Թռչնաբույծների միության նախագահ. «Տեղական արտադրության 7% աճ ենք նախատեսել». «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «800–900 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը կբարձրանան, որը տեղի է ունենում Հայաստանի՝ ԵԱՏՄ–ին անդամակցելու արդյունքում:

Տարբեր չափերով կբարձրանան, օրինակ, ներկրվող և ամենօրյա սնունդ հանդիսացող թռչնամսի, ձվի և այլ ապրանքների դրույքաչափերը:

Ներկրվող թռչնամսի դեպքում դրույքաչափը 4%–ով կավելանա: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, սակայն, «Փաստ»–ի հետ զրույցում վստահեցրեց, որ դրույքաչափի ավելացումը շուկայում թռչնամսի գնի բարձրացման չի հանգեցնի: Գնաճից խուսափելու ելքը գտել են: Ներկրումների քանակը կրճատելու նպատակով տեղական արտադրության ծավալներն են ավելացրել:

«Այսօր բավականին մեծ քանակով պահեստավորած թռչնամիս ունենք, գումարած դրան, մենք տեղական թռչնամսի արտադրության 7% աճ ենք նախատեսել՝ ելնելով նրանից, որ ներկրումների դեպքում տոկոսադրույքների բարձրացում է կատարվել»,– պնդեց նա:

Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ Ամանորի շեմին արդեն իսկ թռչնամսի գինը 50 դրամով նվազել է:

«Պահանջարկ կար, բայց արտադրանքի քանակը մեծ էր, և մենք էլ ուզում էինք, որ տեղական արտադրությունն ամրապնդվի, իսկ ներկրումը հնարավորինս նվազի»,– շարունակեց մեր զրուցակիցը:

Ավելին՝ վերջին 5 տարիներին թռչնամսի արտադրությունում եզակի դեպք է գրանցվել. 4,5% աճ են ունեցել:

«Որովհետև այս ոլորտում ներդրումներ եղան, մեր կարողությունները ճիշտ գնահատվեցին, մեր ունեցած կարողությունները արտադրության տակ դրվեցին: Այն շենքերը, սարքավորումները, որոնք դատարկ կանգնած էին, շահագործվեցին»,– փաստեց նա:

Ի տարբերություն նախորդ տարվա վերջին ամիսներին՝ այսօր պահեստավորված ձու շատ կա:

Նոյեմբերին չեն կարողացել նախատեսված արտադրությունը կազմակերպել։ Սա, ըստ Թռչնաբույծների միության նախագահի, իր օբյեկտիվ պատճառաբանությունն ունի. փետրվար–մարտ ամիսներին թռչնագրիպի տարածքային կարանտինի պատճառով չեն կարողացել ածան հավեր ներկրել:

«Հիմա նոր մենք ձվի արտադրության ծավալներ ենք կարողանում ստանալ։ Դեկտեմբերին վառեկների ածը սկսվել է, և այսօր շուկա ենք բաց թողնում 45–50 դրամանոց ձու: Իսկ Ամանորի նախաշեմին էլ, որպեսզի սպառողների կողմից դժգոհություն չլիներ, դիմեցինք ներկրումների, հիմա այդ խնդիրն արդեն չկա»,– ներկայացրեց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ձվի գնի փոփոխություն եղել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ 2–3 դրամ թանկացում:

«Վերջերս գնի փոփոխություն չի եղել, միայն տուփերով ձվի և տնական ձվի գինն է 4 դրամով բարձրացել՝ դառնալով հատը 80–100 դրամ: Մյուս ձվերը խանութներում վաճառվում են 65, 70, 75 դրամով»,– մատնանշեց նա:

Չնայած ձվի արտադրության ծավալների աճին, Ստեփանյանը չի գտնում, որ էժանացում կլինի:

«Չեմ կարծում, որ գնանկում տեղի ունենա, դա սուտ կլինի ասել, որովհետև շուկայում թանկացումներ են՝ օրը մեկը մի ապրանքի գին բարձրացնում է: Ձվի դեպքում, սակայն, պահեստավորված քանակը երկար չես կարող պահել»,- եզրափակեց Թռչնաբույծների միության նախագահը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս