«Մինչև հիմա շատ մարդիկ չեն հավատում, որ ես հեռացա ծանր հիվանդության պատճառով». Արմեն Սարգսյանը` իր երեք կյանքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2013 թվականին ռուսական կայքերը հոդվածներ էին հրապարակում Հայաստանի նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի մասին, ով այժմ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն է, չնայած վերջինս դեռևս չի ընդունել առաջարկը: Այդ ժամանակ հոդվածն ունեցել է հետևյալ անվանումը` «Արմեն Սարգսյանի 3 կյանքերը»:

ArmLur.am-ը ներկայացնում է հոդվածներից մեկը` կրճատումներով:

«Միջազգային ներդրումային Knightsbridge Group ընկերությունն ու նրա ղեկավարը` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, վերջերս էներգետիկ ձևով մտան ռուսական բիզնես: Ընդ որում, Սարգսյանը Հայաստանում հայտնի է ոչ թե գործնական քայլերով, այլ բարեգործական նախաձեռնություններով:

«Արմեն Սարգսյանը Լոնդոնում հայկական համայնքի ամենալուրջ ներկայացուցիչն է` աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը»,- նշել է Պետերբուրգի հայերի միության ղեկավար Կարեն Մկրտչյանը: Սակայն Հայաստանում նրա մասին ոչ միշտ է լավ բան գրվում: Մասնավորապես, Արմեն Սարգսյանին և նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել են այն բանում, որ նրանք միասին զբաղվում են ղազախական գազի ներմուծմամբ Հայաստան: Սակայն անձամբ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, թե Հայաստան ոչ մի բիզնես ծրագիր չի ներմուծել և բացառապես բարեգործությամբ է զբաղվել…

Ֆիզիկոսի ճակատագիրը

… Արմեն Սարգսյանն իր մասին ասում է. «Ես ունեցել եմ երեք կյանք»: Առաջին կյանքում Արմեն Սարգսյանը խորհրդային գիտնական է եղել` ավարտելով Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը եւ պաշտպանելով ատենախոսություն: 1984-1985թթ. նա աշխատել է Քեմբրիջի համալսարանում, այնուհետև դասավանդել է, հարազատ համալսարանում պրոֆեսոր է եղել….

…Հայաստանում դիվանագետների բացակայությամբ կարելի է բացատրել այն փաստը, որ երկրի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը  խնդրել է ֆիզիկայի պրոֆեսոր Սարգսյանին, ով գիտեր անգլերեն և եղել է Լոնդոնում, օգնել այնտեղ դեսպանատուն հիմնելու հարցում: «Ես այն արագ բացեցի, այնուհետև դեսպանություն բացեցի Փարիզում, Բրյուսելում: Շնորհակալություն հայտնելու փոխարեն նրանք ինձ դեսպան նշանակեցին»,- կատակով նկատել է Արմեն Սարգսյանը:

Հոլդինգային պետություն

Այստեղ ավարտվեց Սարգսյան-ֆիզկոսի պատմությունը և սկսվեց քաղաքական գործիչ և դիվանագետ Սարգսյանի պատմությունը: Սկզբում նա մտածում էր, որ կարող է գիտությունը համատեղել պետական ծառայության հետ, բայց դա սխալմունք էր. դիվանագիտական աշխատանքը տարբերվող էր. Սարգսյանը հասցրեց լինել Անգլիայում, ՆԱՏՕ-ում, Եվրամիությունում, Վատիկանում, միևնույն  ժամանակ Եվրոպայում ավագ դեսպան էր: Իսկ 1996-ին, այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ ընտրվեց ՀՀ նախագահ, Սարգսյանին առաջարկեցին ՀՀ վարչապետի պաշտոնը:

Այն ժամանակ, երբ Արմեն Սարգսյանը զբաղեցնում էր կառավարության ղեկավարի պաշտոնը, նա փորձեց Հայաստանը վերածել միջազգային ֆինանսական կենտրոնի` Կիպրոսի պես: Նա ցանկանում էր Հայաստանից ստեղծել հոլդինգային երկիր:

Սակայն այս ծրագիրն իրականացնել չհաջողվեց. 1997 թվականին Սարգսյանի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերվեց և հրաժարական տվեց, որպեսզի զբաղվի բուժմամբ: «Մինչև հիմա շատ մարդիկ չեն  հավատում, որ ես հեռացա ծանր հիվանդության պատճառով»,- նկատում է Սարգսյանը:

2000 թվականին սկսվեց Արմեն Սարգսյանի երրորդ կյանքը: Լոնդոնում ազատ ապրող, հասարակական գործչի, միջազգային փորձագետի և գործարարի կյանք…

Ընտանեկան բիզնես

… Արմեն Սարգսյանը մի քանի ընկերություններ է հիմնել և այնտեղ դարձել տնօրենների խորհրդի նախագահ: Ընկերությունների անվանումները կապված են Լոնդոնի տարբեր շրջանների հետ, որտեղ հիմնականում ապրել է Սարգսյանը` Knightsbridge Group և Highbury Group:  Այս ընկերությունների կապիտալի քանակը Արմեն Սարգսյանը չի բացահայտում, իսկ միջոցների ծագման շուրջ նշում է, թե դրանք ընտանեկան ֆոնդեր են:

Սարգսյանի բիզնեսը ներառում է 25 դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում` հեռահաղորդակցություն, տեխնոլոգիա, մուլտիմեդիա, անշարժ գույք, էներգետիկա և գյուղատնտեսություն: Իսկ գրասենյակները գտնվում են Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում, Կիևում և Ալմա-Աթայում:

Ընկերությունը հետաքրքրություններ ունի նաև ՌԴ-ում, որտեղ խորհրդային ֆիզիկոսն ու հայ դիվանագետն ունի ծանոթությունների մեծ շրջանակ: «Ես Մոսկվան ու Սանկտ-Պետերբուրգը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը: Ինձ համարում եմ խորհրդային մարդ: Ես պատկանում եմ այս մշակույթին, ինձ այստեղ միշտ հարմար է, հաճելի»,- ասում է  Սարգսյանը….

… Թերևս գլխավոր եզրակացությունը, որ կարող ենք անել Արմեն Սարգսյանի կենսագրությունից, հետևյալն է` կապեր, մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու կարողություն, անձնական հատկություններ և ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու ունակություն, որը բիզնեսում ավելի կարևոր է, քան փողը»:




Լրահոս