Հոգեբույժը թմրանյութե՞ր է պատրաստել. բացահայտում Իջևանի բժշկական կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է Իջեւանի բժշկական կենտրոնի բժիշկ Համլետ Հարությունյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` որպես հոգեբույժ-նարկոլոգ, այդ ԲԿ-ում իրեն հատկացված մասնաբաժնի իր աշխատասենյակի դարակում պահել է զգալի չափերով հոգեմետ նյութեր, որոնք 2017թ. հուլիսի 3-ին հայտնաբերվել են ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից:

Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը») եւ 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, որոնք կատարվել են խոշոր չափերով»):

Առաջին հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, 2-րդը` 5-10 տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Հ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով, որպես իրեղեն ապացույց, դատարան է ներկայացվել հոգեմետ դեղերի 2 փաթեթ: Հ. Հարությունյանի դատավարության հերթական նիստը նշանակված է հունվարի 18-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս