Պարուհի, պարուսույց եւ դերասանուհի Սոֆի Դեւոյանը նախընտրում է Ամանորը նշել քաղաքից դուրս, սակայն այս տարի տոն օրերին լինելու է տանը: Նրան այնքան էլ հետաքրքիր չէ եփել-թափելու պրոցեսը, փոխարենը պարուհին նախընտրում է Ամանորին իր շուրջը հավաքել մտերիմներին, հարազատներին եւ նրանց հիշարժան նվերներ, անակնկալներ մատուցել: Տիկին Դեւոյանը «Ժողովուրդ»-ին պատմել է 2017-ին ունեցած ձեռքբերումների, բացթողումների մասին` նշելով նաեւ, թե ինչ սպասելիքներ ունի 2018-ից: Նա նաեւ խոսել է ամանորյա զարդարանքների մասին` շեշտելով, որ նախընտրում է նախապատվությունը տալ այդ տարվա միտումներին:
-Տիկի՛ն Դեւոյան, Ամանորն ի՞նչ միջավայրում եք դիմավորելու, ո՞ւմ հետ: Սիրում եք Նոր տարին դիմավորել տա՞նը, թե՞ այլ տեղ:
-Նոր տարին նշելու եմ շատ հարազատ միջավայրում` իմ ընտանիքով: Մեզ այցելելու են ամուսնուս աղջիկները` մեկը Ավստրիայից, մյուսը` Ռուսաստանից: Մեր տուն են գալու նաեւ մեր ընկերները, այնպես որ, բոլորին հավաքելու ենք մեր շուրջը: Բոլոր ներկաներին սպասվում են հետաքրքիր, օրիգինալ անակնկալներ: Ձմեռ պապիկով, Ձյունանուշիկով իսկական Նոր տարի ենք նշելու: Ընդհանրապես, ես սիրում եմ տոնը նշել քաղաքից դուրս, թեկուզ Հայաստանում, որովհետեւ եփել-թափելն այդ օրերին այնքան էլ հետաքրքիր չէ: Բայց արդեն մի քանի տարի է` Ամանորը դիմավորում եմ տանը, քանի որ մայրս տարեց կին է, եւ ես նրան միայնակ չեմ թողնում:
-Գալիք 2018 թվականի հետ կապված ի՞նչ պլաններ եք կազմում: Կա՞ն ստեղծագործական ծրագրեր, որոնք կուզեք անպայման կյանքի կոչել:
-Պատրաստվում եմ իրականացնել շատ անսովոր մի նախագիծ` բեմադրության տեսքով: Ներկայացման պրեմիերայի օրը թերեւս կնշեմ նաեւ իմ բեմական գործունեության 50-րդ եւ «Սոֆի Դեւոյան» մշակույթի կենտրոնի գործունեության 25-րդ հոբելյանները: Ամբողջ եռանդս դրել եմ դրա մեջ: Մշակույթի կենտրոնը մարտի վերջին կներկայանա ազգային պարերով, իսկ արդեն հունիսին` գալլա համերգով, որի շրջանակում կներկայացվեն միջազգային պարեր:
-Եթե ամփոփելու լինենք 2017 թվականը, ինչպիսի՞ տարի էր այն Ձեզ համար:
-Շատ լեցուն եւ հետաքրքիր: Այս տարի ես հասցրեցի բացել իմ ֆոտոստուդիան, ատելիեն, նաեւ դպրոց Շենգավիթ վարչական շրջանում. քիչ բան չէ:
-Իսկ մարդ-մարդ հարաբերություններում ի՞նչ շահեցիք եւ ի՞նչ կորցրիք այս տարի:
-Դուք ուղիղ տասին խփեցիք, որովհետեւ ես այս տարի այնքան զբաղված էի, որ շատ քիչ շփումներ եմ ունեցել: Ահռելի, ժամանակատար աշխատանք եմ տարել 2017-ին: Առհասարակ, ասեմ, որ թեեւ միշտ շրջապատված եմ մարդկանցով, իմ ընկերների շրջանակը կրճատվել է:
-Ամանորին ինչպե՞ս եք պատրաստվում զարդարել Ձեր տունը, տոնածառը: Հաշվի առնո՞ւմ եք նորաձեւության միտումները, 2018-ի թելադրանքը, թե՞ առաջնորդվում եք սեփական նախընտրություններով միայն:
-Ամեն Ամանորին տունն անպայման զարդարված է լինում: Ես շատ եմ սիրում դա անել թոռնուհուս` Սոֆիի հետ, ով, ի դեպ, կարողանում է օրիգինալ լուծումներ ստանալ: Նոր տարվա դիզայնի հետ կապված իմ ամենասիրելի էլեմենտն, իհարկե, տոնածառն է: Չի կարող լինել Ամանոր առանց տոնածառի: Զարդարանքներ ընտրելիս անպայման հաշվի եմ առնում տվյալ տարվա մոդայիկ գույները: 2018-ն, օրինակ, շան տարի է, ես դա նույնպես հաշվի եմ առնում: Ասում են` շունը ճոխություններ չի սիրում, ուստի տունը զարդարելու հարցում ավելի համեստ է պետք լինել` նախապատվությունը տալով հին, արխիվային, ռետրո իրերի կիրառմանը:
-Տիկի՛ն Դեւոյան, Ձմեռ պապիկից ի՞նչ եք խնդրում:
-Միայն մեկ բան` որ իմ ընտանիքի անդամները լինեն առողջ. դա կլինի ամենամեծ նվերը: Երբ մարդ առողջ է, նա ունի ուժ ե՛ւ աշխատելու, ե՛ւ սիրելու ու բարի գործեր կատարելու համար. սա ամենակարեւորն է:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՎԱՐԱԿՎԵԼ Է ԷԿՐԱՆՆԵՐԻՆ ԵՐԵՎԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ
«Հեռուստադիտողներին սպասվում է ամանորյա հետաքրքիր թողարկում, 20-րդ սերիայով, որը համընկնում է դեկտեմբերի 31-ի հետ, կեզրափակվի եթերաշրջանը: Իմ կերպարի հետ արդեն իսկ եղել են անսպասելի զարգացումներ, էլի կլինեն»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասան Մհեր Խաչատրյանը` նույն ինքը` Գարիկը:
Հարցին, թե 2018-ին հեռուստանախագծերում կրկին նկարահանվելու առաջարկ կընդունի՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, սիթքոմը շատ վարակիչ ֆորմատ դուրս եկավ, եթե լինեն հետաքրքիր առաջարկներ` սցենարի եւ կերպարային առումով, մեծ սիրով կընդունեմ դրանք»:
Մենք հետաքրքրվեցինք` Մհերն իրեն տեսնում է միայն կատակերգական, թե նաեւ այլ ժանրերում. «Ես ինձ չեմ համարում կատակերգու, պարզապես մեկն եմ, ով կարող է որոշ բաներ անել ու ասել կատակով (նման բան եղել է նաեւ «Արմքոմեդիի» շրջանակում): Իսկ, առհասարակ, ինձ համար կարեւոր չէ` պետք է ներկայանամ կատակերգական, թե դրամատիկ կերպարում, կարեւորն այն է, որ տարվի որակյալ, հետաքրքիր աշխատանք: Այսինքն` եթե զգամ, որ կարող եմ ոչ հումորային կերպարում էլ ներկայանալ, կանեմ դա»,-մեկնաբանեց նա:
Մհերը խոստովանեց, որ էկրաններին հայտնվելու ցանկություն, միտք միշտ էլ ունեցել է: Իսկ արդեն կոնկրետ քայլեր ձեռնարկել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետն ավարտելուց եւ բանակում ծառայելուց հետո. «Երբ վերադարձա, եղավ «Արմքոմեդիի» քասթինգը, մտածեցի, որ ուժերս փորձելու համար լավ հնարավորություն է: Եվ, փաստորեն, հաջողեցի»:
Մհերը նախընտրում է Ամանորը նշել կա՛մ տանը, կա՛մ երկրից դուրս. «Երկրից դուրս Նոր տարին նշելը ավելի էժան է, քան հայաստանյան որոշ քաղաքներում: Ամեն դեպքում, կարծում եմ` Ամանորն ընտանեկան տոն է, եւ հարկավոր է մնալ տանը»,-ասաց նա:
Դերասանը նաեւ տեղեկացրեց, որ գործնական կյանքին առնչվող մի քանի նպատակ ունի, որոնք կցանկանա 2018-ին իրականացված տեսնել. «Մի քանի միտք ունեմ տարբեր ֆորմատների հաղորդումներ կյանքի կոչելու վերաբերյալ: Կփորձեմ իրագործել գոնե դրանց մի մասը»,-եզրափակեց Մհերը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ՊԱՅՔԱՐ «ՕՍԿԱՐ»-Ի ՀԱՄԱՐ
2018 թվականի հունվարի 23-ին կիմանանք «Օսկար»-ի հավակնորդների անունները, իսկ մինչ այդ Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիան հայտնել է 70 երգերի ցանկը, որոնք շարունակելու են պայքարել «Օսկար» մրցանակի համար: Անվանակարգում հայտնվելու հավակնություններ ունեն Soundgarden խմբի` այս տարի մահացած մենակատար Քրիս Քորնելի երգը, որը նա գրել էր Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի համար, նաեւ Թեյլոր Սվիֆթի «I Don՚t Wanna Live Forever» երգը «Հիսուն երանգով մուգ» ֆիլմից ու Մրայահ Քերիի «The Star» երգը «Ուղեցույց աստղ» անիմացիոն ֆիլմից: