Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշման նախագծի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Համացանցում արդեն ստեղծվել է «Աջ ղեկ» նախաձեռնությունը, որի անդամները նախատեսում են վաղը բողոքի ցույց-ավտոերթ անցկացնել` կապված աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծման արգելքի դեմ: Մշակվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը եւ վերահաշվառումը կամ այլ կերպ ասած՝ վաճառքը: Բողոքի երթի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանի հետ:
-Գեւո՛րգ, հայտնի է, որ վաղը նախատեսում եք բողոքի ավտոերթ անցկացնել` աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքի հետ կապված: Ձեր հիմնական բողոքն ինչի՞ դեմ է, եթե ամեն դեպքում աջ ղեկով ավտոմեքենաներ վարելը չի արգելվում:
-Վերահաշվառման դրույթի սահմանափակման դեմ է լինելու ակցիան, եւ հետագայում աջ ղեկով ավտոմեքենաների շահագործման հետ կապված: Հիմնականում այդ դրույթները, բայց ունենք բողոք նաեւ ներմուծման վերաբերյալ կամ առաջարկ: Ինչո՞ւ արգելել կամ ի՞նչ դրույքաչափ է դրվում մաքսազերծման հետ կապված:
-Ամեն դեպքում Հայաստանում ձախակողմյան երթեւեկություն է, եւ օրինաչափ է աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը: Հստակ ի՞նչ առաջարկ ունեք:
-Օրինակ` Վրաստանում, որտեղ նույնպես փորձեցին արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը, շատ ավելի ճիշտ քայլ արեցին: Թողեցին, որպեսզի աջ ղեկով ավտոմեքենաները շահագործվեն կամ վերահաշվառվեն, ուղղակի այնտեղ մաքսազերծման դրույքաչափը բարձրացավ: Ընդամենը այսքանը: Առաջարկում ենք Հայաստանում եւս այդպիսի կիրառում ամրագրել:
-Ուսումնասիրե՞լ եք միջազգային փորձը: Ո՞ր երկրում ինչպե՞ս է հարցին լուծում տրվում:
-Այո՛, շատ: Եթե նայենք միջազգային փորձը, մեզ կասեն՝ մենք ունենք սպեցիֆիկ տարածաշրջան: Հիմնականում նայել ենք Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի փորձը: Բայց դա չի խանգարում նոր որոշում կայացնելու հարցում: Պարտադի՞ր է նայել, թե ինչ է փորձը ցույց տալիս, մյուսներն ինչպես են վարվում, որ դուք էլ նման կերպ վարվեք: Բա էլ ուր մնացին մեր փորձագետները, եթե պետք է քոփի անեն մնացյալ պետություններից:
-Առաջարկ ունե՞ք, որոնք ներկայացնելու եք կառավարությանը:
-Մեր մտահոգություններն ենք ներկայացնելու: Չենք թողնի եւ կպայքարենք մինչեւ վերջ, որպեսզի վերահաշվառումն արգելող օրենք չլինի: Իսկ առաջարկը շատ պարզ է, պետք է ուղղակի բանակցություններ լինեն, եւ մեր առաջարկը կանենք, կկարողանանք կառավարության հետ ընդհանուր հայտարարի գալ եւ դրույքաչափի շուրջ համաձայնության գալ: Դե, ինչպես հայտնի է՝ ով աջ ղեկով ավտոմեքենա ունի, ապրիլի 1-ից վերահաշվառումն արգելվելու է: Այսինքն` մարդը, եթե աջ ղեկով մեքենա ունի, ապրիլի 1-ից հետո այն չի կարող վաճառի: Կամ, ասենք, չվաճառի, նվեր տա ինչ-որ մեկին, կապ չունի, վերանվանելու իրավունք չկա: Մասնավոր սեփականություն է, եւ մարդ ինչպես ցանկանում է, այնպես էլ պետք է տնօրինի:
-Դուք հանդիսանում եք նախաձեռնության համակարգողը: Ովքե՞ր են լինելու ավտոերթի մասնակիցները:
-Նախաձեռնությունն ինքնաբուխ է ստեղծվել, մի քանի հոգով ենք նախաձեռնել: Անձամբ ես եմ բացել խումբը, հետո ընկերներս որոշեցին միանալ, հիմա բոլորով համակարգում ենք: Բոլորը կարող են գալ, ինչ-որ բանով օգնել:
-Ձեր բողոքն ամեն դեպքում ո՞ւմ դեմ է ուղղված՝ վարչապետի՞, թե՞ նախարարի: Ի վերջո, քաղաքական ենթատեքստ առկա՞ է, թե՞ ոչ:
-Բնականաբար քաղաքական ենթատեքստ չունի: Սա ավելի շատ սոցիալական ուղղվածություն ունի, քանի որ առաջին հերթին հարված է գրպանին, եւ սոցիալական ինքնաբուխ հավաք-ավտոերթ է: Մեր ակցիան ուղղված չէ ո՛չ վարչապետի, ո՛չ նախարարի դեմ: Եթե այս օրենքը փորձեին կիրառել Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիներին, եթե մենք լինեինք, էլի բողոքելու էինք: Ինչ-որ անհատ չկա, որի դեմ բողոքում ենք, ով ուզում է լինի, չեմ պատրաստվում հավելյալ 200 դոլար ծախսել, որովհետեւ նրանք այդպես են ցանկանում:
ԱՂՄՈՒԿ ԵՎ ԱՂԱՂԱԿ ՈՉՆՉԻՑ ԿԱՄ ՀՐԱՅՐԻ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը ակնառու ցույց տվեց, թե նոր խմբագրությամբ Սահմանադրության պայմաններում ինչ փակուղային իրավիճակներ կարող են ստեղծվել խորհրդարանում: Իսկ ինչից սկսվեց այս ամենը. երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այն սահմանադրական օրենք է, հետեւաբար կարող է ընդունվել, եթե օրինագծի օգտին կքվեարկեն պատգամավորների 3/5-ը, ասել է, թե նախագիծը կարող էր ընդունվել առնվազն 63 կողմ ձայնով:
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» խմբակցությանը կոչ արեց չքվեարկել, քանի որ իշխող կոալիցիայի՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները դահլիճում 61-ն էին: «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք եւս չեն քվեարկի: Այդ ընթացքում տեսանելի էր, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շրջվել է դեպի «Ծառուկյան» խմբակցությունը եւ ինչ-որ մեկին հասկացնում էր, որ կողմ քվեարկի: Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության, եւ ցուցատախտակի վրա արձանագրվեց 61 կողմ: Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունից Ռուստամ Մախսուդյանի կողմ կոճակը չի աշխատել, եւ նրա քվեարկությունը չի արձանագրվել, ուստի նա եւ արտերկրում գտնվող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւս կողմ են քվեարկել: Ըստ այդմ, ստացվեց 63 կողմ: Դահլիճում աղմուկ բարձրացավ: «Ելք» խմբակցության անդամները մեկը մյուսի ետեւից վարման կարգով ձայն էին վերցնում եւ հայտարարում, որ օրինագիծը չի ընդունվել: Այդ թոհուբոհի մեջ պարզ դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը օրինագծին կողմ է քվեարկել: Բոլորը փորձում էին պարզել, թե ինչպես է քվեարկել Նապոլեոն Ազիզյանը, իսկ վերջինս պաշտոնապես՝ իր խոսափողից ոչ մի հայտարարություն չէր անում: Երբ դահլիճում կրքերը շատ էին լարվել, նա ուղղակի դահլիճից դուրս եկավ: Ի վերջո, «Ելք» խմբակցությունը բոյկոտեց եւ լքեց ԱԺ նիստերի դահլիճը: Նրանցից հետո նիստերի դահլիճը լքեցին նաեւ «Ծառուկյան» խմբակցության անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Վահրամ Բաղդասարյանից պարզել՝ ճի՞շտ է, որ Նապոլեոն Ազիզյանն իր հորդորով կողմ է քվեարկել: Ի պատասխան` նա ասաց. «Նապոլեոն Ազիզյանը կայացած անձնավորություն է, նա որեւէ հրահանգի չի ենթարկվում»: Իսկ Նապոլեոն Ազիզյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե ինքն առհասարակ չի քվեարկել եւ այդ մասին տեղեկացրել է ԱԺ քարտուղարությանը. «մատս էր կպել ուղղակի»:
Նապոլեոն Ազիզյանի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում «Ծառուկյան» խմբակցության ներսում եւս կրքերը լարվեցին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Նապոլեոն Ազիզյանի հասցեին հնչեցրած արտահայտության պատճառով վեճ էր բռնկվել «Ծառուկյան» խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանի եւ Արթուր Մանուկյանի միջեւ: Ականատեսների խոսքերով` երկու պատգամավորներն իրենց հարաբերությունները «պարզել» էին պատգամավոր, Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում: Ավելի ուշ բոլորը հավաքվեցին Ծառուկյանի առանձնատանը եւ հարցին լուծում տվեցին՝ պաշտոնապես հայտարարելով, թե որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել:
Ինչեւէ: Դատական նոր օրենսգրքի նախագիծը ներկայացնելու նպատակով խորհրդարան եկած ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր կարծիքով թյուրիմացություն է եղել, քանի որ դատական գործող օրենսգրքում փոփոխություն կատարելու օրինագիծը սահմանադրական օրենք չէ, եւ կարիք չկար, որ այն 3/5-րդով ընդունվեր: Այլ կերպ ասած` ողջ պատմության պատճառը եղել է ԱԺ ղեկավարության սխալը: Իսկ արդեն օրվա վերջին ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը փորձել էր սրբագրել Արա Բաբլոյանի սխալը` միեւնույն ժամանակ տալով հիմնական մեղավորի անունը. «ԱԺ նախագահը հիմնվել է խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի տեսակետի վրա, ըստ որի` ներկայացված նախագիծը սահմանադրական օրենք է»:
Տեղի ունեցածը, սակայն, ցույց տվեց, որ սահմանադրական օրենքների քվեարկության ժամանակ եւ, ընդհանրապես, բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինելու 3/5 կողմ քվեարկությամբ որեւէ որոշում ընդունել, իշխող կոալիցիան կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել. բավական է` ՀՀԿ կամ ՀՅԴ խմբակցությունների 3 պատգամավոր բացակայի:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՀԻՄԱ ԷԼ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ պատրաստած «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Ինչպես հայտնի է` այս տարվա սեպտեմբերի 25-ին Երեւանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրացավ, թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին: ՀԿ-ն էլ դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանին` նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելով նախարարության դեմ` պահանջում է պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը եւ պաստառները ճանաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից: Առայժմ նշանակված չէ այս գործով դատական նիստը: Սակայն հայտնի է դատավորի անունը. այս գործը քննելու է վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:
Այսպիսով` պետք է արձանագրել, որ այս դատավորին բավական լուրջ փորձություն է սպասվում, քանի որ եթե այս կազմակերպության հայցը մերժի, նրանք փորձելու են աղմուկ բարձրացնել ու զոհի դերում հանդես գալ, եթե բավարարի, նշանակում է՝ համասեռամոլության քարոզչության ջատագով է:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄՔԸ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ այցելած պատվիրակության ներկայացուցիչները կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում: Անդրադառնալով ադրբեջանական լոբբի աշխատելուն` Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ հենց այդպես էլ կարող է լինել: Ադրբեջանը ցանկացած այսպիսի քայլի դեպքում ունի արդեն ռեֆլեքսներ: Սեւ ցուցակն այդ ռեֆլեքսներից մեկն է: Անընդհատ այդ մարդկանց մտցնում են սեւ ցուցակներ, որը ցույց է տալիս այդ երկրի իրական պատկերը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան, ապա Արցախ էին այցելել եվրոպական պատվիրակության անդամները:
ՁՄԵՌ ՊԱՊԸ
Ուսանողները շարունակում են անժամկետ հացադուլը: Երեկ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց հանրային քննարկում է իրականացվել, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել ուսանողների առաջ քաշած պայմանների էությունն ու նպատակը: Անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքներին, թե ուսանողներն ուղղորդվում են ինչ-որ այլ կողմնակի ուժերի կողմից, Հանուն գիտության զարգացման անդամները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դրանք անհիմն են որակել: Նախաձեռնության անդամներից Միհրան Միքայելյանը մեր զրույցում ասաց. «Եթե այդպես է, ուրեմն իրենք առաջնորդվում են ռենջերների, Ձմեռ պապիկի կամ նման այլ ուժերի կողմից»: