Նշանակվելով ՀՀ վարչապետ` Կարեն Կարապետյանն աշխատանքային գործունեությունը սկսեց ամենատարբեր ոլորտների վերաբերյալ հանձնարարականներ տալով: Սակայն նրա հանձնարարականներից ամենաառանցքայինները այդպես էլ իրականություն չեն դարձել` մնալով թղթի վրա: «Ժողովուրդ»-ը փոքր ուսումնասիրություն է անցկացրել եւ պարզել, որ իրականություն են դարձել այն հանձնարարականները, որոնք ենթադրում էին օպտիմալացում, ծախսերի կրճատում. այդպես պետական կառավարման համակարգում լուծարվեցին ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ, օպտիմալացվեցին նաեւ որոշ ուսումնական հաստատություններ:
Անգամ «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի մասին վարչապետը շատ է սիրում խոսել, այդպես էլ ըստ էության իրականություն չի դարձել: Էլ չենք խոսում սննդամթերքի որակի եւ անվտանգության բարձրացման մասին. նրա ձեւակերպմամբ, «շանտղությունը», միեւնույն է, շարունակվում է: Ասել է, թե Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմները» այդպես էլ մնացել են օդից կախված: