Պատգամավորներն իրենց PR-ի շրջանակներում ելույթներ ունեցան, պաշտոնյաներն էլ սկսեցին պաշտպանվել. լսումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնաճի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իշխանությունների պահվածքից տպավորություն էր, թե իրենք ԱԺ են եկել` ցինիզմի մրցույթի մասնակցելու համար: Այլ կերպ, թերեւս, դժվար է բնութագրել նրանց երեկվա հայտարարությունները, երբ գերմարդկային ջանքեր էին գործադրում` համոզելու համար, թե գնաճը միանգամայն բնականանոն երեւույթ է, եւ այն մեղմելու անհրաժեշտություն չկա:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, օրինակ, լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ 2010-2011թթ. գնաճը 7 տոկոսից բարձր էր, եւ հարցրել է. «Ի՞նչ տեղի ունեցավ, այն ժամանակ մահացա՞ն: Մեր խնդիրը իրականում, այո, մեր ազգաբնակչության սոցիալապես անապահովների եւ սոցիալական խնդիրներ ունեցողների թիրախավորումն է, մենք սովորաբար ունենք բյուջետային գործընթացներ, դրանք դիտարկվում են միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, դիտարկվում են ապագա տարիների նոր բյուջետային շրջանակներում»: Այս տրամաբանությամբ, իհարկե, կարելի է նաեւ հայտարարել, որ 2008-2009թթ Հայաստանում տնտեսությունը 14 տոկոս անկում էր գրանցել, բայց այն ժամանակ էլ մարդ չմահացավ: Պարզվում է` ժողովուրդն ավելի ծանր պահեր էլ է ունեցել, բայց կարողացել է հաղթահարել ստեղծված դժվարությունները: 90-ականներին` արցախյան պատերազմի տարիներին, Հայաստանում տնտեսական, էներգետիկ ճգնաժամ էր, բայց հաղթեցինք, այն էլ հաղթեցինք մեծ թվաքանակով` մոտ երկու անգամ գերազանցող հակառակորդին: Եթե սա է չափանիշը, ապա Հայաստանում կարելի է էլ ավելի ծանրացնել սոցիալ-տնտեսական վիճակը, միգուցե մթության խավարից ծնվի լույսը:

Ավելի ուշ, իհարկե, Արամյանն ԱԺ ամբիոնից սկսեց արդարանալ, թե իրեն սխալ են հասկացել, անգամ բնակչության ներողամտությունը հայցեց. «Եթե ելույթի միայն այդ կտորն ենք նայում, անկեղծ ասած՝ տպավորությունը շատ գռեհիկ է, տպավորություն է ստեղծվում, որ ֆինանսների նախարարը շատ գռեհիկ, մեծամիտ դրսեւորում է ցուցաբերել այն հարցի շուրջ, որը մեզ բոլորիս հետաքրքրում է… Ես ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի, մեծ պատասխանատվությամբ եմ պաշտոնավարում, եւ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն ՀՀ բարեկեցությունն ապահովելուն»,- ասաց նա:

Հաջորդ ուշագրավ հայտարարության հեղինակը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էր. «Կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է, եւ դեռ մայիս-հունիս ամիսներին ԱՀԿ-ի եւ մի քանի այլ հեղինակավոր ինստիտուտների կողմից հրապարակվել է մի քանի զեկույց, որ այն վնասակարությունը, որի մասին խոսվում էր կարագի մասով՝ խոլեստերին եւ այլն, այդքան էլ ճիշտ չի գնահատվել։ Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակը՝ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում, եւ կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը։ Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը եւ պահանջարկը, մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ»:

Գնաճն արդարացնելու ավելի ծիծաղելի փաստարկ, թերեւս, դժվար էր մտածելը. հետաքրքիր է` այս տրամաբանությամբ ինչու չեն թանկացել օգտակար մի շարք այլ ապրանքներ: Նույն սխտորը ժողովրդական բժշկության մեջ համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը, կամ խնձորը, կամ կաղամբը, որոնց գները նույնիսկ նվազել են: Այս տրամաբանությամբ, հետաքրքիր է` ինչո՞ւ նույն ՌԴ-ում, Բելառուսում կամ Ուկրաինայում արտադրված կարագի գներն անփոփոխ մնացին, թե՞ այդ երկրներում չէին կարդացել հեղինակավոր ինստիտուտների զեկույցները կամ չէին հավատացել դրանց:

Եւ վերջապես, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էլ, որպեսզի արդարացնի մսի գնի բարձրացումը, ասել է, թե սա նպաստում է անասնապահության զարգացմանը: «Մեզ մոտ մսի գինը ցածր էր եւ թույլ չէր տալիս անասնապահությունը զարգացնել, եւ եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, անասնապահությամբ զբաղվի, գյուղատնտեսությունը զարգացնի եւ արտադրանք տա, ավելի կողմնակից պետք է լինենք մսի այս գնին, հակառակ դեպքում կունենանք դրսից ներմուծված ապրանքներ»,- հայտարարել է նա: Հուսանք` նախարարը երեկ որոշել էր կատակել` բարձրացնելու համար դահլիճում ներկաների տրամադրությունը, որովհետեւ գյուղացուն գյուղում պահելու նրա առաջարկած տարբերակն ամենեւին էլ տրամաբանական չէ: Ի վերջո, նույն տրամաբանությամբ Հայաստանում կարելի է հանդուրժել գյուղմթերքների գնի բարձրացումն ու ասել, թե այդպես զարգացնում են բուսաբուծությունը: Նույն տրամաբանությամբ կարելի է հանդուրժել նաեւ տեղական այլ արտադրատեսակների գնի բարձրացումն ու ասել, թե իշխանությունները մտածում են տեղական արտադրության զարգացման մասին: Եւ, ընդհանրապես, հավանաբար տնտեսության զարգացման այս տրամաբանության շրջանակներում է, որ իշխանությունները չեն փորձում կանխել գնաճը:

Ի դեպ, երեկվա խորհրդարանական լսումների թեման վերաբերում էր ոչ միայն գնաճի պատճառներին, այլեւ այն մեղմելու հնարավորություններին: Մինչդեռ երեկ այդպես էլ գնաճը մեղմելու հնարավորությունների մասին չեղավ որեւէ խոսք: Պատգամավորներն իրենց PR-ի շրջանակներում ելույթներ ունեցան, պաշտոնյաներն էլ սկսեցին պաշտպանվել, արդարանալ ու արդարացնել թանկացումը, եւ վերջ. լսումները համարվեցին ավարտված:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս