
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ նախագիծ է դրել, որը ենթադրում է փոփոխություններ կատարել «Անվտանգության խորհրդի կարգավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կատարվող փոփոխությունները բխում են նոր Սահմանադրության պահանջներից: Մասնավորապես այսուհետ ՀՀ նախագահի փոխարեն անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, ով համարվելու է պետության իրական ղեկավարը: Ասել է, թե վարչապետի ձեռքում են կենտրոնացվելու ոչ միայն ուժային կառույցները, այլ նաեւ այս խորհուրդը: Նշենք, որ դեռեւս գործող Սահմանադրության համաձայն` անվտանգության խորհուրդը կազմավորում եւ նախագահում էր նախագահը: Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից. հենց այդ օրն էլ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները: Սակայն ԱԱԽ մասին այս օրենքը դեռ պետք է քննարկվի ԱԺ-ում ու ընդունվի երկու ընթերցմամբ: