Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիմակայությունը գնալով ավելի բացահայտ դրսեւորումներ է ստանում: Հատկապես հունվարի 1-ից սկիզբ առած գնաճը՝ պայմանավորված Հարկային նոր օրենսգրքի կարգավորումներով, այս առումով հիանալի առիթ է հանդիսացել:
Մինչ Կարեն Կարապետյանն ամանորյա տոներից հետո շարունակում էր վայելել հանգիստը, մենկելով հնգօրյա արձակուրդի, Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել՝ սպառողական շուկայում արձանագրված գնաճի վերաբերյալ: Ավելին` Ս. Սարգսյանը գնաճի հետեւանքները մեղմելու ուղղությամբ հանձնարարականներ էր տվել տնտեսական ոլորտի պատասխանատուներին:
Բայց նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն իր հերթին փորձում էին համոզել, թե գնաճը վերահսկելի է, անգամ որոշ ապրանքներ էժանացել են: Իսկ վարչապետի «Ո՞ր գինն է չոքել մեր դռանը» հարցը, կարելի է համարել սյուրռեալիզմի ժանրից: «Հարցը դնելիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ: Ամեն ինչը համեմատության մեջ է: Մեր օֆիցիալ գնաճը 2.6 տոկոս է, 6.7 տոկոս Վրաստանում է, 7.9 տոկոս Ադրբեջանում է: Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի ա: Ես ասում եմ՝ սարսափելի չի»,- ԱԺ-ում բորբոքվել էր նա:
Բնականաբար, Կարեն Կարապետյանի այս հայտարարությունը չընդունվեց հասարակության կողմից, սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա նկատմամբ դժգոհության նոր ալիքի պատճառ դարձավ: Ու հիմա Սերժ Սարգսյանը փորձում է հասարակական դժգոհությունները նրբորեն ուղղորդել դեպի կառավարություն: Մանավանդ, երբ Ամանորից հետո երեկ իր գլխավորությամբ անցկացված կառավարության նիստին Կարեն Կարապետյանն այդպես էլ որեւէ բառ չասաց գնաճի ու դրա հետեւանքների մասին, կարծես՝ սակագների բարձրացումը բոլորովին օտար երկրում է եղել:
Փոխարենը երեկ` տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, Սերժ Սարգսյանը կրկին խոսել է գնաճից: Ըստ նախագահականի պաշտոնական հաղորդագրության` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Ս. Սարգսյանին է ներկայացրել «առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմման վերաբերյալ Նախագահի` մոտ օրերս կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում` բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական շուկաների մշտադիտարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը»:
Ու հիմա ստացվում է հետեւյալ պատկերը՝ Սերժ Սարգսյանը մտածում է ժողովրդի մասին, անգամ մտահոգված է գնաճի թեմայով, հանձնարարականներ է տալիս, հետեւում դրանց իրականացմանը` մի քանի օր անց խորհրդակցություն հրավիրելով: Մինչդեռ Կարեն Կարապետյանը, ընդհակառակը, թքած ունի ժողովրդի վրա, ավելին՝ համոզում է, թե գնաճ չկա, որոշ ապրանքատեսակների թանկացմամբ, սարսափելի ոչինչ չի պատահել:
Համաձայնեք, առաջին հայացքից բավական նրբորեն, լավ է բեմադրված: Ու հետո` ձեռքի հետ էլ Սերժ Սարգսյանը նման քայլերով իրեն պահում է որպես ապագա վարչապետացու (հիշեցնենք՝ նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն է դառնալու երկրի առաջին դեմքը, իրական ղեկավարը): Մանավանդ, երբ նախորդ տարի ԱԺ ընտրություններից հետո էլ իշխանությունների առաջ Ս. Սարգսյանը դրել էր առաջիկա 25 տարիների Հայաստանի զարգացման խնդիրը` մատնանշելով կոնկրետ ցուցանիշներ եւ ժամկետներ:
Բայց որքան էլ գեղեցիկ կազմակերպված լինի այս բեմականացումը, այնուամենայնիվ, կա մեկ էական բացթողում: Որքան էլ Սերժ Սարգսյանը փորձում է ձեւացնել, թե ինքը կապ չունի գնաճի հետ, դեռ ավելին՝ մտածելով ժողովրդի մասին` փորձում է պայքարել դրա դեմ, միեւնույն է` համոզիչ չի հնչում: Ի վերջո, Սերժ Սարգսյանը` որպես պետության ղեկավար, նույնքան պատասխանատու է կատարվածի համար, հատկապես, երբ առանց նրա գիտության բացառված է որեւէ տեղաշարժ: Եւ հետո` իր գլխավորած ՀՀԿ-ն քաղաքական մենաշնորհ է հաստատել. ՀՀԿ-ի կառավարությունն է հեղինակել Հարկային օրենսգիրքը, եւ ԱԺ-ում ՀՀԿ մեծամասնությունն է ընդունել այն, եւ, վերջապես, Ս. Սարգսյանն էլ ստորագրությամբ վավերացրել է գնաճի ալիքի պատճառ դարձած փաստաթուղթը: Այնպես որ, կատարվածի համար պատասխանատու է իշխանությունն ամբողջությամբ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ