ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի դատախազը՝ իր աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատախազության մասին օրենքի 7-րդ հոդվածը, որը վերաբերում է դատախազի ապաքաղաքականացվածության մասին, հստակ սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»:
Չնայած դատախազության մասին օրենքը հստակ սահմանում ունի, սակայն իրավիճակը միանգամայն այլ է: Երեկ նկատեցինք, որ Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանի աշխատասենյակի պատին փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, անդրադառնալով քննիչների եւ դատախազների համագործակցությանը, մատնանշել էր. «Օրինակ?կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տեւական ժամանակով չեն կատարվում»: Դուք` որպես Արարատի մարզի դատախազ, եղե՞լ է դեպք, որ ցուցում եք տվել որեւէ քննիչի, բայց նա չի կատարել, ու խնդրի մասին տեղյակ եք պահել ՀՀ գլխավոր դատախազին, գլխավոր դատախազն էլ զեկուցել է Սերժ Սարգսյանին:

-Եթե մեջբերում կատարեցիք հանրապետության նախագահի խոսքից, այնտեղ կար նաեւ այսպիսի մի շատ կարեւոր հանգամանք, որ քննիչների պատճառաբանությունը` այդ ցուցումները չկատարելու, շատ ժամանակ հանգում են նրան, որ այդքան էլ կարեւոր բաներ չեն այդ ցուցումների մեջ ասվածներ, որ պետք է կատարվեն: Հանրապետության նախագահի խոսքում նշվեց նաեւ, որ դուք ավելի լավ եք համոզված, որ այդ ցուցումների մեջ քիչ կարեւորության բաներ չկան, որովհետեւ քննության արդյունքում դուք ինքներդ կպարզեք, որ դրանք շատ ավելի կարեւոր էին, քան այն, ինչ-որ մտածում էիք:

Իսկ ինչ վերաբերվում է Ձեր բուն հարցադրմանը, որ ես ինքս գլխավոր դատախազին ներկայացրել եմ այսպիսի իրավիճակ, թե ոչ: Կոնկերտ քննիչների անպարտաճանաչության կամ ցուցումների պահանջները չկատարելու պարագայում` ո՛չ: Ես պարբերաբար ներկայացնում եմ մարզում տիրող քրեածին իրավիճակը, մարզում քննվող նախաքննության ընդհանուր դինամիկան, կոնկրետ գործով կոնկրետ քննիչի աշխատանքի վերաբերյալ որեւէ կոնկրետացված բան չի եղել, ես ընդամենը զեկուցել եմ եւ պարբերաբար զեկուցում եմ մարզի տարածքում դատախազության աշխատանքների դինամիկայի վերաբերյալ, դրանից հետո դատողությունները գլխավոր դատախազինն է:

-Այնուամենայնիվ, ցուցումներն անտեսելու, չհամագործակցելու քանի՞ դեպքեր են եղել եւ ո՞ւմ մասնակցությամբ: Կոնկրետ դեպք կասեք:

-Չհամագործակցության մասին չի խոսքը, խոսքը վերաբերում է այն աշխատանքային իրավիճակին, որ դատախազը կկազմի դատավարական փաստաթուղթ, կտա ցուցում, այդ ցուցումի պահանջների կատարման, դրա դինամիկայի վերաբերյալ դատախազը… ակնկալածը չի արդարանում քննիչի կատարած գործողությամբ:

-Կոնկրետ օրինակ կասեք:

-Բազմաթիվ էդպիսի դեպքերը կլինեն: Մեկ օրինակ` մեր կողմից նշված 112-րդ հոդվածով, որ նշեցինք, բռնության հետքերով դիակ էիք հայտնաբերել, մենք 112-րդ հոդվածով գործ ենք քննում: Այս պարագայում, որ մենք կարողանայինք դատաբժշկին ամբողջությամբ պատկերը տայինք, թե այդ մարմնական վնասվածը, որ կար նրա գլխի շրջանում, արդո՞ք կարող էր առաջանալ հեծանիվով նրա գլխին հարվածելու պարագայում, թե՞ ոչ, պետք է ներկայացնեինք նաեւ հեծանիվը: Դեպքի վայրում ես ինքս մասնակցել եմ դեպքի վայրի զննությանը, եւ դեպքի վայրի զննության ժամանակ բանավոր քննիչին հանձնարարել ենք, որ այս հեծանիվը կվերցնեք անպայման եւ կհանձնեք փորձագետին, որպեսզի նա կարողանա համապատասխան գործողություններ իրականացնել: Այսօր քննարկման ժամանակ պարզում ենք, որ 40 օր անցել է, եւ այդ հեծանիվը քննիչը չի առգրավել:

-Ի՞նչ է պատճառաբանում քննիչը:

-Հիմա, եթե դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը տա մի հատ ցուցում եւ ծառայողական քննություն կատարելու միջնորդություն ներկայացնի, ճիշտ կանի, չէ՞:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս