ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսից

Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ-էնեզինի հետ այցելել է Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ: Նրանք ծանոթացել են տուն-ինտերնատի «բնակիչների» կյանքին: Թերեւս նման ձեւական հանդիպումներ կազմակերպելուց բացի` լավ կլիներ նախարարն իսկապես փոքր-ինչ մտահոգվեր տարեցների խնդիրներով: Չնայած նախարարության ներկայացրած իրավիճակին, թե տուն-ինտերնատում տարեցներն ապահովված են անհրաժեշտ պայմաններով, բազմաթիվ հրապարակումներ պնդում են հակառակի մասին. «նրանց հասանելիք սնունդը նույնիսկ կենդանիները չեն ուտի»:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` տուժող անձը ո՞ր դեպքում կարող է ստանալ պատճառված վնասի փոխհատուցումը:

Տիգրան Հունանյան (37 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոապահովագրողների բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե`
վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:

ՀՀ ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ երաշխավորման ֆոնդը գոյանում է բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական եւ լրացուցիչ վճարներից, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ ձեւերով ներդրված միջոցներից:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ո՞ր դեպքերում է հիվանդին տրամադրվում արտահերթ բժշկական օգնություն: Եվ խնդրում եմ ասեք` ընդհանրապես ո՞ր դեպքերում է բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում արտահերթ:

Ռաֆայել Պողոսյան (53 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, եւ հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում: (Հիմք` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման hավելված 4, 7-րդ կետ):
Հայտնում ենք նաեւ, որ բժշկական կազմակերպությունում բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է արտահերթ հետեւյալ ծառայությունների եւ վիճակների դեպքում`
1) անհետաձգելի բժշկական օգնություն. 2) ՀՀ կառավարության կողմից հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն. 3) հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն. 4) նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում, այդ թվում` փորձաքննություն. 5) ծննդօգնություն. 6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների): (Հիմք` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 4, 2-րդ կետ):

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին:




Լրահոս