ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդ չկար` շնչեի, եթե կինս չլիներ, ես չէի լինի. Նապոլեոն Ազիզյանը վերհիշում է աղմկահարույց դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ իրավապահ համակարգը բարձրաձայնում է բնակարանային գողությունների դեպքերի աճի մասին՝ նշելով, թե դրանց չբացահայտումը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործում միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ոստիկանության ծառայությունները: Սակայն ուշագրավն այն է, որ երբ իրավապահները հայտարարել են բնակարանային գողություն կատարող անձանց բացահայտելու մասին, տարիներ շարունակ գողոնն այդպես էլ չի հայտնաբերվել: 2011 թվականին Հայաստանի լրահոսում մեկը մյուսին էին հաջորդում պաշտոնյաների եւ գործարարների տան գողությունների լուրերը, որոնք միեւնույն խմբի կողմից էին իրականացվում: Ի վերջո, այդ խմբի անդամները բացահայտվեցին:

Այս բանդային էին վերագրվում «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի նախկին ղեկավար Էդվարդ Բեզոյանի, ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի եւ այլոց բնակարանների գողությունների դեպքերը: 2014 թվականին խմբի անդամների դատավարությունն ավարտվեց, եւ բոլոր մասնակիցները դատապարտվեցին ազատազրկման տարբեր ժամկետներով՝ այդպես էլ չընդունելով իրենց մեղքը:

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հետ՝ հետադարձ հայացքով գնահատականները պարզելու նպատակով:

-Պարո՛ն Ազիզյան, ՀՀ իրավապահները բնակարանային գողությունների դեպքերի մասով խիստ մտահոգություններ են հայտնում: Դուք եւս տարիներ առաջ հայտնվել էիք հանցագործների թիրախում: Հավատո՞ւմ եք, որ Ձեզանից գողացվածը կհայտնաբերվի երբեւէ:

-Ճիշտ ասած, ես հավատ չեմ ունեցել, հիմա էլ չեմ հավատում, հետագայում էլ չեմ հավատում, որ գողոնը կվերադարձնեն: Փորձեցին վերադարձնել ընդամենը մեկ ֆոտոապարատ՝ մի 30-40 հազար դրամանոց, բայց այնտեղ թվերով կար գրած, թե ինչեր էին տարել, ինչեր էին արել: Մի խոսքով, ինձ հավատ չի ներշնչում, որ մի օր այդ գողոնը կհայտնաբերվի: Քանի որ մինչեւ երեխան լաց չլինի, մերը կուրծք չի տա, հիմա էս մարդկանց գործն է, արեցին, պրծան, իրենց չի հետաքրքրում՝ այդ տուժողը ինչերի հանդիպեց, ինչքան ճակատագրերի խեղում եղավ: Աղմկահարույց գործ էր, ավարտեցին, փակեցին, իբր բերեցին, մարդկանց դատեցին, վերջացավ, սա քաղաքական հնչեղություն էր ստանում, որ նման բանդիտներ կան եւ նման բաներ էին անում:

-Ըստ Ձեզ՝ այդ տղանե՞րն էին իրական հանցագործները:

-Չեմ կարող ասել՝ ով է, բայց այդ տղաներից մեկին բերեցին մեր տուն, ինքը մատնանշեց, որ մեր խոհանոցի այսինչ տեղից վերցրել է 3 միլիոն դրամ, դրա մասին մենք էլ չգիտեինք: Մեր գլխավոր հաշվապահն այդ գումարը բերել, դրել էր, որպեսզի բանկ տանի: Այսինքն՝ հաշվապահը եկավ, ապացուցեց, որ իրենք են: Բոլորը եղել են դիմակներով, ու ես ոչ մեկին չեմ ճանաչում, ո՛չ դատարան եմ գնացել, ո՛չ էլ գնացել, ասել եմ՝ սա է կամ նա: Անմեղության կանխավարկած կա, եթե դրանք էին, բռնել էին, գոնե մի փոքր բան թող վերադարձնեին: Դրանց սիրտը դարբինը չի սարքել, որ մի բան հետ չտային` կա՛մ մի նկար, կա՛մ մի հատ զարդ գոնե հետ կտային, չէ՞, եթե իրենք էին:

-Ըստ Ձեզ՝ իրավապահների թերի աշխատա՞նքն էր, որ բերեցին, ինչ-որ մարդկանց դատեցին, սակայն տուժողների հիմնական հարցը չլուծվեց:

-Նախ՝ մի տեղ, չեմ ցանկանում ասել մի երկրում, ամեն ամիս նման մի քանի դեպք է լինում, բայց մինչեւ դանակը չի հասնում ոսկորին, մեկին չեն բռնում, գործը բացահայտում: Եթե հիշում եք՝ այն ժամանակ ամեն ամիս ասում էին՝ մտան այսինչի տունը, ջարդեցին, ծեծեցին ու տարան: Տենց պետություն լինում է, որ իրար հետեւից նման բաներ լինեն: Այդ ժամանակ այդպիսի աղմկահարույց գործեր կային, փակեցին, մոռացան՝ ով է տուժողը, ինչի է հանդիպել, այդ մարդիկ գնացին կալանավայր, մենք էլ մի գիշերում, մի առավոտ արթնացանք. ո՛չ շոր ունեինք, ո՛չ մի բան, անգամ շորերն էին տարել, վերջ, դրանով իրենք իրենց քաղաքական հարցերը լուծեցին:

-Ի՞նչ քաղաքական հարցերի մասին է:

-Ես Ձեզ ասում եմ, որ ամեն օր նման դեպքի մասին ես լսում, եւ անցնում է 7-8 ամիս, մեկ տարի, նոր ինչ-որ բան են անում, բռնում են: Այսինքն՝ այն ժամանակ չեն էլ ուզեցել բռնել այդ մարդկանց, քանի որ այսօրվա դարում ամեն ինչ շատ հեշտ բացահայտվում է, ամեն ինչ լսվում է: Իրանք բոլորին գիտեն՝ ովքեր ինչով են զբաղվում, եւ այն մարդկանց, ովքեր համարվեցին ռազբոյ անող, բոլորը 5-6 անգամ նման դեպքի համար դատված մարդիկ են: Եթե պետությունը գիտի՝ նման մարդիկ ռազբոյի համար կամ այդ կալանավայրի փախուստի համար տարբեր անգամներ դատվել են, բայց այդ մարդիկ հիմա դրսում են, ապա բաժիններ չկան, որ դրանցով են զբաղվում, թե դրանք ինչ գործունեությամբ էին զբաղվում, լավ էլ գիտեին: Մեր տան գողությունից հետո բոլորը սկսեցին կողպեքներ առնել, չգիտեմ, ինչեր առնել, իրենց տները փակել, փոխարեն մեր գողոնը բերեին, տային:

-Ձեր կյանքում ի՞նչ փոխվեց:

-Ոչ մի բան, մեր տան դռները չեն փակվել: Չնայած, ճիշտ են ասում՝ տան դուռը փակ պահի, հարեւանին գող մի ասա, հիմա էլ չի փակվում, եթե ցուրտ չի: Եթե այն ժամանակ այդքան բան ունեինք, չէինք փակում, հիմա էլ ոչ մի բան չունենք, մեր դռները բաց են: Ուզում եմ ասել՝ պետք է հանգիստ քնես մի տեղ, որտեղ ժողովուրդը փողեր է հավաքում, հարկեր է տալիս, որ այդքան մեծ մարմիններ պահի, որ հանգիստ քնի: Ոչ թե դու պետք է հարկերը տաս, գան, մի օր էլ ունեցածդ տանեն, գլուխդ էլ կտրեն: Ես բավարարվել եմ մի բանով, որ հրաշքով փրկվել եմ, քանի որ մեր տանից փախնելուց առաջ եկան, կապեցին բերանս, օդ չկար, շնչեի, եթե կինս չլիներ, ես չէի լինի, կինս փրկեց ինձ: Փառք Աստծո, ուզում էի ասել՝ փառք կառավարությանը, մեկ էլ մտածեցի, թե ինչ եմ ասում, Փառք Աստծո:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս