ՄԻԱՅՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել էր` կան համայնքի ղեկավարներ, որոնք չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում` անհասկանալի եւ անընդունելի եկամուտ ունենալու համար: Միաժամանակ նա ասել էր, թե հունվարից հետո այլեւս ոչ մեկին չեն ներելու: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանից փորձեց պարզել, թե ինչպես է պատահել, որ չարաշահում թույլ տրված համայնքապետերին իրենց արարքը ներվել է:

-Պարո՛ն Կոստանյան, Սերժ Սարգսյանն օրեր առաջ խոսեց համայնքապետերի մասին, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնն ու հարստացել: Սա արդյո՞ք հաղորդում է հանցագործության մասին, որն է գլխավոր դատախազության անելիքը:
-Հանրապետության նախագահի դիրքորոշումն ու այդ ուղերձը, որը հնչեց, չէր վերաբերում եւ չէր էլ կարող վերաբերել քրեական պատասխանատվությունից վերջիններիս խուսափելու կամ դրա վրա աչք փակելու հանգամանքին: Երկրի նախագահը խոսել է քաղաքական պատասխանատվությունից խուսափելու կամ քաղաքական պատասխանատվության չենթարկվելու՝ համայնքների ղեկավարների այդ իրադրություններին: Փաստենք, որ ոչ թե նախագահի խոսքը հանցագործության մասին հաղորդում է, այլ վերջիններիս քաղաքական պատասխանատվության չենթարկելու եւ այսուհետեւ նաեւ քաղաքական պատասխանատվության ենթարկելու մասին է խոսում: Ինչը ենթադրում է այդ թվում համայնքի ղեկավարների պաշտոնանկություններ եւ այլն, եւ այլն, որովհետեւ, այնուամենայնիվ, կուսակցական գործոնն իր ազդեցությունն ունենում է:
-Սերժ Սարգսյանի ելույթից հետո շատ դիտարկումներ եղան, թե սա փաստորեն խոստովանություն է այն մասին, որ գլխավոր դատախազությունն անգործության է մատնված եղել:
-Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում նախեւառաջ բազմաթիվ դեպքերով հարուցվել են քրեական գործեր, եւ մի շարք համայնքի ղեկավարներ ենթարկվել են այդ թվում քրեական պատասխանատվության: Դա ընթացիկ պրոցես է` նաեւ նկատի ունենալով, որ շատ ժամանակ այդ համայնքի ղեկավարի կողմից հնարավոր չարաշահումները նաեւ ավագանու գործառույթների իրականացմամբ են պայմանավորված եւ պահանջում են լայնածավալ աշխատանք: Այսինքն` ավագանու անդամների հարցաքննություններ, բազմաթիվ փորձաքննություններ… այդ գործընթացը միշտ եղել է: Իմ պաշտոնավարման ժամանակ չի եղել մի դեպք, երբ մենք հիմքեր ունեցել ենք քրեական պատասխանատվության ենթարկելու, բայց չենք ենթարկել: Իսկ այսուհետեւ-ի հետ կապված` նախագահը, ըստ էության, խոսեց քաղաքական պատասխանատվության մասին: Բայց նաեւ սա ուղերձ էր իրավապահ մարմիններին, որ սա միայն գլխավոր դատախազության խնդիր չի: Այստեղ ե՛ւ ոստիկանությունը լուրջ, հետեւողական աշխատանք տանելու խնդիր ունի, ե՛ւ քննչական ապարատը, ե՛ւ, իհարկե, դատախազությունը, հետո նաեւ դատարանները: Այսինքն` համայնքի ղեկավարներին, որոնք չարաշահումներ են կատարել կամ այլ հանցագործություններ, վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելը կոլեգիալ գործողությունների ամբողջություն է: Միայն գլխավոր դատախազությունից պահանջել արդարացված չէ ե՛ւ իրավական տեսակետից, ե՛ւ ողջամտության տեսակետից:
-Դուք ասում եք, թե Ձեր պաշտոնավարման ժամանակ քրեական գործեր հարուցվել են, պատժվել, սակայն ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն օրեր առաջ ասաց, թե եղել են դեպքեր, երբ հստակ մատնանշվել են խախտում կատարողները, սակայն նրանք չեն պատժվել:
-ՀՅԴ խմբակցության ղեկավարից խնդրում եմ` ճշտեք՝ որ դեպքն է: Ես ավելի կոնկրետ կանդրադառնամ դրան, եթե դա իմ պաշտոնավարման ժամանակ է եղել: Եթե որեւէ կուսակցություն կամ անհատ գտնում է, որ այստեղ կոնկրետ դեպքում տեղի է ունեցել չարաշահում, չի նշանակում, որ անպայմանորեն դա հանցագործություն է: Այսինքն` կարող են իրենք համարել, որ չարաշահում է, բայց դա չարաշահում չլինի, կամ դա լինի չարաշահում, բայց չլինի կոնկրետ համայնքի ղեկավարի պատասխանատվության դաշտում, այլ, օրինակ, ավագանու, կամ էլ իրենց կարծիքով չարաշահում է, բայց ֆորմալ իրավունքի տեսանկյունից ընդհանրապես անգամ իրավախախտում էլ չէ: Այս առումով ես չեմ կարող կոնկրետ պատասխան տալ խմբակցության ղեկավարի` նման հայտարարությանը: Երբ կոնկրետ իրավիճակը կնշի, կամ կոնկրետ դեպքը, բնականաբար, ես մեծ հաճույքով կանդրադառնամ այդ դեպքին:
-Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անեն իրավապահները, նրանց գործողություններում ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն:
-Իրավապահ մարմինները պետք է հետեւողականություն ցուցաբերեն ցանկացած պարագայում: Ես չեմ կարծում՝ իրավապահ համակարգի որեւէ ներկայացուցիչ պետք է սպասեր նախագահի հանձնարարականին, նոր գործեր: Դա օրենքով իր վրա դրված պարտականությունն է, եւ նրանք պետք է հատուկ հետեւողականություն դրսեւորեն ցանկացած պարագայում: Երբ երկրի նախագահն ասաց՝ այսուհետեւ նման դեպքեր չեն լինելու, դա ավելի շատ քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին է: Այսինքն` համայնքի ղեկավարը կարող է ենթարկվել այդ քաղաքական պատասխանատվությանը, իսկ ինչ վերաբերում է իրավական պատասխանատվությանը, ապա նկատի ունենալով նախագահի քաղաքական կամքի դրսեւորումը եւ բացահայտ արտահայտումը՝ անզիջում լինելու մասով, իրավապահ մարմինների համար ուղենիշ պետք է լինի:

 

 

 

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԵՐՍԿՍԵՑԻՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները երեկ հայտարարեցին, որ շարունակում են այն կետից, որտեղ իրենց պայքարը դադար էր առել: Ինչպես հայտնի է՝ նախաձեռնության անդամները երկար ժամանակ «տարկետում լինելուա» կարգախոսով բողոքի ակցիաներ եւ դասադուլներ իրականացրին, սակայն իշխանությունները կուլիսային քննարկումների շարք սկսեցին ուսանողների հետ: Եվ, ահա, երեկ ուսանողներից երկուսը վերսկսել են դասադուլը եւ հացադուլ հայտարարել:

Ի վերջո, ինչու չստացվեց իշխանությունների եւ ուսանողների համագործակցությունը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ուսանողների պահվածքը որակեց որպես կապրիզ եւ իրենց հետ շանտաժի լեզվով խոսելու փորձ: «Վերջին հանդիպումը պաշտպանության նախարարի մոտ է եղել: Եւ եղել է հստակ պայմանավորվածություն՝ ներկայացնել առաջարկներ, որին մենք սպասում ենք: Մի քանի օր առաջ ես անձամբ կապվել եմ երիտասարդներից մեկի հետ եւ խնդրել, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացվեն առաջարկությունները: Ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունները չեն ցանկանում կիրառել», – նշեց Զաքարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտպանության փոխնախարարի մեղադրանքների շուրջ զրուցեց նաեւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանի հետ: Նա ներկայացրեց իրադարձությունների զարգացման պատմությունը՝ իրենց տեսանկյունից. «Մեր առաջարկները եղել են երկուսը։ Դրանցից մեկը մերժվել է, իսկ մյուսի շուրջ քննարկումները հանգել են լրացուցիչ առաջարկ ներկայացնելուն։ Ստացվում է մի իրավիճակ, որ պետք է չափորոշիչներ ներկայացնենք միայն բնագիտական ուղղության մի քանի երիտասարդների՝ ՌԱՊԿ ուղարկելու համար։ Փաստացի ոչ մի առաջընթաց։ Բազմաթիվ գիտնականների ու ուսանողների բարձրացրած բողոքի ձայնը տեղ չհասավ, գոնե տեսանելի արդյունքի առումով»:
Հիշեցնենք, որ կառավարության եւ ուսանողների միջեւ բանակցությունները սկսվեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո, երբ վերջինիս հաջողվել էր համոզել երիտասարդներին դադարեցնել պայքարը: Հենց այդ ժամանակ շատերը կանխատեսում էին, որ այդ դադարը փաստացի պայքարի վերջ է, եւ առաջընթաց չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, ով փաստորեն միջնորդ է եղել ուսանողների եւ կառավարության միջեւ: «Ազգային ժողովում ուսանողների հետ կայացած կլոր-սեղան քննարկման ընթացքում դրական առաջընթաց արձանագրվեց: Ես չգիտեմ, թե ինչ ընթացք են ստացել ուսանողների եւ կառավարության քննարկումները, չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ քննարկումների կողմ չեմ եղել: Միգուցե ուսանողները մաքսիմալիստական պահանջներ են ներկայացրել, չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց ցանկանում եմ օգտվել առիթից եւ կոչ անել ուսանողներին դադարեցնել հացադուլը, որովհետեւ հարցերն այդպես չեն լուծվում»,- ասաց Շարմազանովը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑ
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ նոր «Դատական օրենսգիրքը», որն ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից եւ ենթադրում է Երեւանի առաջին ատյանի յոթ դատարանների միացումը: Այսինքն` ապրիլի 9-ից Երեւանում կլինի մեկ ատյանի դատարան: Ի վերջո, ինչ կտա այս փոփոխությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը նշեց. «Իրականում այս փոփոխությունը լուծում է մեկ կարեւոր խնդիր՝ քրեական դատավարությունում մինչդատական վարույթներով դատավորների ծանրաբեռնվածության հարցը։ Այսօր, օրինակ, Արաբկիրի դատարանը գործող ընդդատության կանոնների համաձայն` կրում է նման վարույթների քննության ծանրության առյուծի բաժինը։ Բնականաբար այս դատարանի դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունը անհամեմատելի է Երեւանի մյուս դատարանների դատավորների համեմատ։ Սա խնդիր է, որը պիտի լուծում ստանա։ Թեեւ, անկեղծ ասած, այս հարցը հնարավոր էր շատ վաղուց, արագ եւ առանց դատարանակազմական փոփոխությունների լուծել քրեադատավարական օրենքի մեկ հոդվածի փոփոխությամբ՝ սահմանելով ընդդատության նոր կանոն, համաձայն որի` անկախ նախաքննական մարմնի գտնվելու վայրից նման գործերը քննության ենթակա կլինեին Երեւանի որեւէ դատարանի։ Բայց կառավարությունը գնացել է այս ճանապարհով, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Բացասական որեւէ լուրջ հետեւանք չեմ տեսնում, բացառությամբ թերեւս այն կազմակերպական խնդիրներից, որոնք կառաջանան սկզբնական շրջանում այս նոր դատարանի ձեւավորման հետ կապված՝ կադրային, ֆինանսական, շենքային եւ այլն»։ Դիտարկմանը՝ սա կարող է վնասել դատավորների անկախությանը, նա նշեց. «Դատավորների անկախության ապահովման համար պետք է վերացնել կոռուպցիան դատարաններում եւ հատկապես քաղաքական կոռուպցիան։ Այսինքն` առավելապես գործադիր իշխանության փաստացի ազդեցությունը դատական համակարգի նկատմամբ պետք է չեզոքացնել։ Իսկ մեկ դատարան թե տասնմեկ, սա ավելի շատ տեխնիկական հարց է»։

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԾԿՀ-Ի ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր վաղվա նիստում կտուգանի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը «Արփա» ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն տեղակայել է ապակեմանրաթելային խողովակաշար: Ինչի արդյունքում ընկերությունը խախտել է լիցենզիայի որոշ պայմանների կետերի պահանջները: Իհարկե, միաժամանակ հանձնաժողովին հայտնել է, որ խախտումը տեղի է ունեցել չիմացության պատճառով: Սակայն սա չի խանգարի ՀԾԿՀ-ին` ընկերությանը 1 մլն դրամով տուգանելու մասին որոշում կայացնել:




Լրահոս