«Ժողովուրդ» օրաթերթը 2017թ. սեպտեմբերին գրել էր, որ իշխանությունները մտադիր են փոփոխության ենթարկել ընտրական օրենսգիրքը: Գրել էինք նաեւ շրջանառության մեջ դրված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխոթյունների նախագծի մասին, որով առաջարկվում է ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը:
Այժմ էլ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Միքայել Մելքումյանն են նախաձեռնել փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում: Նրանք առաջարկում են խորհրդարանական ընտրակարգը դարձնել հարյուր տոկոս համամասնական եւ ըստ այդմ օրենքից հանել ռեյտինգային ընտրակարգը՝ ամրագրելով, որ ընտրություններն այսուհետ պետք է կայանան միայն համամասնական ընտրակարգով:
«2017 թվականի ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խորհրդարանական ընտրություններն ուղղակի ապաքաղաքականացվեցին: Ընտրական պայքարն ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ, որտեղ գաղափարական եւ ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան», -նշված է պատգամավորների կողմից ներկայացված հիմնավորման մեջ, որն ուղարկված է կառավարություն:
Սակայն արդարադատության նախարարությունը դեմ է ընտրական օրենսգրքից վարկանիշային ընտրակարգը հանելու առաջարկին, եւ այն որակել են որպես «անհրաժեշտություն չունեցող»: Հավելենք, որ առաջարկը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փոփոխության համահեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան
-Պարո՛ն Էնֆիաջյան, ընտրական օրենսգրքում փոփոխություններ եք կատարել, որով առաջարկում եք ընտրական համակարգը դարձնել հարյուր տոկոս համամասնական: Ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես եկաք:
-Նախ գործող ընտրական օրենսգրքի հետ կապված մենք բազմաթիվ մտահոգություններ ունեցել ենք, ինչի առթիվ նաեւ բազմիցս առիթներ ենք ունեցել խոսելու եւ մատնանշելու, ինչը նաեւ կիրառության մեջ մենք՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչներ, առերեսվեցինք, եւ մեր երկրի քաղաքացիները եւս առերեսվեցին մի շարք դժվարությունների ու խնդիրների հետ կապված: Մեր ծրագրային դրույթները եւ առկա հանգամանքները հաշվի առնելով, որ իրողություն են դարձել, մենք առաջարկում ենք, որպեսզի ՀՀ-ում իրական, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու մեխանիզմ լինի եւ այդ մեխանիզմը, բնականաբար, կարող է օրենքի տեսքով լինել: Այդ իսկ պատճառով ես, Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը ներկայացրել ենք համատեղ օրենսդրական նախաձեռնություն, որտեղ ամրագրված է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու գործընթացը:
-Սակայն կառավարությունն իր եզրակացությունում առաջարկը որակել է որպես անհրաժեշտություն չունեցող: Ի վերջո, գաղտնիք չէ, որ ռեյտինգային ընտրակարգն առաջին հերթին անհրաժեշտ է հենց իշխանություններին: Ի՞նչ եք կարծում` խորհրդարանում ինչպիսի՞ դիրքորոշում կլինի:
-Սա մի ընտրական գործընթաց էր, որի հետ առերեսվել են մեր երկրի բոլոր քաղաքացիներն ու քաղաքական ուժերը, այսօրվա պատգամավորներն այդ թվում: Եվ կարծում եմ՝ մեր գործընկերների համար մեր կողմից ներկայացված առաջարկները պետք է ընդունելի եւ ընկալելի լինեն:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, «Ծառուկյան» խմբակցությունը ընտրական օրենսգրքում փոփոխություններ է նախաձեռնել, որով առաջարկում է հրաժարվել ռեյտինգային համակարգից: Պատրաստվո՞ւմ եք ընդառաջել:
-Ո՛չ, իմ դիրքորոշումը բացասական է:
-Ինչո՞ւ, բացի ՀՀԿ-ից` բոլորը դժոհ են ռեյտինգային համակարգից:
-Ես համարում եմ, որ մենք մանրամասը քննարկել ենք ընտրական համակարգը, եւ այն արդյունավետ գործում է:
-Այսինքն` գո՞հ եք ռեյտինգային համակարգով ընտրված պատգամավորների գործունեությունից:
-Ես գոհ եմ ընտրական համակարգից:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը