Իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ ներկայացուցիչներն առանձակի ոգեւորությամբ են սկսել գովաբանել այս կառավարության գործունեությունը: Բայց արդյունքում կորցնում են իրատեսությունն ու իրականության զգացողությունը: Օրերս խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունն այդ ժանրից էր: «Կառավարության 2017-ի գործունեությունը ձեր աչքի առաջ է, կառավարության նման արդյունավետ աշխատանք վերջին տասնամյակում, թերեւս, չենք տեսել՝ բոլոր ցուցանիշների առումով»,- ասել է դաշնակցական գործիչը:
Սկսենք նրանից, որ 2017թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, հետեւաբար նման պնդումներ անելը դեռ վաղ է: Եւ հետո` վերջին տասնամյակում նախորդ կառավարություններին հաջողվել էր գոնե թվանկարչության շնորհիվ 7 տոկոս աճ ներկայացնել. համենայնդեպս այդպես էր պնդում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ մասին խոսելիս: Մոտավորապես նույնքան աճ էլ կառավարությունն ակնկալում է այս տարի, բնականաբար, կրկին թվանկարչության շնորհիվ:
Ու բացի այդ` մեկ այլ իրողություն. 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ նիստում հետեւյալ «հաստատումներն էին» արվել. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռեւս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեեւ առկա են որոշ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում»: Ըստ այդմ, ՀՅԴ-ն առաջնային խնդիր էր համարել «սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը»` ընդգծելով, որ առաջնորդվելու են նախաձեռնողականության եւ ինքնուրույն գործելակերպով: Ու այսքանից հետո Աղվան Վարդանյանի երեկվա հայտարարությունները մի տեսակ չէին համապատասխանում կուսակցության գնահատականներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: