Չնայած ՀՀ-ում բոլորն անհամբեր սպասում են ապրիլին, երբ հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ վարչապետ, որը, ըստ նոր Սահմանադրության, լինելու է երկրի առաջին դեմքը, սակայն մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի համար այդ հարցում անակնկալներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը վստահություն հայտնեց, թե ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը:
Թեեւ մեր երկրում անգամ վարչապետ Կարեն Կարապետյանն էր իր խոսքում նշել, թե անորոշությունը բացասաբար է անդրադառնում բիզնեսի եւ տնտեսության վրա, սակայն Կոլերովի խոսքով` ՌԴ-ում այդ անորոշությունը չկա: «Հստակ ազդակ ենք ստացել, որ վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը», – նշեց Կոլերովը:
Իսկ թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը, ՌԴ-ին այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նոր Սահմանադրությամբ նա մեծ լիազորություններ չի ունենալու:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հայտարարեց՝ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է: Ընդ որում, հետաքրքիր օրինաչափությամբ Կարեն Կարապետյանը «բերվեց» ՌԴ-ից, ապագա նախագահը՝ Մեծ Բրիտանիայից:
-Պարո՛ն Կոլերով, Հայաստանում առաջիկայում ներքաղաքական հետաքրքիր զարգացումներ են սպասվում: ՀՀ-ն կունենա նոր նախագահ եւ նոր վարչապետ: Ո՞ր դեպքում այդ փոփոխությունները կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Ոչ մի: Հստակ է, որ ՀՀ վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը:
-Իսկ եթե Սերժ Սարգսյանը չլինի՞ վարչապետ:
-Այդ դեպքում ես շատ կզարմանամ: Դա հավասար կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ իշխանությունից հեռանալու պայմաններում: Դա կլինի նրա լրիվ մեկուսացումն իշխանությունից, իսկ դրան հավատալ ես չեմ կարող: Եթե Սերժ Սարգսյանը հեռանա, իհարկե, դա արդեն կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ յուրաքանչյուր նոր առաջին դեմք, իսկ Սահմանադրությամբ երկրի առաջին դեմքը լինելու է վարչապետը, պետք է հաստատի առաջին հերթին Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում եւ այդ հարաբերություններին վերաբերող այլ հարցերում եւս: Ու քանի դեռ նոր դեմքը չի հաստատի այդ ամենը, դա կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բայց քանի որ առաջին դեմքը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, ոչ մի փոփոխութուն չի լինի:
-Պաշտոնական Մոսկվան վստա՞հ է, որ հենց նա է լինելու վարչապետ:
-Ռուսաստանը ստացել է բոլոր անհրաժեշտ ազդանշանները Հայաստանից այն մասին, որ Սերժ Սարգսյանը պահպանելու է իշխանությունը:
-Իսկ կարեւոր չէ՞, թե ով է լինելու ՀՀ նախագահը:
-Թե ով կլինի նախագահ կարեւոր չէ, քանի որ Սահմանադրությամբ նրան ձեւական ֆունկցիաներ են տրված:
-Ամեն դեպքում այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին: Ինչպիսի՞ թեկնածու է նա ՌԴ-ի համար:
-Ոչ մի: ՌԴ-ի համար լրիվ միեւնույն է, քանի որ նախագահի ֆունկցիան ձեւական է: Նրա դերը զրոյական է:
-Կարեն Կարապետյանին համարում են ռուսամետ գործիչ, Արմեն Սարգսյանին՝ արեւմտամետ: Տարօրինա՞կ չէ Սերժ Սարգսյանի քաղաքականության փոփոխությունը:
-Կարեն Կարապետյանին որպես ռուսամետ գործիչ կամ Ռուսաստանի մարդ համարել են հենց Երեւանում: Պաշտոնական դեմքերից ոչ մեկ այդ մասին ՌԴ-ում չի ասել: Կարեն Կարապետյանը ՌԴ-ում ապրել է ընդամենը մի քանի տարի: Իսկ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում երկար տարիներ է ապրել: Սակայն պետք է կրկնեմ, որ նախագահը ձեւական բնույթ է կրելու եւ ըստ նոր Սահմանադրության` ոչ մի դերակատարում չի ունենալու: Երկիրը կներկայացնի Սերժ Սարգսյանը:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը