Նախորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելեց Միացյալ Թագավորություն` վարչապետ Թերեզա Մեյի հետ անձամբ քննարկելու Եվրամիությունը լքելու գործընթացի մանրամասները: Շուրջ մեկ տարուց ավելի ՄԹ-ԵՄ հարաբերությունները միանշանակ չէին` զբաղված բանակցությունների իմիտացիայով: Միայն մեկ ամիս առաջ Բրյուսելում Մեյը ստիպված եղավ ընդառաջել ԵՄ-ի պահանջներին` միությունը լքելու գործընթացը փափուկ անցկացնելու մղումով: Այժմ էլ Ֆրանսիայի նախագահն է ուղեւորվել Լոնդոն` երաշխավորելու փափուկ Բրեքզիթը եւ սահմանելու ֆրանս-բրիտանական հարաբերությունների ապագան:
Վերլուծաբանները գրեթե միակարծիք էին, որ Ֆրանսիայի նախագահի այցելությունը առաջին հերթին միտված էր երկու պետությունների հարաբերությունների ապագան որոշելուն: Հանդիպումներն ու քննարկումները դիտելով իբրեւ «ճանապարհային քարտեզի» մշակման քայլեր` երկու պետությունների ղեկավարներն էլ կարծես կենտրոնացել են անվտանգության հարցերի վրա: Հրավիրված անվտանգության գագաթնաժողովին, որին մասնակցում էին երկու երկրների ղեկավարները, Մեյը նկատել է, որ Ֆրանսիան ու Միացյալ Թագավորությունը հավատարիմ են լինելու միասնական պաշտպանական համակարգի կայացմանը` զուգորդված ժողովրդավարական արժեքների հանդեպ նվիրվածությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ֆրանսիան կօժանդակի Միացյալ Թագավորության ռազմական օպերացիաներին Էստոնիայում, իսկ ՄԹ-ը` Ֆրանսիայի միջոցառումներին` Աֆրիկայում: Այդ համատեքստում էլ բարձրանում է Եվրամիությունից ՄԹ-ի դուրս գալու հարցը, որին, ըստ մասնագետների, այնքան էլ մեծ կարեւորություն չի տրվել Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակներում: Հաշվի առնելով Մակրոնի բնույթը, որը, ի հեճուկս ԵՄ-ի այլ առաջնորդների, հարգում է պաշտոնական գործառույթների բաժանման ինստիտուտը, հազիվ թե առաջնորդները երկար խոսեին Բրեքզիթի մասին:
Կարծիք կա, որ Մակրոնը չի ցանկացել խառնվել ՄԹ-ԵՄ հարաբերություններին` դրանք թողնելով Միշել Բարնիեի հոգածությանը, որը ՄԹ-ի հետ ԵՄ-ի գլխավոր բանակցողն է: Սակայն դրանով հանդերձ` փակ զրույցներին հետեւած մամուլի ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ Բրեքզիթի թեման քննարկվել է: Մակրոնն անգամ այդ կապակցությամբ հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունը բոլոր հնարավորություններն ունի` ԵՄ-ի հետ լավագույն համաձայնագրի կնքմանը հասնելու համար, եթե նախ ընդունի միության նախապայմանները: Ըստ նրա` կարելի է յուրահատուկ լուծում գտնել, սակայն միասնական շուկայի մասին խոսելն անիրատեսական է առանց ԵՄ-ի կանոններն ընդունելու: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ` Միացյալ Թագավորությունը նախ պետք է պարտավորվի ապահովել ԵՄ-ի բյուջետային վճարումները:
Միացյալ Թագավորության Բրեքզիթի հարցերով քարտուղար Դեյվիդ Դեյվիսը հայտարարել էր, որ ՄԹ-ը ցանկանում է ԵՄ-ի հետ համաձայնության հասնել հատուկ պայմաններով` միության շուկայի արտոնյալ օգտագործման հնարավորությամբ: ՄԹ-ը մտմտում է Կանադայի հետ ԵՄ-ի համաձայնագրի պես մի բան ստանալ` պայմանականորեն այն անվանելով «Կանադա+++»: Սակայն բրիտանացիների ախորժակը արդեն իսկ հասցրել է փակվել ԵՄ-ի պաշտոնյաների անդադար ջանքերով, որոնք միաբերան պնդում են, որ ՄԹ-ը չի ստանա սեփական կամայական ընտրությամբ միության հսկայածավալ շուկայի լավագույն հնարավորություններից օգտվելու հնարավորություն: Բրիտանացիների հույսերը մարել է նաեւ Մակրոնը` հայտարարելով, որ դա է տարբերությունը միասնական շուկայի անդամ լինելու ու դրա հետ սոսկ առեւտրային համաձայնագրով կապված լինելու միջեւ: Ֆրանսիայի նախագահը, փաստորեն, առիթը բաց չի թողել կծու խոսքերով հակադարձելու ՄԹ պաշտոնյաներին` ակնարկելով միությունը լքելու նրանց քաղաքականության սխալականությունը: Նախօրեին BBC-ին տված հարցազրույցում Մակրոնն արդեն բացեիբաց հայտարարեց, որ հիմնովին սխալ էր Բրեքզիթի հանրաքվեի դրված «այո կամ ոչ» հարցը:
Ըստ նրա` ամենայն հավանականությամբ ֆրանսիացի ընտրողներն էլ նույն ընտրությունը կկատարեին, եթե այդպիսի բարդ հարցի շուրջ նույնպիսի պարզամիտ ձեւակերպմամբ նրանց առաջադրվեր «այո-ոչ»-ի ընտրանքը: Նա նկատել է, որ նախ պետք էր քաղաքացիներին հարցնել, թե որ հարցերն են առավել սուր դրված Միության հետ հարաբերություններում ու ներկայացնել հանրությանը բարելավմանն ուղղված գործողությունների կոնկրետ ծրագիր: Նա համարում է, որ «այո-ոչ» ընտրանքով քաղաքական էլիտան ռիսկի է գնացել` իրականում բարդ խնդիրը անհարկիորեն պարզեցնելով: Ըստ նախագահի դիտարկման` Եվրամիության հետ հարաբերություններում ՄԹ-ը չի կարող ակնկալել ավելի խորը համագործակցություն, քանզի այդպիսի հարաբերություններ ենթադրում է միայն անդամությունը: Կրկին խայթելու առիթից օգտվելով` Մակրոնը հավելել է, որ հանրաքվեից առաջ պետք էր մարդկանց հետ ազնիվ լինել ու բացատրել իսկությունը: Այդուհանդերձ Մակրոնը նշել է, որ ուրախ կլիներ, եթե Միացյալ Թագավորությունը վերանայեր ԵՄ-ն լքելու որոշումը եւ կրկին վերադառնար համագործակցությանը միության ներսում:
Միացյալ Թագավորություն կատարած այցելությամբ եւ թույլ տված սխալների մասին անկաշկանդ խոսելու իր կարողությամբ Մակրոնը հերթական քայլը կատարեց արեւմտյան ժողովրդավարության առաջնորդի կարգավիճակին բազմելու ուղղությամբ: Նա խոհեմաբար փորձում է նախանշել ֆրանս-բրիտանական հարաբերությունների ապագան, եթե հանկարծ Բրեքզիթը վերջնական իրողություն դառնա: Իսկ ՄԹ-ի հետ Ֆրանսիայի հարաբերությունները չափազանց կարեւոր են թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների առումով: Ազատ աշխարհի ավանդական առաջնորդ ԱՄՆ-ի ինքնամեկուսացումից օգտվելով` Ֆրանսիայի նախագահը քայլ առ քայլ վերականգնում է իր պետության աշխարհաքաղաքական դերակատարությունը: Հայաստանի իշխանությանը, արդ, մնում է հաշվի նստել այս միտումների հետ` առաջիկա հոկտեմբերին Մակրոնի երեւանյան այցը փորձելով օգտագործել ի նպաստ Հայաստանի, այլ ոչ թե սեփական շահերի:
Ն. Հովսեփյան