ԵՐԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ դատական նոր օրենսգրքի նախագիծը: Սա, ի դեպ, սահմանադրական օրենք է, եւ խորհրդարանն այն պետք է ընդունի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորի կողմ քվեարկելով: Իսկ ընդունվելուց հետո Երեւանի վարչական շրջաններում այսօր գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, որն իր կազմում կունենա 66 դատավոր. մեկ դատարանի նախագահ եւ 65 դատավոր:
Այսպիսով Հայաստանի դատական համակարգում կձեւավորվի մի մարմին, որն իր ազդեցությամբ գրեթե հավասարազոր կլինի ՀՀ վարչական դատարաններին: Այս փոփոխության հետ կապված ամենաուշագրավն այն է, թե նախագծի հեղինակները ինչպես են հիմնավորել Երեւանում մեկ ընդհանուր դատարան ձեւավորելու անհրաժեշտությունը: Ըստ հեղինակների` այսպես հնարավոր կլինի մայրաքաղաքի դատարաններում գործերի քննության ծանրաբեռնվածությունը հավասար բաշխել: Իսկ թե փոփոխությունն ինչպես կազդի դատարանների անկախության, արդարադատության որակի վրա, այս մասին ոչ մի խոսք:
Այսինքն` մարդիկ պատրաստվում են ամբողջությամբ փոխել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանների կառուցվածքը, բայց չեն էլ բարեհաճել պարզաբանել, թե իրենց քայլն ինչպիսի հետեւանքներ է ունենալու՝ բացի այսրոպեական պահանջների բավարարումից: Արդարադատությունն իրենց համար սոսկ վիճակագրություն է, թվեր եւ ուրիշ ոչինչ: Ու եթե պարզվի, որ այս օրենքը կենսունակ չէ, ապագայում, մեղմ ասած, դժվար կլինի փոփոխության ենթարկելը:
Հ. Գ. ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն էլ էր ինչ-որ վիճակագրության հղում անելով` ասում, թե աղջիկների 25 տոկոսը մինչեւ 15 տարեկան սեռական կյանքով է ապրում, դրա համար անհրաժեշտ է գարդասիլ ներարկել նրանց: Հետո ասեց, թե տղաներին էր վերաբերում այդ վիճակագրությունը: Բայց միեւնույն է՝ ներկայացված ցուցանիշներին հանրության լայն շերտերը չհավատացին:

 

 

ՏԻՄ ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը՝ «բնակչության փողերը տուն տանելու» եւ ներվելու մասին, շարունակում է մնալ քննարկումների հիմնական թեման: Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանից փորձեց պարզել, թե ինչպես է պատահել, որ չարաշահում թույլ տված համայնքապետերին իրենց արարքը ներվել է: «Իմ պաշտոնավարման ժամանակ չի եղել մի դեպք, երբ մենք հիմքեր ունեցել ենք քրեական պատասխանատվության ենթարկելու, բայց չենք ենթարկել: Իսկ այսուհետեւ-ի հետ կապված` նախագահը, ըստ էության, խոսեց քաղաքական պատասխանատվության մասին»,- պնդել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ հստակ մատնանշվել են խախտում կատարողները, սակայն նրանք չեն պատժվել, Կոստանյանն արձագանքեց. «ՀՅԴ խմբակցության ղեկավարից խնդրում եմ` ճշտեք՝ որ դեպքն է: Եթե որեւէ կուսակցություն կամ անհատ գտնում է, որ այստեղ կոնկրետ դեպքում տեղի է ունեցել չարաշահում, չի նշանակում, որ անպայմանորեն դա հանցագործություն է»:

 

 

 

Դեկտեմբերի 17-ին՝ «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության դեպքից երկու եւ կես ամիս անց հայտնաբերվել է հիմնական մեղադրյալը՝ 29-ամյա Պյոտր Ցիգանկովը: Ընդ որում, նա հայտնաբերվել է հարեւան Վրաստանում: Փոխարենը չի հայտնաբերվել 200 հազար դոլար գողոնը, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբանները պնդում են, որ շատ այլ գործերով գողոնների նման դրանք չեն էլ հայտնաբերվի, քանի որ Ցիգանկովը հասցրել է մի մասը մսխել, մի մասն էլ հավանաբար Վրաստանից մտերիմների անունով հաշվեհամարներին փոխանցել: Մեկ փաստ էլ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` Ցիգանկովի հայտնաբերումը մեծ ոգեւորություն է առաջացրել այս գործով կալանավորվածների շրջանում: Նրանք իրենց մտերիմներին ասել են, որ Ցիգանկովին հայտնաբերելուց հետո շատ հարցերին պատասխաններ կտրվեն, եւ կապացուցվի, որ իրենք կապ չունեն հափշտակության հետ:

 

 

 

Հակառակ իշխանությունների` նոր աշխատատեղեր ստեղծելու մասին պնդումներին` Հայաստանում գործազրկության մակարդակը դեռեւս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Եթե 2008թ. գործազրկությունը 16.4% էր, 2010թ.` 19%, ապա 2016թ. այն կազմել է 18%, իսկ այս տարվա առաջին կիսամյակին՝ 17.8 տոկոս: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գործազուրկների թվի նվազումն ամենեւին էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետեւանք չէ. իրականում այս տարիներին ՀՀ-ից հեռացել են աշխատանք փնտրող քաղաքացիները. ԱՎԾ վիճակագրության համաձայն` այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով: Ըստ ԱՎԾ տվյալների` եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Այլ կերպ ասած` եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմպեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ` գերազանցելով անգամ ճգնաժամի տարիների ցուցանիշը:

 

 

 

ԼՈՒՑԿՈՒ ԳԻՆԸ
Հանրապետականների պահվածքից տպավորություն է, թե իշխող կուսակցության ներսում «քաստինգ են հայտարարել»` ո՞վ ավելի անհեթեթ հայտարարություն կանի, հատկապես սոցիալ-տնտեսական թեմաներով: Հերթական հայտարարությունը հնչեցրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ռուզաննա Մուրադյանը, երբ խոսելով ամանորյա գնաճի մասին` ասել է. «Ճիշտ է` Ամանորին ինչ-որ գնաճ լինում է, սակայն ես մասնագետ չեմ տնտեսագիտության, որ վերլուծեմ։ Պետք է չմոռանալ, որ կան ապրանքներ, որոնց գինն իջնում է»:
Այս տրամաբանությամբ, փաստորեն, կարագի գնի թանկացումներից պետք չէ մտահոգվել, որովհետեւ մյուս կողմից որոշ խանութներում այս օրերին էժանացել են յոգուրտները, հատկապես որոնց պիտանելիության ժամկետն ավարտին մոտ է, եւ հիմա մեծ զեղչեր են հայտարարված: Էժանացել է նաեւ մակարոնեղենը, անգամ որոշ տեսակների դեպքում զեղչեր են հայտարարված: Ու հետո, ինչպես կասեր ՀՀԿ մտքի տիտաններից Գալուստ Գրիգորիչը. «…մի մտածեք, որ հայ ժողովուրդը կարագ չուտելով պիտի կործանվի»: Իսկ ՀՀԿ մտքի մեկ այլ տիտան խորհուրդ էր տալիս կարտոֆիլ ուտել, այնպես որ` մակարոնի հետ լավ ուտեստ կդառնա:
Նույն տրամաբանությամբ պետք չի մտահոգվել նաեւ մսի թանկացումներից, որովհետեւ փոխարենը նվազել են բանանի կամ նարնջի գները, ու բացի այդ` վիտամինների պարունակությամբ բանանը չի զիջում մսին, կա կարծիք նույնիսկ, որ բանանը լիարժեք փոխարինում է մսին: Պարզվում է` իջել են կենցաղային տեխնիկայի որոշ տեսակների, օրինակ` փոշեկուլների կամ լվացքի մեքենաների գները, կամ էժանացել են ավտոպահեստամասերը:
Այնպես որ, համաձայնեք, հիասքանչ է ասված, կարկառուն ՀՀԿ-ականին վայել տրամաբանությամբ: Բայց պատկերն ավելի ամբողջական կլիներ, եթե ՀՀԿ-ական տիկին Մուրադյանը հայտնի անեկդոտի նման հիշատակեր լուցկին, որ արդեն քսան-քսանհինգ տարի նույնն գինն է` ընդամենը 10 դրամ, տուփով գնելու դեպքում` 7 դրամ: Հայտնի պատմությունը հավանաբար հիշում եք. գերշահույթներ ստանալու համար` նախագահը հանձնարարում է թանկացնել բոլոր ապրանքները` բացի լուցկուց: Իսկ վարչապետի զարմացական հարցին` ինչո՞ւ լուցկին չթանկացնենք, պատասխանում է. «Դե, երբ ժողովուրդը բողոքի, ասի` ամեն ինչ թանկացրել եք, մենք էլ կասենք, թե, օրինակ, լուցկու գինը մնացել է նույնը»:




Լրահոս