Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գ-լ/լ-տ Մովսես Հակոբյանի հետ:
-Հարգելի՛ պարոն Հակոբյան, 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո ՊԲ մի շարք զորամասի հրամանատարներ ազատվեցին պաշտոնից: Եթե այդ հրամանատարները ի սկզբանե իրենց առջեւ դրված խնդիրը չէին կարող իրականացնել, ինչո՞ւ ժամանակին չէր դիտարկվել նրանց պաշտոնից ազատման հարցը, որ պատերազմից հետո նոր խնդրին անդրադարձ եղավ:
-Ցավոք, պատերազմը այնպիսի մի գործողություն է, որ կանխագուշակել, թե ով ինչպես կարող է դրսեւորել իրեն պատերազմի ժամանակ, դեռեւս ոչ մի ստուգման արդյունք դա չի արձանագրել: Այն մի իրավիճակ է, որ հանկարծակի է ստեղծվում, եւ հրամանատարների որոշում կայացնելու, միջոցառումներ ձեռնարկելու համար պետք է նաեւ համապատասխան փորձ ունենալ: Բայց քանի որ այսօրվա սերունդը այդպիսի փորձ չուներ, այդ որոշումները կայացվել են հենց ապրիլյան գործողություններից հետո: Իհարկե, մենք փորձում ենք ուսուցման ժամանակ ի հայտ բերել այդ թերությունները, բայց գնահատական տալու համար միայն պատերազմական իրավիճակն է որոշիչ: Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ, ցավոք, ամբողջությամբ հնարավոր չէ բացահայտել հրամանատարի ունակությունները, մենք փորձում ենք դա ուսուցման ժամանակ անել: Պետք է արձանագրենք, որ մեր հրամանատարների 90 տոկոսը կարողացան իրավիճակին տիրապետել եւ համարժեք գործողություններ իրականացնել: Դրա վառ օրինակն է, որ մենք ազգային հերոս ունեցանք մեկ ուրիշ պաշտպանական շրջանում, որտեղ հակառակորդը մխրճվել էր:
-Այսինքն` հեռացված հրամանատարները կարո՞ղ էին համարժեք պատասխան տալ, բայց չէին արե՞լ:
-Տեսականորեն նրանք գիտեին` ինչպես պետք է խնդիրը կատարեն, բայց երբ ամեն ինչ իրական է, դժվար է այդպիսի գնահատական տալ եւ որեւէ երկրի զինվորականի չի հաջողվել ասել, թե մարտական գործողությունների ժամանակ ինչպես իրեն կդրսեւորի:
-Ուսումնասիրելով բանակում կատարվող դեպքերը` մենք արձանագրում ենք, որ դրանց մեծ մասը միջանձնային հարաբերությունների հետեւանքն է, կամ հրամանատարական կազմի կողմից որոշ զինվորներին արտոնություն տալու դրսեւորումն է, ինչի արդյունքում մարդկային զոհեր են լինում: Ի՞նչ պետք է անեիք եւ ի՞նչ եք անում` որպես շտաբի պետ, որ չի իրականացվել` նման դեպքերը գոնե նվազեցնելու համար:
-Ձեզ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվում, քանի որ նախկինում մենք ավելի շատ կորուստներ ունեցել ենք հակառակորդի դիվերսիոն գործողությունների կատարման արդյունքում, եւ այդ ֆոնին թվացել է, թե արտակարգ պատահարները, որտեղ կան քրեածին հանցանքներ, քիչ են: Բայց երբ փաստերը համադրում ենք, 2015, 2016, 2017 թվականների միջեւ մենք ունենք նվազում: Ցավոք, այդպիսի դեպքեր դեռեւս բանակում արձանագրվում են, եւ այդ ամենի պատասխանատվությունը բանակինն է: Այստեղ կան մի քանի փաստեր, թե ինչու են այդ դեպքերը լինում: Քանի որ զինված ուժերը իրականացնում են մարտական խնդիր պաշտպանական բնագծի ողջ երկայնքով, հրամանատարը չի կարող միաժամանակ գտնվել շրջանի բոլոր մարտական դիրքերում: Մի շարք այլ պատճառներ կան. առաջին գծի լարվածությունը երիտասարդների մոտ ագրեսիա, լարվածություն է ստեղծում, եւ ցանկացած մանր-մունր դեպքից հետո` հաշվի առնելով, որ մարտական հերթապահությունը ենթադրում է նաեւ զինված հերթապահություն, լինում են զինծառայողներ, ովքեր փորձում են հաշիվները պարզել զենքի կիրառմամբ: Իհարկե, որոշակի հաջողություն ունենք անցած տարվա համեմատ, բայց դա, մեղմ ասած, մեզ չի բավարարում, քանի որ գտնում ենք, որ հայ տղամարդու համար հայրենիքի պաշտպանությունը սրբազան պարտք է: Մեր զինվորների 99 տոկոսը հենց այդպիսին է: Եվ այն 1 տոկոսը չի կարող ստվեր գցել քրտնաջան, դժվարին պայմաններում հայրենիքի պաշտպանությունը իրականացնող զինվորների վրա:
-2017 թվականի ընթացքում արձանագրեցինք, որ ՊՆ մի շարք պաշտոնատար անձինք զորամասի հրամանատարները, տեղակալներ, նյութատեխնիկական ծառայության պետեր հափշտակությունների համար հայտնվել են մեղադրյալի աթոռին: Սակայն փորձը ցույց է տվել, որ նրանց նկատմամբ պատիժը սահմանվում է տուգանքի տեսքով: Ըստ Ձեզ` արդյո՞ք մեղմ պատիժը չէ պատճառը, որ նմանօրինակ դեպքերը բանակում շարունակական բնույթ են կրում:
-Ցանկացած գործ մանրամասն քննության արդյունք է, եւ ես հավատում եմ արդարադատությանը: Զինված ուժերը շահագրգիռ են, որ մեղավորները պատժվեն, եւ մյուս կողմից՝ որեւէ անմեղ մարդ չպատժվի: Երբ ասում են, որ բոլոր հանցագործությունները կապված են միջոցների հափշտակության հետ, ապա դա միշտ չէ այդպես: Դրանց մեծամասնությունը պարտականությունների թերի կատարման ընթացքում վատնած է, ոչ թե գողացված: Նպատակը ոչ թե մարդկանց դատապարտելն է, այլ կարգուկանոնի ամրապնդումը: Մենք այնպիսի մեխանիզմ ենք մտածում, որ վաղ փուլում՝ մինչեւ հանցագործություն դառնալը, կարողանանք հայտնաբերել պակասորդները, որ մարդկանց իզուր չպատժեն, որ հափշտակելը լինի անհնարին: Պետք է արձանագրենք, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում հենց ԶՈՒ տարբեր օղակների հրամանատարներն են ի հայտ բերում այդ խնդիրները: Շատ կարեւոր է մեր սպաներին պաշտպանելը` ոչ թե նրանց ազատելով քրեական պատասխանատվությունից, այլ ուսուցանելով, որ դա անիմաստ է: Մենք գնում ենք այդ ճանապարհով եւ վստահ ենք, որ հասնելու ենք հաջողության:
-Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին ժամկետային զինծառայողների զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում: Գործերը դատարան են մտել: Ինչո՞ւ ՊՆ-ն ազնիվ չգտնվեց զինվորների հանդեպ:
-Ասեմ, որ մեզ վիրավորեցիք: ՊՆ-ն շատ ազնիվ է զինվորների հանդեպ, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն, ովքեր մասնակցել են մարտական գործողությունների: Ցավոք, թյուրըմբռնում է եղել որոշ զինվորների եւ հրամանատարների կողմից. շփոթել են մարտական հերթապահությունը մարտական գործողությունների հետ: Բայց ցանկացած զինծառայող, ով մասնակցել է մարտական գործողության, բոլորի մոտ նշումները կան, եթե որեւէ մեկի մոտ թերի է, կարող է դիմել իրենց տարածքային զինկոմիսարիատ, կլրացվի: Խոնարհումով եմ վերաբերվում այն տղաներին, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել, բայց նրանց բախտ չի վիճակվել հակառակորդի մռութին մի հատ էլ հարվածել՝ մարտական գործողությունների պայմաններում:
-Օրերս աշխատանքից ազատվեց Ձեր տեղակալ Հայկազ Բաղմանյանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնապես հայտարարել էր, որ նա աշխատանքից ազատվել է` աշխատանքային մի շարք պարտականություններ չկատարելու համար: Ի՞նչ պարտականություններ նա չի կատարել:
-Նախ` պաշտպանության նախարարի խոսքը խեղաթյուրում եք, նա հայտնել է իր որոշումը, գտնում եմ, որ ճիշտ չէ, որ ԳՇ պետը մեկնաբանի պաշտպանության նախարարի խոսքը: Գեներալ Բաղմանյանը դիմում է գրել ծառայությունից ազատվելու, եւ այն նորմալ ընթացքավորվել է, նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից: Կարծում եմ, որ այն ճանապարհը, որն անցել է գեներալ Բաղմանյանը, հարգանքի է արժանի՝ անկախ տրվող գնահատականներից: Նրա անցած ուղուն պետք է հարգանքով վերաբերվել: Համոզված եմ՝ նա կշռադատված որոշում է կայացրել:
-Մամուլը տեւական ժամանակ հրապարակեց Ձեր եւ պաշտպանության նախարարի փոխհարաբերությունների մասին, որ բավականին լարված են, եւ ավելին՝ Ձեր ազատման մասին է խոսվում:
-Պետք է ասեմ, որ իմ եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները ծառայողական շատ բարձր մակարդակի վրա են, ինչը հստակեցված է օրենքով: Փառք Աստծո, նախարարը եւ ես հասկանում ենք մեր իրավունքները եւ լիազորությունները: Այն, ինչ իրականացնում է պաշտպանության նախարարը, միայն օգուտ է բերում զինված ուժերին, եւ մեր հարաբերությունները լարված չեն կարող լինել, քանի որ ծառայողական են: Ինչ վերաբերում է անձնականին, մենք հաճախ միասին ճաշում ենք, տարբեր առօրյա-կենցաղային թեմաներ ենք քննարկում: Մեր հարաբերությունները շատ լավ են, անհոգ եղեք: Վստահ եմ՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, իմ եւ Վիգեն Սարգսյանի հարաբերությունները միշտ կլինեն ջերմ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1
ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարել է, թե մինչեւ հաջորդ տարվա գարուն Հայաստանը կվավերացնի ԵՄ-ի հետ նոյեմբերին ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Նազարյանը խոսել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում: «Ես չէի ցանկանա ուղղակի առաջ ընկնել, միայն կարող եմ ասել, որ կառավարությունը ունի հանձնարարական՝ արագացնել այդ գործընթացը… Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի անել մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը: Հանձնարարականը գալիս է մեր հանձնառությունից»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններն էլ իրենց հերթին պետք է առանձին-առանձին վավերացնեն այդ համաձայնագիրը:
ԹԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ, ՔԻՉ ՀԱՐԿ
Երեւանում աղբահանությամբ զբաղվող «Սանիտե» ՍՊԸ-ն այս տարվա երրորդ եռամսյակում տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ «Սանիտեք»-ը պետական բյուջե այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 258 մլն 942 հազար 300 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը կատարել է 262 մլն 555 հազար 300 դրամի չափով հարկային վճարումներ: Ստացվում է, որ «Սանիտեք»-ը 3 մլն 613 հազար դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Նկատենք, որ տեւական ժամանակ է, ինչ «Սանիտեք»-ի աշխատանքից երեւանցիները դժգոհում են: Բանն այն է, որ ընկերությունը թերանում է եւ պատշաճ աղբահանություն չի իրականացնում քաղաքում: Սա դեռ բավարար չէ, հիմա էլ հարկերն է նվազեցրել:
ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՀԿ-Ի
«էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Յուրա Ղարիբյանի եւ ԴԱՀԿ ծառայության միջեւ կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության: Ընկերությունն իր հայցադիմումով պահանջում է, որպեսզի դատարանը ԴԱՀԿ ծառայության գործողությունները ճանաչի ոչ իրավաչափ` պարտավորեցնելով կատարել որոշակի գործողություններ:
Հիշեցնենք, որ «էլիտ Շանթ»-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանը դեռեւս անցած տարի հայտնվել էր աղմկալի միջադեպի կենտրոնում: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա դեկտեմբերի 15-ին իրավապահները հայտարարեցին, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի տան վրան: Ղարիբյանի տանը սպանվել էր Աջափնյակի բնակիչ Գեւորգ Սարգսյանը, եւ ըստ պաշտոնական վարկածի՝ նա ավազակային հարձակում կատարելու նպատակով ներխուժել էր Ղարիբյանների բնակարան, տանեցիների հետ վեճի ժամանակ մահացու վնասվածքներ ստացել: Ըստ տարածված լուրերի` սպանվածը գործարարի հետ պարտք ու պահանջի խնդիր է ունեցել: