Կակաոյի փոշիի հետ մեկտեղ հերոին էին բերել Հայաստան. 105 կգ հերոինի գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ.-ի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան:

Հաղորդագրության համաձայն՝ ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետեւ մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է Երեւան՝ մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում: Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ հերոին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերոհիշյալ գործը մտել է դատարան: Ֆերդի Օզդեմիրին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վրացական Օմեր Տրանսպորտ կազմակերպությունում զբաղվելով միջազգային բեռնափոխադրումներով, նշված կազմակերպության անվամբ հաշվառված և իր կողմից շահագործվող բեռնատարով և դրան ամրակցված կցորդով 2017 թվականի հունիսին Թուրքիայից առանց ՀՀ տարածք մուտք գործելու ԻԻՀ է տեղափոխել կակաոյի փոշի, այնուհետև, ԻԻՀ-ում գտնվելու ընթացքում, նույն բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածի հատուկ հարմարեցված թաքստոցում պահել է թվով 204 բրիկետների մեջ փաթեթավորված, առանձնապես խոշոր չափերով` 101830,16 գրամ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոց և տարանցիկ Վրաստան փոխադրելու դիտավորությամբ, 2017 թվականի հուլիսի 9-ին Մեղրի մաքսակետով մաքսանենգությամբ` թաքցնելով մաքսային հսկողությունից` նշված թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, ինչից հետո այն հայտնաբերվել է բեռնատարի և դրա կցորդի ռենտգենյան սարքավորման կիրառմամբ ստուգման արդյունքում:

Այս գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարնում: Գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին:




Լրահոս