ԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմին: Եւ հարցին, թե ապրիլյան պատերազմի արդյունքը որքան էլ մենք մեր ներսում փորձենք հաղթանակ համարել, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջեւ դրված խնդիրը ամբողջությամբ լուծել, այնուամենայնիվ, փաստ է, որ մենք կորցրել ենք շատ բարենպաստ դիրքով բարձրագագաթ Լելե թեփեն, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել այն. հրահանգ չկա՞, թե՞ հնարավորություն, պատասխանել է. «Իրավիճակը որ ստեղծվել է, կայացված որոշումների արդյունք է, եւ այսօր սահմանն այդ բնագծում է: ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս նշել է, մեկնաբանել է այդ հարցը, եւ կարծում եմ` շատ օբյեկտիվ գնահատական է տվել: Եթե վեր ենք լուծում ապրիլյան պատերազմի գործողությունները, տեսնում ենք` հակառակորդն ինչպես է գործել, ինչ խմբավորմամբ եւ ինչքան ժամանակ է կարողացել գործել: Մեր զինվորների կատարած սխրանքը թերագնահատել պետք չէ: Հակառակորդը կանգնեցվել է, մի շարք հատվածներում հետ է մղվել` կրելով շատ մեծ կորուստներ, սակայն առաջնագիծը ամբողջությամբ չի ստացվել վերականգնել, քանի որ ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ՌԴ միջամտությունը բերել է նրան, որ մենք երկարաժամկետ պատերազմական գործողություններ չունեցանք: Ցանկացած ժամանակ այդ դիրքերը հնարավոր է վերականգնել, որեւէ խնդիր չկա: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Այսօր զինվորի կյանքով իրավիճակ լարելով` ինչ-որ մանր խնդիր լուծելը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ, սա է պայմանը, ուրիշ ոչ մի բան: Թե չէ Դուք վստահ եղեք, որ զինված ուժերը իր խնդիրը կարողանալու է կատարել: Ձեզ չթվա, որ Ադրբեջանը չի ուզում Արցախը գրավել, իր ցանկությունը շատ ավելի մեծ է` ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը, ժամանակ առ ժամանակ Երեւանն են ցանկանում գրավել, բայց զինված ուժերի բազկի հզորության պատճառով չի հաջողվում»:

 

 

 

Նոր Սահմանադրության համաձայն` Հայաստանի դատական համակարգի նոր կառուցվածքով ղեկավար մարմնի իրավասությունները վերապահված են լինելու բարձրագույն դատական խորհրդին: Իսկ այն ունենալու է 10 անդամ, որոնցից 5-ին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, այսինքն` գործող դատավորներ են լինելու, իսկ մյուս 5-ին նշանակելու է խորհրդարանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սահմանադրության համաձայն` բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմը ամենաուշը մինչեւ եկող տարվա մարտի 9-ը պետք է ձեւավորված լինի: Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորման վերջնաժամկետը սահմանվել է եկող տարվա մարտի 1-ը: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ եկող տարվա սկզբին խորհրդարանի գործունեությունը առավել քան բուռն է լինելու, նախ նախագահի թեկնածուների հարցը պետք է լուծեն, այնուհետեւ բարձրագույն դատական խորհուրդ պետք է կազմավորեն, այնուհետեւ նախագահ ընտրեն, որից հետո հերթը կհասնի ՀՀ վարչապետի ընտրությանը:

 

 

 

Պարզվում է` Հայաստանի բնակչության ամսական ծախսերի մեջ սննդի, առողջապահության, կրթության համար հատկացվող գումարները տարեցտարի ավելի են նվազել, փոխարենը մարդիկ ավելի ու ավելի շատ են վճարում բնակկոմունալ ծառայությունների համար: Այլ կերպ ասած` մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաեւ վարկային պարտավորությունները մարել, եւ միայն դրանից հետո մտածում են ապրուստի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ 2004թ. մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճարը կազմել է 56.1 տոկոս, իսկ 2016թ.՝ 42.1 տոկոս: Ընդ որում, գնալով ավելացել է թերսնվող բնակիչների թիվը, եւ 2016թ. թերսնված է համարվել յուրաքանչյուր 3 բնակչից երկուսը: Փոխարենը աճել է բնակկոմունալ ծառայությունների համար վճարի չափը. 2004թ. բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսերի 6 տոկոսը, իսկ արդեն 2016թ.՝ 14 տոկոսը:

 

 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն օրերս ակնարկել էր, թե Զինապարտության մասին օրենքի փոփոխություններով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների բողոքի ալիքն ուղղորդվում է «Սորոսի» հիմնադրամից, իսկ որպես խոսքերի ապացույց, նա նշել էր, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Սորոսի» հիմնադրամի աջակցությամբ եղել է Լեհաստանում «եւ գուցե հանձնարարություն է ստացել դրսից»: Այս հայտարարությունից հետո ուսանողները ռեկտորից պահանջում էին կա՛մ ապացույցներ ներկայացնել, կա՛մ ներողություն խնդրել: Սակայն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե ինքը ներողություն չի խնդրի: «Ես ասել եմ ՝«Սորոսի» կազմակերպած հանդիպմանն են գնացել: Ոչ մի ներողություն էլ խնդրելու ես անհրաժեշտություն չունեմ: Նորից եմ ասում, որ դա իմ անձնական կարծիքն է, որ նրանք ուղղորդվում են: Իսկ «Սորոսի» հետ դա որեւէ կապ չունի, հո ես միամիտ չեմ, որ ասեմ՝ դա «Սորոսն» է արել, ես որեւէ ապացույց չունեմ»,- նշեց նա` հավելելով, թե ուղղորդել ասելով նկատի չի ունեցել հենց «Սորոսի» կողմից: Ասել է թե՝ նահանջ երգով:

 

 

 

ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ԱՄՆ-ՌԴ դիմակայությունը նոր փուլ է մտնում, սա այն բանից հետո, երբ պաշտոնական Վաշինգտոնը հրապարակեց ազգային անվտանգության ռազմավարությունը: Այդ փաստաթղթում թվարկված են ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները, որոնց մեջ շեշտված է նաեւ ՌԴ անունը:
Եւ այսպես` ԱՄՆ-ի համար անվտանգության հիմնական սպառնալիքներ են ռեգիոնալ բռնապետությունները, ահաբեկչական խմբավորումները, ռեվիզիոնիստական պետությունները՝ Ռուսաստանի եւ Չինաստանի օրինակով, որոնք սպառնում են ամերիկյան արժեքներին։ ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների թվում նշված են նաեւ Իրանը, Հյուսիսային Կորեան: Փաստաթղթի համաձայն` Ռուսաստանն ու Չինաստանը դիմակայում են ԱՄՆ տնտեսությանը, նաեւ ցանկանում են մեծացնել իրենց ռազմական հնարավորությունները, վերահսկել տեղեկատվությունը, ճնշել իրենց հասարակություններին եւ տարածել իրենց ազդեցությունը:
Միաժամանակ երեկ «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի աշխատակիցները Politico ազդեցիկ հանդեսում հետեւյալ առաջարկն են արել. «Պատժամիջոցներով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու» ակտն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցնում է Կոնգրեսին ներկայացնել զեկույց, «որում կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում առավել բարձրաստիճան պաշտոնյաների եւ Կրեմլին մոտ կանգնած մեծահարուստների ցուցակը»: Ու թեեւ այս ցուցակը դեռ պատրաստ չէ, սակայն խոսքը գնալու է ռուսական ազդեցիկ ընկերությունների ներկայացուցիչների մասին:
ՌԴ-ն բավական կտրուկ է արձագանքել ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությանը: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, թե Մոսկվայում կուսումնասիրեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, բայց հպանցիկ ընթերցումը ցուցադրում է փաստաթղթի կայսերապետական բնույթը: «Առկա է միաբեւեռ աշխարհից հրաժարվել չկամենալը, ընդ որում, հաստատակամ չկամենալը, բազմաբեւեռ աշխարհ չընդունելը»,- ասել է Պեսկովը` միաժամանակ ընդգծելով, որ ռազմավարությունը ուշադիր ուսումնասիրում եւ իմաստավորում է պահանջում: «Ինչն, անշուշտ, կարվի բոլոր համապատասխան գերատեսչություններում»:
Ակնհայտ է` երկու գերտերությունների միջեւ լարվածության խորացումն իր հետեւանքները կունենա նաեւ մեր տարածաշրջանում: Ի վերջո, այս տարածաշրջանում ռուսական ազդեցությունը զգալի է, մեծ է նաեւ տնտեսական ներկայությունը: Ու հիմա ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ցանկացած վայրիվերումներ անպայման իրենց արտացոլումն են ստանալու այստեղ, առավել եւս, երբ այս տարածաշրջանը միաժամանակ լի է սառը եւ թեժ հակամարտություններով:




Լրահոս