«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ՀՈԴՎԱԾ 121
Առեւտրի պաշտպանությունը
1. Սույն Համաձայնագրում ոչինչ չի սահմանափակում կամ ազդում հետեւյալ փաստաթղթերին համապատասխան` յուրաքանչյուր Կողմի իրավունքների եւ պարտավորությունների վրա.
ա) ՍԱԳՀ-ի (1994 թվական) XIX հոդված եւ ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված` «Պաշտպանական միջոցների մասին» համաձայնագիր,
բ) ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված` «Գյուղատնտեսության մասին» համաձայնագրի` հատուկ պաշտպանական միջոցների վերաբերյալ 5-րդ հոդված, եւ
գ) ՍԱԳՀ-ի (1994 թվական) VI հոդված, ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված` «1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի VI հոդվածի իրականացման մասին» համաձայնագիր եւ ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված` «Սուբսիդիաների եւ փոխհատուցման միջոցների մասին» համաձայնագիր:
2. 1-ին պարբերության մեջ նշված` գործող իրավունքների եւ պարտավորությունների ու դրանցից բխող միջոցառումների նկատմամբ չեն կիրառվում սույն Համաձայնագրի` վեճերի լուծման մասին դրույթները:
ՀՈԴՎԱԾ 122
Բացառություններ
1. Կողմերը հաստատում են, որ ՍԱԳՀ-ի (1994 թվական) XX հոդվածով, այդ թվում դրա բացատրական ծանոթագրություններով իրենց վերապահված իրավունքները եւ պարտավորությունները կիրառվում են սույն Համաձայնագրով նախատեսված ապրանքների առեւտրի նկատմամբ: Այդ նպատակով ՍԱԳՀ-ի (1994 թվական) XX հոդվածը, այդ թվում` դրա բացատրական ծանոթագրությունները ներառվել են սույն Համաձայնագրում եւ mutatis mutandis կազմում են դրա անբաժանելի մասը:
2. Կողմերը գիտակցում են, որ ՍԱԳՀ-ի (1994 թվական) XX հոդվածի «թ» եւ «ժ» ենթապարբերություններով նախատեսված որեւէ միջոց ձեռնարկելուց առաջ այն Կողմը, որը մտադիր է միջոցներ ձեռնարկել, մյուս Կողմին տրամադրում է ամբողջ համապատասխան տեղեկությունները` Կողմերի համար ընդունելի լուծում գտնելու նպատակով: Կողմերը կարող են համաձայնության գալ տարաձայնություններին վերջ դնելու համար անհրաժեշտ ցանկացած միջոցի շուրջ: Եթե այդ տեղեկությունները տրամադրելուց հետո 30 օրվա ընթացքում ձեռք չի բերվում համաձայնություն, ապա Կողմը կարող է տվյալ ապրանքի նկատմամբ կիրառել սույն հոդվածով սահմանված միջոցները: Եթե անհապաղ գործողություններ պահանջող բացառիկ եւ ծայրահեղ հանգամանքները անհնար են դարձնում նախնական տեղեկությունների տրամադրումը կամ ուսումնասիրության կատարումը, ապա միջոցներ ձեռնարկելու մտադրություն ունեցող Կողմը կարող է անմիջապես կիրառել այնպիսի նախազգուշական միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրավիճակը կարգավորելու համար, ու դրա մասին անմիջապես տեղեկացնում է մյուս Կողմին:
ԳԼՈՒԽ 2
ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏ
ՀՈԴՎԱԾ 123
Մաքսային համագործակցությունը
1. Կողմերն ամրապնդում են մաքսային ոլորտում համագործակցությունը` առեւտուրը խթանելու, առեւտրի թափանցիկ միջավայր ապահովելու, մատակարարման շղթայի անվտանգության մակարդակը բարձրացնելու, սպառողների անվտանգությունն ապահովելու, մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքների հոսքը կանխելու, ինչպես նաեւ մաքսանենգության եւ խարդախության դեմ պայքարելու նպատակով:
2. 1-ին պարբերության մեջ նշված խնդիրներն իրագործելու նպատակով եւ հասանելի ռեսուրսների սահմաններում Կողմերը մասնավորապես համագործակցում են`
ա) մաքսային օրենսդրությունը, կանոնակարգերը, գործելակերպը եւ դրա հետ կապված պարտադիր ուժ ունեցող որոշումները բարելավելու եւ մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով մաքսային եւ առեւտրի դյուրացման ոլորտում կիրառվող, այդ թվում` Առեւտրի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից մշակված միջազգային կոնվենցիաներին ու ստանդարտներին, մասնավորապես «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիային (Վերանայված Կիոտոյի կոնվենցիային) համապատասխան, եւ հաշվի առնելով Եվրոպական միության կողմից մշակված գործիքները եւ լավագույն գործելակերպերը, այդ թվում` մաքսային հայեցակարգերը.
բ) արդիական մաքսային համակարգեր, այդ թվում` մաքսազերծման տեխնոլոգիաներ, լիազորված տնտեսական օպերատորների վերաբերյալ դրույթներ, ռիսկի վրա հիմնված վերլուծությունների եւ հսկողության ավտոմատացված համակարգեր, ապրանքների բացթողման պարզեցված ընթացակարգեր, հետմաքսային հսկողության համակարգեր, մաքսային արժեքի որոշման թափանցիկ համակարգ, ինչպես նաեւ մաքսային եւ գործարար ոլորտների միջեւ գործընկերության մասին դրույթներ ներդնելու նպատակով.
գ) մաքսային ոլորտում, մասնավորապես սահմանին բարեվարքության բարձր չափանիշների կիրառումը խրախուսելու նպատակով 2003 թվականի հունիսին վերանայված Մաքսային ոլորտում արդյունավետ կառավարման եւ բարեվարքության վերաբերյալ Մաքսային համագործակցության խորհրդի հռչակագրում (Վերանայված Արուշայի հռչակագիր) ամրագրված սկզբունքներն արտացոլող միջոցների կիրառմամբ.
դ) լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաեւ վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու եւ տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով պլանավորման ու կարողությունների զարգացման, ինչպես նաեւ բարեվարքության բարձր չափանիշներ ապահովելու համար.
ե) անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղեկություններ եւ տվյալներ փոխանակելու նպատակով` պահպանելով հատուկ կատեգորիայի տվյալների գաղտնիության եւ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ յուրաքանչյուր Կողմի իրավական պահանջները.
զ) անհրաժեշտ եւ նպատակահարմար լինելու դեպքում Կողմերի մաքսային մարմինների կողմից իրականացվող համակարգված մաքսային գործողություններին մասնակցելու նպատակով:
Շարունակելի…
ՊԱՏՎԱՍՏՎՈՂ ՉԿԱ, ԴԺԳՈՀՈՂ ԷԼ ՉԿԱ
Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարության որոշմամբ` այս տարվա դեկտեմբերից իրականացվում են մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումներ: Այն կավարտվի 2018 թվականի առաջին կիսամյակում: Գարդասիլ պատվաստանյութով պապիլոմայի դեմ պատվաստման շուրջ ծավալված քննարկումները այդպես էլ չեն դադարում: Անգամ կարծիքներ են շրջանառվում, որ այս պատվաստանյութից կողմնակի ազդեցությունները շատ են, ընդհուպ մինչեւ հաշմանդամություն, եւ անպտղություն կարող է առաջանալ:
Նշենք, որ պատվաստումը իրականացվում է 13 տարեկան աղջիկների շրջանում` 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիսը մեկ, որը համահունչ է առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման հետ: Նախատեսվում է պատվաստել 16 հազար 13 տարեկան աղջիկների:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե գյուղերում պատվաստանյութի նկատմամբ վերաբերմունքն ինչպես է: Արդյունքում պարզվեց` Հայաստանում կան գյուղեր, որտեղ 13 տարեկան ոչ մի աղջիկ չկա: Նման բնակավայրերից է ՀՀ Արագածոտնի մարզի մոտ 90 բնակիչ ունեցող Տեղեր գյուղը: Գյուղապետ Գառնիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում 13 տարեկան աղջիկ չկա, որպեսզի պատվաստվի պապիլոմա վիրուսային վարակի դեմ: «Գյուղում երեխա չունենք: Միայն ամռան ամիսներին ով բարեկամ երեխա ունի, գալիս է, հանգստանում է: Մեր գյուղում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ մանկապարտեզ, երեխան ինչ անի այստեղ»,- սրտնեղեց գյուղապետը: Նա միաժամանակ նշեց, որ գյուղի բնակիչները դրական են տրամադրված պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստմանը:
Նույն մարզի մոտ 160 բնակիչ ունեցող Արեւուտ գյուղում եւս 13 տարեկան աղջիկներ չկան: Գյուղապետ Ֆայզո Ամոյանի խոսքերով` գյուղն ունի 14 աշակերտ, որոնց մեջ 13 տարեկան աղջիկ չկա: Իսկ ահա ՀՀ Շիրակի մարզի Թորոս գյուղի գյուղապետ Արտուշ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ իրենց գյուղում բնակվող 13 տարեկան աղջիկների ծնողները դեռեւս իրենց մտահոգությունները չեն հայտնել պապիլոմա վիրուսային վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ: «Ճիշտն ասած` մեր գյուղում աղմուկ չկա այդ մասով: Դե, պետական միջոցառում է, ինչ պետք է անենք: Աղջիկների ծնողների մոտ ընդգծված որեւէ անհանգստություն կամ դժգոհություն չկա: Պատվաստվողներ գյուղում դեռեւս չկան, բայց եւ պատվաստման դեմ ըմբոստացողներ նույնպես չկան»,- նկատեց գյուղապետը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ԶՈՀ
Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փակուղու 18 շենքի 3-րդ բնակարանում կենցաղային հեղուկ գազի բալոնի արտահոսքի հետեւանքով պայթյուն էր հնչել: Պայթյունի արդյունքում հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով 1957թ. ծնված Լիպարիտ Թամրազյանը եւ նրա դուստրը՝ 1981թ. ծնված Արմինե Թամրազյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին սկզբում Դիլիջանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւանի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պայթյունը հնչել է սենյակի լույսը վառելուց հետո: Այսինքն` գազի արտահոսքի արդյունքում սենյակը լցված է եղել գազով, եւ երբ Արմինե Թամրազյանը տուն է վերադարձել ու վառել լույսը, պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ բռնկվել, հայրը շտապել է աղջկան օգնելու, արդյունքում ինքն էլ է այրվածքներ ստացել: Ցավոք սրտի, բժիշկներին այդպես էլ չի հաջողվել նրանց կյանքը փրկել, եւ նախօրեին Հաղարծին գյուղում տեղի ունեցավ Լ. Թամրազյանի եւ նրա դստեր հուղարկավորությունը: Հաղարծնի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի մեծ մասը, մոտ 90 տոկոսը գազաֆիկացված է, սակայն զոհվածների բնակարանը գազաֆիկացված չի եղել, նրանք հեղուկ գազ են օգտագործել:
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ ԵՆ
Այս տարվա օգոստոսի 5-ին Իջեւանում արտառոց դեպք էր արձանագրվել. 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը դանակահարել էր իր 29-ամյա եղբորը՝ Ազատ Ջուլհակյանին: Աշոտ եւ Ազատ Ջուլհակյանները, ինչպես նաեւ վերջինիս կինը ցուցմունքները տվել են ընթերականների ներկայությամբ, քանի որ պարզվել է, որ նրանք գրաճանաչ չեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եղբայրների վիճաբանությունը եւ դրան հետեւած դանակահարությունը տեղի է ունեցել ինչ-որ աղջկա պատճառով: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ դանակահարության հետեւանքով Ազատ Ջուլհակյանը ստացել է առողջությունը չքայքայող վնաս: Փաստորեն, մի քանի ամիս շարունակ եղբայրներին համոզել են, որպեսզի նրանք հաշտվեն, եւ Ազատ Ջուլհակյանը ետ վերցնի եղբոր դեմ ներկայացված հաղորդումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հարազատներին, ի վերջո, հաջողվել է եղբայրներին հաշտեցնել եւ քրեական գործը, որպես մասնավոր գանգատ, կարճվել է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ