ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵԼ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԵԼՈՒ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակ իշխանությունների` նոր աշխատատեղեր ստեղծելու մասին պնդումներին` Հայաստանում գործազրկության մակարդակը դեռեւս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մոտ տասը տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական վիճակը միմիայն վատացել է (ոչ միայն գործազրկության աճի տեսանկյունից, այլեւ բոլոր առումներով):

Ստեղծված իրավիճակը մասամբ օբյեկտիվ պատճառներ ուներ. 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամն այնպիսի հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը, որ տասը տարի անց դեռեւս չեն վերացել հետեւանքները: Բայց եւ այդ ժամանակ եւ դրանից հետո իշխանություններն իրենք էլ լուրջ քայլեր չարեցին ճգնաժամի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Փոխարենը սկզբում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը: Իսկ հետո արդեն իշխանությունները ճգնաժամը դարձնելով «մատի փաթաթան»` այս տարիներին մշտապես այդպես են փորձել արդարացնել իրենց ապաշնորհ կառավարումն ու ձախողումները: Ու սա այն դեպքում, երբ այս ընթացքում շատ ու շատ երկրներ ոչ միայն հաղթահարեցին համաշխարհային այդ ճգնաժամի հետեւանքները, այլեւ արդեն բռնել են զարգացման ուղին:
Ընդհանրապես, վերջին տարիներին ՀՀ-ում գործազրկության ցուցանիշն այսպիսի փոփոխությունների է ենթարկվել. 2008թ. այն կազմել է 16.4%, 2009թ. 18.7%, 2010թ. 19%, 2016թ. 18% եւ, վերջապես, 2017թ. առաջին կիսամյակին այն կազմել էր 17.8 տոկոս:
Բայց գործազուրկների թվի նվազումն ամենեւին էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետեւանք չէ: Այստեղ մեկ ուրիշ ֆենոմեն կա: Հիշում եք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի խոսքերը. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա ու հեղափոխություն անի՞»:
Հայաստանում վերջին տարիներին գործազրկության ցուցանիշների նվազումը հենց դրա հետեւանքն է: Պարզապես այս տարիներին աշխատանք փնտրող քաղաքացիներն են հեռացել երկրից` փորձելով արտերկրում աշխատանք գտնելով լուծել ընտանիք պահելու հարցը:
ԱՎԾ վիճակագրության համաձայն` այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով: Ըստ ԱՎԾ տվյալների` եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Իսկ, ընդհանրապես, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման միայն վերջին հինգ տարում երկրի բնակչության թվաքանակը նվազել է ավելի քան 302 հազարով:
Այլ կերպ ասած` եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմպեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ` գերազանցելով անգամ ճգնաժամի տարիների ցուցանիշը:

Տարեթիվ Գործազրկություն Աշխատունակ տարիքի բնակչություն
2008թ. 16.4% 2 մլն 198.6 հազար
2009թ. 18.7% 2 մլն 232.1 հազար
2010թ. 19% 2 մլն 247.1 հազար
2011թ. 18.4% 2 մլն 274.7 հազար
2012թ. 17.3% 2մլն 51.5 հազար
2013թ. 16.2% 2 մլն 34 հազար
2014թ. 17.6% 2 մլն 15.1 հազար
2015թ. 18.5% 1 մլն 987.2 հազար
2016թ. 18% 1 մլն 962.9 հազար
2017թ. 17.8 % /առաջին կիսամյակ/ տվյալները դեռ չկան:

Այնպես որ, որքան էլ իր սկանդալային հայտարարությունից հետո նախկին վարչապետ Տ. Սարգսյանը համոզում էր, թե կատակ է արել, բայց իրականում նա ակամայից խոստովանել է Սերժ Սարգսյանի իշխանության վարած պետական քաղաքականության փիլիսոփայությունը: Համենայն դեպս, այդ են վկայում պաշտոնական ցուցանիշները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԷԺԱՆԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԵՆ ԳՆՈՒՄ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը այդպես էլ չի վաճառվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նշված ավտոմեքենան կրկին հանել է վաճառքի: Նշենք, որ ավտոմեքենայի նախորդ աճուրդը դեկտեմբերի 12-ին չի կայացել գնորդ չունենալու պատճառով: Առաջին նախագահին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի հերթական աճուրդը կկայանա դեկտեմբերի 27-ին: Ի դեպ, աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Տեղեկացնենք, որ ավտոմեքենան այս տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով: Իսկ դեկտեմբերի 27-ին` հերթական աճուրդի ժամանակ, մեկնարկային գինը կկազմի 5 մլն 570 հազար 560 դրամ: Եթե դեկտեմբերի 27-ին այն չվաճառվի, ապա հաջորդ աճուրդը կկայանա հունվարի 11-ին` 4 մլն 456 հազար 448 դրամ, եւ այսպես շարունակ: Հետաքրքիր է, թե ինչու պետությունն այդ ավտոմեքենան չի պահում իրեն` հետագայում այն որպես թանգարանային նմուշ օգտագործելու համար:

 

 

 

ՀՐՃՎԱՆՔԻ ՄԵՋ
Հատկապես իշխանական թեւի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են: Այսօր տեղի կունենա ԱԺ այս տարվա մեջ հավանաբար վերջին արտահերթ նիստը: Քանի որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սպասվում է, որ արտահերթ նիստերն այնքան էլ երկար չեն տեւի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները հույս ունեն իրենց ավանդական կոճակները սեղմելուց հետո վերջապես անարգել վայելել նախատոնական ազատությունը: Սակայն նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է անակնկալներ մատուցել: Չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստում վարչապետը որոշի հուպ տալ եւ հաջորդ շաբաթ եւս արտահերթ հրավիրելու նախաձեռնություն անի. ի վերջո, կա նաեւ նախկինի դառը փորձը, երբ ԱԺ արտահերթերը տեւում էին մինչեւ դեկտեմբերի 25-26-ը:

 

 

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
Արարատի մարզպետարանի շուրջ աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետարանի աշխատակիցները իրենց իրավունքները վերականգնելու համար ընկել են դատարանի դռները: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վարուժան Գրիգորյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի` պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին եւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: Նշենք, որ այս գործով դեռ չի նշանակվել նախնական դատաքննության օրը:

 

 

 

20-25%-ՈՎ ԿԱՎԵԼԱՆԱ
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հարթակ է նաեւ քաղհասարակության համար: «Մենք գործընկերներ ենք, պետք ենք միմյանց` ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Համագործակցությունը քաղհասարակության հետ առաջնահերթ է ԵՄ-ի համար, եւ մենք ակնհայտորեն կշարունակենք մեր աշխատանքը նոր համատեքստում»,-նշել է նա:Դեսպանն ասել է, որ ԵՄ-ն որոշել է 20-25%-ով ավելացնել ֆինանսական աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին. «Եվ այս աջակցության 15%-ն ուղղված է լինելու քաղհասարակության ոլորտի ծրագրերի իրականացմանը եւ զարգացմանը: Հիմնական բաղադրիչն, առաջին հերթին, ենթադրամաշնորհների հետ աշխատանքն է: Այսինքն` մեծ ֆինանսական ծրագրերը բաժանում ենք փոքր մասերի, որոնք ավելի հեշտ է վերահսկել քաղհասարակության մեր գործընկերների հետ աշխատանքում: Գալիք շաբաթների ընթացքում մենք դրամաշնորհ կստորագրենք, որը ենթադրում է քաղաքացիական մասնակցային բյուջետային ծրագրերի իրականացում հեռավոր համայնքներում: Մենք ցանկանում ենք պրակտիկ կերպով ցույց տալ այն հաջողված փորձը, որ տեղի է ունեցել ԵՄ-ում»,-ընդգծել է Սվիտալսկին:
 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
«Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով ՀՀ ազգային Ժողովում կազմակերպվել էր քննարկում «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով: Բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը նշել է, որ Ռուսաստանի գլխավոր մանկաբույժն առաջարկել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել, բայց միաժամանակ չկա որեւէ պատվաստանյութ, որն այդքան շատ բացասական արձագանքներ ունենա: Ըստ նրա` Ղազախստանում 2013թ. սկսվել է պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլով պատվաստումների համապետական ծրագիր, բայց հետո որոշել են այդ ծրագիրը չանել: Թե ինչո՞ւ, նրա խոսքով, դեռ պարզ չէ, բայց եվրոպական երկրները, ԱՄՆ որոշ նահանգներ եւս հրաժարվել են պատվաստումներից: «Ես շատ զգուշավոր եմ մոտենում այս հարցին: Ոչ մի քաղաքացի չի ուզում հիվանդ ապրել: Եվ քանի որ բացասական հարցերը շատ են, հստակ պատասխաններ չկան, մարդ սկսում է անհանգստանալ»,-ասել է մասնագետը:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ
Ըստ «Արարատ նյուզի»` երեկ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում հյուրընկալել էր մի քանի լրատվամիջոցների եւ պատասխանել նրանց հարցերին: Իհարկե, Սերժ Սարգսյանի հետ հանդիպել են այն «ընտրյալները», որոնց գրեթե միշտ իշխանությունը հնարավորություն է ընձեռում Սերժ Սարգսյանին ուղղել իրենց «բացառիկ» հարցերը: Հիշեցնենք` օրեր առաջ այդպիսի մի «բացառիկ» հարցազրույց Սերժ Սարգսյանը տվել էր «Արմենիա» հեռուստաընկերությանը:




Լրահոս