Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկեց լինել ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն: Վերջինս ժամանակ է խնդրել մտածելու և իր վերջնական պատասխանը տալու համար:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ:
– Պարո՛ն Իգիթյան, այսօր հրապարակվեց նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի աունը: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
-Արմեն Սարգսյանին շատ վաղուց ճանաչում եմ և բավականին մտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել, հանդիպում ենք: Գիտեք, պերսոնալ վերաբերմունքը և մարդու պերսոնալ արժանիքները, իհարկե, շատ կարևոր են, բայց ավելի կարևոր է՝ մարդը ինչպես կտեղավորվի այն համակարգի մեջ, որը նախատեսված է Սահմանադրությամբ: Հայաստանում շատ լուծելու խնդիրներ կան, շատ անարդարություն, անօրինականություն, և լրագրողները, քաղաքական գործիչները, ընդդիմությունը, նույնիսկ հասարակական գործիչները, փորձում են դա շտկել, որովհետև հնարավոր չէ դա հանդուրժել: Հաշվի առնելով Արմեն Սարգսյանի անձնական վերաբերմունքը շատ երևույթների հանդեպ` ժամանակը ցույց կտա, թե ինչքանով կկարողանա տեղավորվել և փորձել ինչ-որ մի բան բարելավել:
– Համապատասխանո՞ւմ է արդյոք Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի նշած չափանիշներին:
-Ես արդեն գիտեի՝ ում մասին էր խոսում Սերժ Սարգսյանը: Ինձ թվում է, որ դրանք այն չափանիշները չէին, որով Արմեն Սարգսյանը կուզենար իրեն բնութագրեն: Երևի Սերժ Սարգսյանի համար միակ բանը, որ ուզում էր ասել, այն էր, որ այդ մարդը Հանրապետական կուսակցության անդամ չէ, որը իրականությանը համապատասխանում է:
– Պարո′ն Իգիթյան, ինքներդ ո՞ւմ էիք տեսնում որպես նախագահի թեկնածու:
-Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության այս իրավիճակում ավելի հարմար թեկնածուի չէի սպասում: Ճիշն ասած` մտավախություններ են եղել, որ դա կլինի, այսպես ասած, քաղաքականապես անատամ հանարապետականի անդամ կամ սովետական միությունից մնացած չակերտավոր մտավորական:
Ես կվերցնեի ամենասկզբունքային, այս իրավիճակին ամենանհանդուրժողական մարդուն՝ թեկուզ ընդդիմադիր: Այն ընդդիմադիրն, ով ատելությամբ լցված չէ, բայց պատրաստ է և ունի լուծումներ: Մեր պրոբլեմն այն է, որ հասարակությունն ապրում է իր կյանքով, իշխանությունն իր, բայց Հայաստանում կան մարդիկ, ովքեր պարբերաբար երևույթների մասին խոսում են, ունեն արժանապատվություն, երբեք չեն ջարդվել, այո′, եղել է նաև, որ իրենց նույնիսկ քաղբանտարկյալ էին սարքում: Ցավոք, պառլամենտում մի «Ելք» դաշինքը շատ չէ, որ կարողանա ժողովրդի բոլոր հոգսերն այնտեղ ներկայացնել: Բայց իհարկե, դա կլիներ կոնֆլիկտային իրավիճակ, և Սերժ Սարգսյանը երբեք չէր գնա այդ քային: Արմեն Սարգսյանն այս պարագայում երևի ամենաօպտիմալ թեկնածուն է Սերժ Սարգսյանի համար:
– Արմեն Սարգսյանը 3 ամիս զբաղեցրել է ՀՀ վարչապետի, այնուհետև Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնները: Արդարացրե՞լ է իրեն պաշտոնավարման ընթացքում:
-Նախ որպես դեսպան` շատ եմ շփվել հատկապես 90-ական թվականներին: Արմեն Սարգսյանը պետության կառուցման սկզբնական փուլում եղել է լավ դեսպան: Կոորդինացրել է նաև բոլոր եվրոպական դեսպանությունների աշխատանքները, և մենք իրեն նաև Եվրոպայի դեսպան էինք համարում: Այն ժամանակ բավականին հայտնի էր և բավականին լավ էր աշխատում: Որպես վարչապետ` շատ քիչ ժամանակ է աշխատել և առողջական խնդիրների պատճառով ստիպված դուրս եկել: Ես տեղյակ եմ, որ վարչապետ նշանակվելու ժամանակ իր աշխատանքում Արմեն Սարգսյանը դրել էր մի քանի սկզբունքներ, որոնք շատ կարևոր էին այն ժամանակ և, ցավոք, չկարողացավ այդ սկզբունքներն իրականացնել:
Վարդուհի Զաքարյան