Ինչպես հայտնի է` գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին, իսկ ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունները կկայանան մարտի 2-ին: Դրանք տարբերվելու են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններից. այս անգամ երկրի նախագահին կընտրի ոչ թե ժողովուրդը, այլ Ազգային ժողովը:
Այդպիսով, Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման: Ընտրության այս ձեւը հետևանք է սահմանադրական փոփոխությունների: Նոր Սահմանադրությունում ամրագրված է, որ ՀՀ նախագահ կարող է դառնալ 40 տարին լրացած, վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող ցանկացած անձ: Ընդ որում, նույն անձը միայն մեկ անգամ կարող է ընտրվել ՀՀ նախագահ և պաշտոնավարել յոթ տարին ժամկետով:
Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում որոշել է առաջադրել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով դեռևս իր վերջնական համաձայնությունը չի տվել:
Իսկ որքան ձայն է պետք ՀՀԿ-ին` Արմեն Սարգսյանի ընտրման համար: Ընտրության առաջին փուլում նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/4-ով: Առնվազն 3/4 նշանակում է 79 պատգամավոր, սակայն կոալիցիա կազմած ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին կազմում են 65 պատգամավոր: Ընտրություններին առաջին փուլում ավարտելու համար պետք է ևս 14 ձայն:
Կարող ենք հիշել միայն վերջերս խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, երբ վերջինս չէր բացառել, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածուին:
Եթե դա տեղի չունենա, կնշանակվի երկրորդ փուլ: Այստեղ կհաղթի այն թեկնածուն, ով ստացել է ձայների առնվազն 3/5-ը: Ասել է, թե 63 պատգամավորի կողմ քվեարկություն: Այս դեպքում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ձայները միասին բավարար կլինեն: Սակայն այս սցենարը քիչ հավանական է:
Նաիրա Հովհաննիսյան