Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը 2017 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցել է մի շարք հաջողություններ: Կազմակերպությունը, սակայն, ներկայացրել է նաեւ բացթողումները: Ըստ Human Rights Watch-ի իրավապաշտպանների` 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիարժեք ժողովրդավարական գործընթացի ապահովման բացթողնված հնարավորություն են:
Զեկույցում մասնավորպես անդրադառնում են Հայաստանում խորհրդարանական եւ ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին չարաշահումների համար պատասխանատվության չենթարկելուն եւ այլն: Նշվում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Ավելին` ՀՀԿ-ն ձայների մեծամասնությունը հավաքեց խախտումների մասին զեկույցների ֆոնին: Վերհիշելով 2017-ի մայիսին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունները` նշվում է, որ դա էլ իր հերթին աչքի ընկավ ընտրողների ցածր մասնակցությամբ, ընտրակաշառքների եւ ընտրողներին ահաբեկելու մասին տեղեկություններով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով ցեկույցին, ասաց. «Ես կարծում եմ, որ Human Rights Watch-ը բավականին օբյեկտիվ, բայց կոռեկտ է ներկայացրել վիճակը, որովհետեւ Հայաստանում ընտրությունները ձեւական բնույթ են կրում: Ես ավելի խիստ կասեի»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց. «Ես էլ եմ գտնում, որ այն, ինչ-որ տեղի է ունեցել, դա չի համապատասխանում այն գնահատականներին, որը տալիս է իշխանությունը: Ես ինքս այս անգամ չեմ հետեւել ընտրություններին, բայց ամբողջ թերությունները, որոնք որ հնչեցվեցին ԶԼՄ-ների կողմից, ուշադիր հետեւել եմ: Ամենազարմանալին ինձ համար այն էր, որ երբ հայտնաբերվել է բացեիբաց գումարների բաժանում, փոխարենն այդ դեպքը դատապարտվի, որ մենք էլ հասկանանք, որ կարծես թե դա միակ դեպքն է, հակառակը՝ ամեն ինչ արեցին, որ արդարացնեն»:
Իսկ ինչո՞ւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը` Արման Թաթոյանը, մինչ այս չէր բարձրաձայնել նշված խնդիրների մասին: Պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը միայն մեր զանգից հետո հանձնարարեց ուսումնասիրել զեկույցը՝ խոստանալով, որ անպայման կպատասխանի մեզ հուզող հարցերին:
Վարդուհի Զաքարյան