ի՞նչ եք անում՝ նրանց տոնն անմոռանալի դարձնելու համար։
-Ես եւ կինս իսկապես փորձում ենք անել հնարավորը՝ նրանց տոնը հեքիաթի վերածելու համար, յուրաքանչյուր տարի փորձում ենք իրականություն դարձնել նրանց երազանքները։
-Եվ վերջում՝ մեր ավանդական հարցերը. Նոր տարին ինչի՞ հետ եք ասոցացնում։
-Նախ՝ ինչպես նշեցի, հեքիաթի, հետո՝ Ձմեռ պապիկի, գեղեցիկ մուլտերի, մանկության, որը մարդկանց մոտ չպետք է երբեք կորչի։ Նոր տարին ասոցացնում եմ նաեւ տոնածառի ու դրանց տակ հրաշքով հայտնվող նվերների հետ։ Երբ կարիերաս նոր էի սկսում, պարբերաբար Ձմեռ պապիկ էի խաղում, կարծում եմ՝ Նոր տարվա հետ ասոցացվող ամենահրաշք իրերից մեկը նրա պարկն է, որն ուրախություն է բերում մեր փոքրիկներին։
-Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ուտեստը։
-Չեմ սիրում, երբ սեղանը զարդարելը հասնում է ցուցամոլության, մրցավազքի։ Դա նյարդայնացնում է ինձ։ Ամեն դեպքում, մանկուց սիրել եմ մայրաքաղաքային աղցանը, իշլի քյուֆթան, սացիվին։
-Ո՞րն է Ձեր նախընտրելի ամանորյա ֆիլմը։
-«Կառնավալային գիշերը», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Տանը միայնակ»։
-Ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից անձամբ Ձեր եւ ի՞նչ եք խնդրում՝ մեր քաղաքացիների համար։
-Անձամբ ինձ կցանկանայի, որ ժամանակ բերեր։ Ժամանակս ինձ իսկապես չի հերիքում։ Կուզեի, որ իմ օրը գոնե 26 ժամ լիներ (ծիծաղում է)։ Իսկ ավելի գլոբալ ցանկությունս կապված է ժամանակակից թատրոն ունենալու հետ։Կուզենայի, որ Ձմեռ պապիկը մեր քաղաքին բերեր 21-րդ դարի թատրոն՝ համապատասխան պայմաններով, լուսային հզոր էֆեկտներով, դեկորացիաներով, ռեժիսորների կրեատիվ մտահղացումներով, պրոդյուսերներով, որ դերասանը չմտածեր թատրոնից գնալու, ընտանիքը պահելու համար ուրիշ գործով զբաղվելու մասին։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԿՐԿԵՍԻ ՄԱՍՈՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ»
«Ով ասել է, որ Երեւանի կրկեսի նոր շենքը շահագործման կհանձնվի 2017-ին, անպատասխանատու հայտարարություններ է արել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այս մասին դեռեւս 2015 թվականին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի շրջանակներում հայտնել էր այն ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Ինժեների խոսքով՝ քաղաքացիները պետք է համբերությամբ զինվեն, քանի որ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում. «Շատ մարդ շատ բան կարող է ասել, ասողը երեւի տեղյակ չէ աշխատանքների ծավալից։ Սա բնակելի շենք չէ, ստանդարտներից դուրս կառույց է՝ տեխնիկական բարդ լուծումներով։ Փորձում ենք գտնել կառույցը կյանքի կոչելու ամենաօպտիմալ տարբերակը։ Ձգձգելու հարց չկա»,-ասաց նա։
Հարցին, թե, ի վերջո, ե՞րբ սպասենք նոր շենքի շահագործմանը, Ա. Հովհաննիսյանը տվեց մոտավոր պատասխան. «Տարուց ավել էլ կսպասեք»։
Ինժեների խոսքով՝ երկաթբետոնի հետ կապված աշխատանքներն ավարտվել են, կարկասն էլ հարյուր տոկոսով պատրաստ է. «Տանիքի գմբեթն էլ նախագծվել, կառուցվել է, տանիքը ծածկված է, պատվիրատուն ոչ մի հարցի առաջ կանգ չառնելով՝ անում է լավագույնը։ Շենքի երեսպատման աշխատանքներն էլ իննսուն տոկոսով ավարտվել են»,-տեղեկացրեց նա։
Մենք հետաքրքրվեցինք՝ որ հատվածում է տեղ հատկացվելու կենդանիներին՝ հիշեցնելով, որ նախկինում քաղաքացիները դժգոհում էին շենքում տիրող կենդանիների տհաճ հոտից. «Շենքում մշակված է օդափոխության լուրջ համակարգ, այնպես որ նման խնդիր չի լինի»,-հավաստիացրեց մեր զրուցակիցը։
Այս տարվա աշնանը կրկեսի շենքի ապակիներին հայտնվեցին գունավոր հատվածներ, որոնք հետագայում հանվեցին։ Ա. Հովհաննիսյանը, սակայն, խոստանում է՝ դրան փոխարինող ավելի հաջող անակնկալ է սպասվում՝ ինտերակտիվ ֆասադի տեսքով. «Գունավոր ապակիները ոմանք կարող էին ասոցացնել էժանագին թիթեղների հետ, սակայն երբ պատուհանները «վերածվեն» մեծ մոնիտորի, քաղաքացիներն էլ ցանկացած պահի ցանկացած պատկեր, հոլովակ տեսնելու հնարավորություն ունենան, այն ավելի կգրավի նրանց»,-եզրափակեց ինժեները։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս