«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ փորձեց ամփոփել անցնող տարին:
-Պարո՛ն Մինասյան, արդեն մի քանի տարի է՝ ոչ միայն բնապահպանները, այլեւ Արմավիր եւ Արարատ մարզերի հարյուրավոր գյուղացիներ ահազանգում են Արարատյան դաշտավայրի անապատացման վտանգի մասին, քանի որ արտեզյան ջրերի անխնա օգտագործման արդյունքում դրանց մակարդակն իջել է: Ի՞նչ եք արել` այս իրավիճակը շտկելու համար: Ի՞նչ է արվում` արտեզյան ջրերի մակարդակը վերականգնելու համար։
-Նախ` որպես բնական ռեսուրս արտեզյան ջրավազային համակարգը ինքը վերականգման որոշակի պոտենցիալ ունի, եւ ինչպես կանոնն է թելադրում` այն չպետք է ավելին օգտագործվի, քան իր վերականգնման ծավալն է: Արտեզյան ավազանի վերջին ուսումնասիրությունները 80-ականներին են եղել, եւ ֆիքսվել է, որ վերականգնվող ծավալը տարեկան 1.1 մլրդ խ/մ է: Այս պահի դրությամբ գնահատվում է, որ այն գերշահագործվում է: Նախորդ տարվա սեպտեմբերի դրությամբ շուրջ 1.670 մլրդ խ/մ էր: Մեր վերջին ուսումնասիրությամբ պարզվել է, որ էականորեն նվազել է` շուրջ 140 մլն խ/մ: Հարցն այն է, որ ձկնաբուծական տնտեսությունները այս օգտագործման մեջ ամենամեծ կշիռն են կազմում: Նրանց նկատմամբ քաղաքականությունը պետք է լինի խիստ կտրուկ` արգելելով որեւէ ձկնաբուծական տնտեսության գործունեությունը կամ սահմանելով խաղի կանոններ, որոնք պետք է բերեն մի կողմից ջրերի արդյունավետ օգտագործման, մյուս կողմից` ձկնաբուծական տնտեսությունների համար վստահելի ապագայի գործունեության: Ես` որպես բնապահպանության նախարար, հակված եմ երկրորդ տարբերակին: Առաջին հերթին ձկնաբուծական ջրերը պետք է օգտագործվեն երկրորդական նշանակության համար եւս, ինչպիսին ոռոգման համակարգերն են: Դրա համար 2018 թվականին հատուկ ուսումնասիրություն է նախատեսված, թե որքանով կարող են այդ ջրերը օգտագործվել նաեւ ոռոգման ինքնահոս համակարգերը սնուցելու համար: Անշուշտ, ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործված ջուրը պետք է ստորադասվի խմելու կենցաղային նպատակով օգտագործվող ջրօգտագործումից:
-Հինգ-վեց տարի առաջ Արարատյան դաշտավայրում ապրող գյուղացին խմելու ջրի համար չի վճարել։ Ինչո՞ւ է հիմա գյուղացին վճարում խմելու ջրի համար։
-Սա բնապահպանության նախարարության ենթակայության իրավասության հարց չէ, բայց այն օգտագործելով` կուզեի ընդհանրապես անդրադառնալ ջրերի` որպես ռեսուրսի օգտագործման դիմաց վճարի համակարգին: Այսօր շուրջ 90 տոկոս ջրերի օգտագործման դեպքում պետությունը ոչինչ չի ստանում: Խմելու ջրի օգտագործման դիմաց պետության գումարը` որպես բնօգտագործման վճար, քիչ է, իսկ առանձին դեպքերում զրոյական է: Իսկ ոռոգման համար պետությունը առհասարակ որեւէ գումար չի ստանում: Բայց մենք այսօր ունենք 500-ից ավելի համայնքներ, որոնք ունեն սեփական խորքային հորերը, եւ իրենք են սպասարկում: Այստեղ հարց է առաջանում` ի՞նչ միջոցներով են իրենք սպասարկում խորքային հորերը: Ջրամատակարարման համակարգի համար որոշակի ծախս է անհրաժեշտ: Իսկ այդ ծախսը որտեղից պետք է վերցվի. կա՛մ պետք է համայնքը գեներացնի այնպիսի եկամուտներ, որպեսզի ներդնի եւ քաղաքացուն անվճար ջուր մատակարարի, կա՛մ քաղաքացուց այդ մատակարարման դիմաց որոշակի գանձումներ պետք է իրականացվի: Այնուամենայնիվ, որեւէ տեղից պետք է ֆինանսավորվի: Հակառակ դեպքում` կունենանք ջրի որակի անկում, մատակարարման սխեմայի խաթարում:
-Հայաստանում գունավոր մետաղի հանքերը կարելի է ասել, ամենուր են: Ըստ Ձեզ` արդարացված է ընդերքի` նման անխնա շահագործումը՝ հանուն այսօրեական շահույթի:
-Եթե այդպես եք հարցադրումը ձեւակերպում, իհարկե ոչ, արդարացված չէ: Ավելին` մեզ համար չափազանց լուրջ մարտահրավեր են այսօր ընդերքի շահագործման խնդիրները: Պատահական չէ, որ օրենսդրական մեծածավալ փոփոխություններ ենք իրականացրել, որպեսզի չափավորենք ընդերքի շահագործումը, ընդերքի շահագործողներին դարձնենք պատասխանատու, հաշվետու եւ, ի վերջո, ապագա սերունդների առջեւ ամբողջ պատասխանատվության գիտակցումով: Հիմա մեր կարեւոր անելիքներից մեկը ռեկուլտիվացիոն ամբողջական համակարգի ներդրումն է, թափոնների կառավարման նոր մոտեցումների կիրառումը: Ասել, որ միայն նեղ խմբային եւ փոքր շահերն են հետապնդել, որ այս մասշտաբի ընդերքօգտագործում ունենք, չեմ համարում ճիշտ, որովհետեւ նաեւ դրա օբյեկտիվ պատճառներն էլ կան: Գտնվելով սոցիալտնտեսական ծանր պայմաններում` այնուամենայնիվ, գտնվել է մի ուղղություն, որը կարողացել է որոշակի տնտեսական շահ ապահովել: Բայց եկել է ժամանակը, երբ մենք կարողանանք առանձին դեպքում ասել` ոչ, իսկ առանձին դեպքում ասել, որ պետք է վերանայվի ընդերքշահագործման խաղի կանոնները:
-Պարո’ն Մինասյան, Սեւանի ափամերձ տարածքների մաքրման խնդիրը մնում է արդիական բոլոր ժամանակներում: Հնարավոր չէ՞ կազմակերպել աշխատանքը այնպես, որ կանոնակարգվի ափամերձ տարածքների` ժամանակին մաքրումը:
-Այստեղ էլ կան լուրջ անելիքներ, ընդունում եմ այդ մոտեցումը: Եւ շատ ավելի կարեւոր է ենթակառուցվածքների` ժամանակին ապամոնտաժումը կամ տեղափոխումը, ինչը նաեւ որոշակի լուրջ ֆինանսական հետեւանք է իրենից ենթադրում: Օրինակ` ճանապարհի տեղափոխում կամ այլ ենթակառուցվածքի ապամոնտաժում: Ուզում եմ կես կատակ նաեւ արձանագրել, անկախ նրանից` ով ինչպես է մտածում. Սեւանի ափամերձ հատվածում ջուրը չի ճանաչում որեւէ անձի: Այն բարձրանում է իր կանոնին համապատասխան:
-Բացի այդ` Սեւանա լիճ տանող ճանապարհին տարագույն կրպակներ են՝ տուրիստի աչքին ոչ հաճո: Ի՞նչ է անում այս ուղղությամբ նախարարությունը՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ, որպեսզի անճոռնի տեսարանները վերանան:
-Մենք անցած տարի «Մաքուր Հայաստան»-ի ծրագրի շրջանակներում ոչ միայն աղբահանության, այլեւ կրպակների տեղափոխման մեծամասշտաբ գործողություններ ենք իրականացրել. շուրջ 170 նմանատիպ ժամանակավոր տաղավարներ տեղափոխվել են, հեռացվել են: Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, բայց դեռեւս արդյունքները գոհացուցիչ չեն: Սա պետք է փաստել, որովհետեւ տարիների ընթացքում ձեւավորված այդ վիճակը մեկ անգամից հնարավոր չէ մաքրել:
-Երբ Դուք նշանակվեցիք բնապահպանության նախարար, նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ու իր թիմը ագրեսիվ արձագանքեցին, ու մինչ օրս խոսվում է, որ լարված են Ձեր հարաբերությունները: Ի՞նչ խնդիր ուներ դաշնակցության խմբակցության նախկին անդամը Ձեզ հետ:
-Ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, համենայնդեպս իմ կողմից չկա: Ես բնապահպանության ոլորտում նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլորին, իսկապես, ամենադրական մոտեցումներով եմ վերաբերվում: Եւ երբեք որեւէ մեկի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, առավել եւս մարդկանց, ում հետ ես ճանապարհ եմ անցել խորհրդարանում, գործադիր իշխանությունում: Չգիտեմ` այլ մարդիկ կամ ընդդիմախոսները ինչ կասեն, այնուամենայնիվ, ես հակված եմ մտածելու, որ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը բոլորիս պարտականությունն է, առավել եւս այն մարդու, ով երբեւէ զբաղեցրել է կամ զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը: Ես նաեւ այն մարդն եմ, ում առաջին հրամաններից մեկը եղել է մեր գործընկերոջը ոսկե մեդալով պարգեւատրելը:
-Դուք ինքներդ Հայաստանում բնապահպանական ո՞ր խնդիրը կառանձնացնեք, ո՞րն է այն հարցը, որը, ըստ Ձեզ, օր առաջ լուծում է պահանջում:
-Ես կարծում եմ, որ առաջինը էկոմշակույթի ձեւավորումն է: Մեկ օրինակ բերեմ. եթե մեզ հաջողվի մեծահարուստին ցույց տալ, հիմնավորել` ոչ թե որս անելով կամ ծառ կտրելով դու կարող ես քո բարեկեցությունը բարելավել, այլ այն պահպանելով եւ ունենալով ընկալելի բնության կանոներին համապատասխան շրջակա միջավայր, ապա քո հարստությունը շատ ավելի կբազմապատկվի: Այդ ժամանակ համոզված եմ, որ ինքը կգա այս դաշտ: Եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մենք ունենք արձագանք մասնավոր սեկտորից: Առաջին անգամ այս տարի մենք պետք է արձանագրենք, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը առաջարկում է հատուկ պահպանվող տարածք ստեղծել, եւ ինքն էլ պարտավորվում է կառավարել այն, պահպանել շրջակա միջավայրը` արգելելով որսը:
-Պարո՛ն Մինասյան, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն էր տարին Ձեզ, Ձեր ղեկավարած նախարարության համար։
-Դժվարին… Դուք հիշում եք, որ 2017 թվականը, հատկապես հրդեհների տեսակետից ամենախոշոր մարտահրավերն էր եւ դաս առնելու առումով շատ լուրջ ժամանկահատված էր: Մենք հիմա հետեւություն անելով հանդերձ` լայնամասշտաբ փոփոխություններ ենք իրականացրել այս ուղղությամբ եւ սպասում ենք, որ 2018 թվականին նաեւ նյութականացված տեսքով ունենանք սկսած մեր հատուկ պահպանվող եւ անտառային տարածքների հակահրդեհային միջոցառումների նոր համակարգից, ավարտված տեխնիկական սարքավորումների հագեցվածությամբ, որպեսզի ավելի պատրաստ լինենք նման հնարավոր երեւույթների դեմն առնելուն: Ես կուզենայի, որ 2017 թվականի դժվարությունները այլեւս չլինեն 2018 թվականին: Մեր նախարարությունում կադրային քաղաքականության տեսակետից նոր մոտեցումներ ենք որդեգրել, եւ հույս ունեմ, որ 2018 թվականին կլինի նաեւ նախարարության ռեֆորմի տարի: Այդ թվում նաեւ, չասեմ մեծ երազանք, բայց ցանկություններից մեկը նախարարության անվանման եւ գործառույթների վերանայումն է: Իրականում, իմ խորին համոզմամբ, բնապահպանության նախարարություն չէ այս կառույցը, այն հենց շրջակա միջավայրի նախարարություն է եւ պետք է պատասխանատվություն կրի շրջակա միջավայրում տեղի ունեցող բոլոր այն գործողությունների համար, որոնք որ ազդեցություն ունեն շրջակա բնական միջավայրի վրա եւ հետեւողական իր քաղաքականությունը տանի: Կիսատ-պռատ գործառույթներով հնարավոր չէ արդյունք ունենալ: Եւ այն մարդը, ով կգա ինձ փոխարինելու, համոզված լինի, որ նախարարությունը ունի բոլոր հնարավորությունները երկրի շրջակա միջավայրը առավել բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ` կառավարության եւ մեր մյուս բոլոր գործընկերների հետ միասին:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ