«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ հունվարի 8-ին Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էր հղել իր գործընկերներից Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ կառավարության կայքից: Միայն թե, նկատենք, պարզ չէ՝ Կարապետյանն ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել` միայն այս երկու երկրների վարչապետներին շնորհավորելով:
Եթե ՌԴ վարչապետին շնորհավորել է որպես ԵԱՏՄ անդամ երկրի կառավարության ղեկավարի, ապա պարզ չէ, թե ինչո՞ւ է անտեսել Բելառուսի վարչապետին: Իսկ եթե որոշել է շնորհավորել ԱՊՀ պետությունների վարչապետներին, ապա անհասկանալի է՝ ինչո՞ւ ուղերձ չի հղել Ուկրաինայի եւ Մոլդովայի կառավարությունների ղեկավարներին: Երեւի Կարեն Կարապետյանի համար մենք ենք, Ռուսաստանն ու Վրաստանը: Չնայած, հայտնի ֆիլմում ասվում էր, թե մենք ենք ու Ավստրիան»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: