«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն». «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների վիճակը անցած տարվա հունիսին ահա այսպես նկարագրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ի՞նչ փոխվեց ոլորտում: Նրա այս հայտարարությունից անցել է մոտ 8 ամիս, սակայն «անթրաշ», «սիգարետը բերանին» վարորդները շարունակում են տաքսի վարել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին` կառավարության նիստերից մեկի ընթացքում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, ՀՀ ոստիկանապետին հանձնարարել էր հատուկ վերահսկողություն սահմանել, ստուգումներ անցկացնել եւ անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելիս հատկապես ուշադիր լինել: Վարչապետի այս հայտարարությունից անցել է մոտ 8 ամիս, սակայն ոլորտում դեռեւս էական փոփոխություններ չեն նկատվում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հետաքրքրվեց, թե նախարարությունը կոնկրետ ի՞նչ քայլեր է արել եւ ի՞նչ արդյունքներ է արձանագրել այս ուղղությամբ: Պարզվեց` ոչինչ: Միայն. «Մենք սկսել ենք շահագործել Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր ավտոբուսային երթուղին: Դա խթան է հանդիսանում, որ մեր ուղեւորները հնարավորինս օգտվեն հենց այդ տրանսպորտային տեսակից, որը մաքուր է, լրիվ նոր է, ժամանակակից կահավորանք ունի»:
Ապա անդրադառնալով տաքսիների ոլորտին` պաշտոնյան հայտարարեց, որ տրանսպորտային պետական տեսչության աշխատակիցների կողմից ամենօրյա վերահսկողական գործառույթներ են իրականացվում: Այսինքն` նախարարության աշխատակիցները ամեն օր շրջում են եւ վերահսկողական միջոցառումներ իրականացնում: «Ուսումնասիրությունների արդյունքում նրանք, ովքեր չեն համապատասխանում ընդհանրապես օրենքով սահմանված պահանջներին ու պայմաններին, նրանց նկատմամբ կիրառվում է վարչական պատասխանատվություն»,- ընդգծեց տեսչության պետի տեղակալ Դ. Մելքոնյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ տաքսի վարելու համար նախ անհրաժեշտ է նախարարությունից ստանալ լիցենզավորման կարգ: Իսկ այն ստանալու համար վարորդը պետք է ներկայացնի կարգով պահանջվող փաստաթղթերը եւ համապատասխան վճարում կատարելուց հետո նա արդեն կարող է հանգիստ տաքսի վարել: Ըստ Մելքոնյանի` պահանջներ կան, որոնք վարորդը պարտավոր է ապահովել:
Նախարարության ներկայացուցչի հետ զրույցում պարզվեց, որ լիցենզիա տրամադրելու ժամանակ չի ասվում, թե վարորդի տեսքն ինչպիսին պետք է լինի, եւ ինչպես պետք է իրեն պահի: Անգամ նախարարության աշխատակիցը չի ստուգում` արդյո՞ք վարորդի մեքենան բավարարում է լիցենզավորման կարգի տրամադրման համար նախատեսված հուշաթերթիկի պահանջները:
Իսկ տվյալ հուշաթերթիկն ունի հետեւյալ պահանջները.
1. Ուղեսրահում` ուղեւորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր` սակաչափիչ, որը պետք է ստուգաչափվի կոնկրետ ավտոմոբիլի համար եւ ամրացվի այդ ավտոմոբիլին:
2. Տանիքին` «Տաքսի» գրառմամբ կամ շախմատաձեւ դեղին եւ սեւ գույնի տարբերանշան:
3. Ուղեսրահում` տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության եւ տվյալ ավտոմոբիլի վարորդի կամ Ա/Ձ չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվություն` կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը, վարորդի անունը, ազգանունը:
4. Թափքի կոդային մասում եւ ուղեսրահում գնացուցակ, որը առնվազն պետք է ներառի ուղեւորափոխադրման նվազագույն արժեքը, ուղեւորափոխադրման սակագինը, նստելավարձի եւ սպասելավարձի մասին տեղեկություն:
5. Դիմապակու ներքեւի աջ անկյունում փակցված լիցենզիայի ներդիր:
Հայաստանում այսօր գործում են մի քանի հազարների հասնող տաքսիներ: Արդյո՞ք բոլոր տաքսի ավտոմեքենաներն են համապատասխանում հուշաթերթիկում ներկայացված պահանջներին: Իհարկե ոչ: Չեն կարող բավարարել հուշաթերթիկի պահանջները, որովհետեւ նախարարության աշխատակիցը կարգը տրամադրում է առանց ստուգելու ավտոմեքենան:
«Նախարարության աշխատողը ֆիզիկապես չի ստուգում մեքենան: Մարդկային գործոնը մենք բացառել ենք: Չենք ուզում, որ մեր աշխատակիցը իջնի, փաստացի մեքենան նայի եւ դուրը չգալու կամ գալու դեպքում համապատասխան փաստաթուղթը տա: Եթե մեքենան տեխնիկապես խնդիր ունի, ապա այդ խնդրի պատասխանատուն տեխնիկական զննության կայանն է:
Մեր նախարարության լիցենզավորման գործակալության աշխատակիցը չի կարող տրանսպորտային միջոցի վերաբերյալ եզրակացություն տալ»,- արդարացավ տեսչության պետի տեղակալը: Նա զրույցի ընթացքում նկատեց նաեւ, որ տաքսիների մասով օրենսդրական փոփոխություններ են իրականացվում` անվտանգությունը, սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ: Հարցին` երբ են, ի վերջո, իրականանալու այդ փոփոխությունները, վարչության պետի տեղակալը արձագանքեց. «Մենք արդեն նախագիծ ունենք, որը քննարկում ենք եւ հույս ունենք, որ հնարավորինս արագ կլինի»:
Հուսանք` մի օր էլ վարչապետը կմտահոգվի այս հարցի շուրջ եւ հանձնարարականը տալուց հետո հետեւողական կլինի դրա կատարմանը: Եւ մենք` ՀՀ քաղաքացիներս, տաքսի կանգնեցնելուց վայրկյաններ անց չենք ափսոսի դրա համար: Կամ աշխատանքից հոգնած ստիպված չենք լինի փնթի, «ռաբիս քոքած քյառթու», մուննաթով, անընդհատ խոսող ու դժգոհող վարորդին մի քանի րոպեով վստահել մեր կյանքը:
Սյունէ Համբարձումյան